17:46 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Երիտասարդ զույգ

Ուրոլոգի խորհուրդներն անպտղության մասին. առանց կարծրատիպերի և համացանցի

© Sputnik / Асатур Есаянц
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
457 0 0

Տանը մանկական ծիծաղը յուրաքանչյուր ամուսնական զույգի երազանքն է, որն իրագործելու ճանապարհին երբեմն կանգնած է անպտղության խնդիրը։ Ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչ է պետք իմանալ անպտղության մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանում անհրաժեշտ է կիրառել ամուսնական զույգի բժշկական հետազոտություն անցկացնելու մշակույթ, կարծում է ուրոլոգ, «Ֆանարջյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դավիթ Ֆանարջյանը։

Նրա խոսքով` գոյություն ունի կարծրատիպ, որ եթե կինը չի հղիանում, ապա մեղավոր է հենց նա։ Միաժամանակ, այդ խնդիրն արդիական է ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում, ասում է Ֆանարջյանը։

«Գալիս են կին այցելուները փաստաթղթերի կույտով և պատմում, որ երկար տարիներ տասնյակ հետազոտություններ են անցել, իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, բայց չեն հղիանում։ Արդյունքում մի քանի տարի անց տղամարդը նույնպես որոշում է անալիզ հանձնել, և պարզվում է, որ նա խնդիր ունի։ Տղամարդիկ հաճախ են էրեկտիլ դիսֆունկցիան շփոթում վերարտադրողականության հետ։ Դա այդպես չէ»,- Sputnik Արմենիային ասաց Ֆանարջյանը։

Նա նշեց, որ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք պետք է հետազոտվեն, համապատասխանաբար, ուրոլոգի և գինեկոլոգի մոտ։ Ուրոլոգը վիճակագրական տվյալներ ներկայացրեց. ընտանեկան անպտղության դեպքերի 40 տոկոսը պայմանավորված է տղամարդկանց մոտ առկա խնդիրներով, 40 տոկոսը` կանանց, իսկ մնացած 20 տոկոսի դեպքում խնդիրներ կան թե՛ ամուսնու, թե՛ կնոջ մոտ։

Նրա խոսքով, եթե համատեղ կյանքի մեկ տարվա ընթացքում կինը չի հղիանում, ապա այդ զույգի մոտ «անպտղություն» են ախտորոշում։ Վիճակագրությունը վկայում է, որ կանանց 30 տոկոսը հղիանում է սեռական կյանքով ապրելու առաջին երեք ամիսների ընթացքում, 60 տոկոսը` 6-7 ամիսների, մնացածը` մեկ տարվա ընթացքում։ 

«Իսկ եթե մեկ տարի անցել է, և չի հաջողվել հղիանալ, ապա զույգը պետք է հետազոտություն անցնի։ Բացի այդ` ասեմ գլխավորը` պետք է հետազոտվել մինչև ընտանիք կազմելը, որովհետև կան հիվանդություններ, որոնք անհրաժեշտ է վերահսկել մանկուց։ Եթե խոսքը տղաների մասին է, ապա ծնողները պետք է հետևեն իրենց երեխայի զարգացմանը»,- ասաց ուրոլոգը։

Միաժամանակ նա կոչ արեց ինտերնետում չորոնել «օգտակար» հոդվածներ և չզբաղվել ինքնաբուժությամբ։

«Գալիս են հիվանդներ, որոնք պատմում են, թե ինչպես են իրենք իրենց բուժել հակաբիոտիկներով։ Իսկ հակաբիոտիկները հակացուցված են, քանի որ դրանք ազդում են սպերմատոգենեզի վրա։ Առաջին հերթին պետք է հանձնել սերմնահեղուկի անալիզ։ Եթե ցուցանիշները նորմայի մեջ են, ապա հետագայում տղամարդը կարող է չանցնել հետազոտություն։ Իսկ եթե խնդիրներ կան, ապա պետք է ստուգել հորմոնները, սոնոգրաֆիա անել, ստուգել օրգանիզմում ինֆեկցիաների առկայությունը»,- ասաց Ֆանարջյանը։

Մյուս խնդիրը սխալ բուժումն է։ Հաճախ դիմում են զույգեր, որոնց տարբեր ախտորոշումներ են տվել, տարբեր կերպ են բուժել։ Այսինքն` հիվանդը մեծ գումարներ և ժամանակ է ծախսում սխալ բուժման վրա։ Ֆանարջյանը հավելեց, որ ցավալի է, երբ զույգերն իրենց անգին ժամանակը ծախսում են սխալ բուժման վրա, իսկ այդ ընթացքում կարող էին լուծել անպտղության խնդիրը` անցնելով բուժման ճիշտ փուլեր։

Գլխավոր թեմաներ