12:06 22 հունվարի 2017
Ուղիղ եթեր
«Երկրաշարժ» ֆիլմի դերասաններ

«Երկրաշարժի» նկարահանման ամեն օրն ավարտվում էր մեկ րոպե լռությամբ

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Նկարահանման հրապարակում այնպիսի մթնոլորտ էր, որ մարդիկ կարծես տեղափոխվել էին 1988թ., պատմում են դերասանները։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ««Երկրաշարժ» ֆիլմի նկարահանման բոլոր օրերն ավարտվել են մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Սպիտակի ողբերգության զոհերի»,- լրագրողներին ասաց անվանի հայ դերասան Հրանտ Թոխատյանը։

Նրա խոսքով` նկարահանման հրապարակում աշխատելը շատ դժվար էր ոչ միայն հայ դերասանների, այլ նաև այլ ազգերի ներկայացուցիչների համար։

«Ինչպես այդ ժամանակ Լենինականում, այնպես էլ նկարահանման հրապարկում, ամեն օրն ավարտվում էր մեկ րոպե լռությամբ։ Դա ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու համար էր, այլ արարողություն, որն անցկացվում էր ժամը մեկ` ողջ մնացած մարդկանց ձայները լսելու համար», — ասաց Թոխատյանը։

Նրա խոսքով` ֆիլմին կարելի է ոչ միանշանակ վերաբերվել, դա նորմալ է, բոլորը չեն կարող գոհ կամ դժգոհ լինել։ Սակայն դերասանների համար սա կատարվածի մթնոլորտի մեջ ընկղմվելու հնարավորություն էր։

Грант Тохатян
© Sputnik/ Asatur Yesayants
Հրանտ Թոխատյան

«Երբեմն ինձ թվում էր, որ ես գտնվում եմ Լենինականում, երկրաշարժից հետո»,- պատմում է Թոխատյանը։

Նա տխրությամբ է հիշում երկրաշարժը, որի ցավը դեռ չի մեղմվել։

«Սպիտակի երկրաշարժի ցավը չի անցնում։ Չի անցնում այն պատճառով, որ դեռ կան մարդիկ, որոնք գլխավերևում տանիք չունեն, վերապրում են այդ դառնությունն ու մեր կարիքն ունեն», — ասաց Թոխատյանը։

1988թ-ի դեկտեմբերի 8-ին, Կամերային թատրոնի մյուս դերասանների հետ, Թոխատյանը մեկնել է Լենինական։ Այնտեղ մնացել է երեք օր, դրանից հետո ժամանել են պրոֆեսիոնալ փրկարարներ, և սիրողական խմբերը կամաց-կամաց լքել են աղետի գոտին, որպեսզի չխանգարեն նրանց։

Թոխատյանը Լենինական է վերադարձել դեկտեմբերի 29-ին։

«Թատրոնում բավական ուտելիք և հագուստ էր հավաքվել։ Մենք այդ ամենը տարանք Գյումրի։ Այնտեղ, հավանաբար, ինձ բաժին ընկավ կյանքիս ամենաբարդ դերը։ Մենք որոշեցինք, որ երեխաներին Նոր տարի է պետք, նրանց համար տոնը տոն է մնում։ Կանգնեցինք փողոցներից մեկում, դուք չեք պատկերացնի, թե ինչքան երեխա էր հավաքվել։ Ես Ձմեռ պապիկ էի…»,- պատմում է Թոխատյանը։

Նրա խոսքով` երեխաները սկսել են երգել, պարել, բանաստեղծություններ արտասանել։ Ամենածանրը երեխաների ցանկությունը կատարելու պահն էր։ Չէ՞ որ դա է Ձմեռ պապու առաքելությունը։ Իսկ նրանք խնդրում էին վերադարձնել իրենց քույրերին, եղբայրներին, մայրիկներին ու հայրիկներին։

«Կյանքում ավելի ծանր դեր չեմ ունեցել»,- խոստովանեց դերասանը։

Նա գործընկեր Արման Նավասարդյանը հիշեց, որ երկրաշարժի ժամանակ փոքր էր, այդ պահին մանկապարտեզում եղել։

 

«Հիշում եմ, թե ինչպես ցնցվեց մանկապարտեզի շենքը։ Մենք բնազդաբար սողացինք սեղանների տակ։ Հետո մեզ հանեցին այդտեղից և դուրս եկանք փողոց։ Այդ ժամանակ տեսանք շատ ուղղաթիռներ, որոնք տեղափոխում էին վիրավորներին, բերում բժիշկներին»,- ասաց Նավասարդյանը։

Арман Навасардян
© Sputnik/ Asatur Yesayants
Արման Նավասարդյան

Նրա խոսքով` այդ ժամանակ նա երեխա է եղել, չի կարողացել օգնություն ցուցաբերել, ուստի հիմա «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվելը որոշ առումով փոխհատուցում է։

«Ինձ սփոփում է այն միտքը, որ մենք մեր փոքր ավանդն ենք ունեցել այս ֆիլմում։ Այդ ժամանակ ես չէի կարող, բայց հիմա գոնե ինչ-որ բան արել եմ»,- խոստովանեց Նավասարդյանը։

Արմանն ասում է, որ նկարահանման հրապարակում ստեղծվել էին բոլոր պայմանները, որպեսզի դերասանները զգան 1988թ-ի մթնոլորտը։

Ա

Դերասանը տեսարաններից մեկում նույնիսկ չի կարողացել աղջկան դուրս հանել փլատակների տակից (ֆիլմի սցենարով` մահացած)` ծանր զգացմունքների պատճառով։

Իր հերթին, Արմեն Մարգարյանը պատմեց, որ այդ ժամանակ սովորում էր 10-րդ դասարանում։ Նրանք դպրոցի առջև են եղել և տեսել են, թե հսկայական ծառն ինչպես է ճոճվում, իսկ տակի անձրևաջուրը դուրս է թափվում ջրավազանից։

Армен Маргарян
© Sputnik/ Asatur Yesayants
Արմեն Մարգարյան

Նա ընկերների հետ մեկնել է Էրեբունի հիվանդանոց` օգնություն ցուցաբերելու։ Մի քանի վիրահատություններ տեսելուց հետո (մասնավորապես, անդամահատում), Արմանը վերջնականապես հրաժարվել է բժիշկ դառնալու իր երազանքից։

«Դրա համար հզոր կամքի ուժ է պետք», — ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով` «Երկրաշարժ» ֆիլմն, իր գեղարվեստական արժեքից բացի, կարևոր կինոնկար է, որն ապագա սերունդներին կհիշեցնի, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ։

«Գյումրիում մինչև հիմա ապրում են այն մարդիկ, որոնց մենք փորձել ենք խաղալ», — նշեց Մարգարյանը։

Երիտասարդ դերասանուհի Տաթև Հովակիմյանի խոսքով` նա սեփական աչքերով չի տեսել երկրաշարժը, ուստի նրա համար դժվար է գիտակցել և զգալ այդ ամենը։

«Չգիտեմ, թե որքանով է դա ստացվել, սակայն մթնոլորտն այնպիսին էր, որ ես իսկապես ինձ փլատակների տակ էի զգում։ Հիշում եմ լռությունը, որը տիրում էր նկարահանման հրապարակում, թեև այնտեղ 200 մարդ կար։ Ես զգացի մարդու մենակությունը, որը շենքի փլատակների տակ պայքարում է մահվան դեմ»,- խոստովանեց Հովակիմյանը։

 

Գլխավոր թեմաներ