06:49 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Գևորգ Մանուկյան

Ապրիլյան պատերազմի հերոս Գևորգն իրեն հերոս չի համարում

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
19040

Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ծնված, մեծացած Գևորգ Մանուկյանին Հայաստանում ու Արցախում ավելի շատ ճանաչում են որպես թշնամու ուղղաթիռը խոցած հերոսի: Ինքը՝ Գևորգը, խոստովանում է, որ հերոսանալուց հետո էլ մնացել է նույն հասարակ տղան:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, խախտելով օդային սահմանը, ադրբեջանական ուղղաթիռը սկսել էր հրթիռակոծել հայկական դիրքերը: Շարքային զինծառայող Գեւորգ Մանուկյանը, նկատելով ուղղաթիռը, վայրկյանների ընթացքում մարտական պատրաստության էր բերել հակաօդային պաշտպանության «Իգլա» համակարգը և շուրջ երեք կիլոմետր հեռավորությունից խոցել թշնամու ուղղաթիռը:

Այս հերոսական արարքով Գևորգը փրկել է իր և ծառայակից ընկերների կյանքը: Իսկ այն տղաները, որոնց կյանքն ապրիլյան պատերազմի օրերին փրկել չհաջողվեց, այսօր էլ ապրում են Գևորգի հուշերում:

«Այնպիսի պահեր, այնպիսի օրեր, որ մենք ենք այնտեղ անցկացրել, տարիներ են պետք, որ մոռացվի, անգամ կասեի՝ չի էլ մոռացվի: Քանի որ, երբ կորցնում ես հարազատ ընկերոջ, զինակցի և կանգնում ես կյանքի ու մահվան միջև, նման պահերը երբեք հնարավոր չէ մոռանալ»,- ասում է Գևորգ Մանուկյանը:

2016թ-ի հուլիսին զորացրվելուց հետո Գևորգն այսօր շարունակում է ուսումը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, ուսմանը զուգահեռ նաև աշխատում է ՀՀ ՊՆ-ում:

Պատերազմի ողջ դաժանությունը վերապրած 20-ամյա երիտասարդն անգամ ծառայությունն ավարտելուց հետո չի վարանել զինվորական դառնալու առաջարկն ընդունելիս:

«Եթե նույնիսկ ես քաղաքացիական կյանքում չշարունակեի ծառայությունը, չի նշանակում, թե պատերազմի վերսկսման դեպքում նորից չէի գնալու այնտեղ: Այսպես թե այնպես միշտ գնալու էի, իսկ հիմա գնալու եմ որպես զինվորական»,- ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Արիության» և Պաշտպանության բանակի կողմից «Մարտական Խաչ» Երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Գևորգը, որի սխրանքի մասին գիտե յուրաքանչյուր հայաստանցի ու արցախցի, համեստորեն ասում է, որ իր հերոսությունն իր կյանքում շատ բան չի փոխել:

«Հետաքրքրությունը, բնականաբար, մեծացել է, բայց այնպես չէ, որ ես այդ հերոսի կերպարով եմ ապրում: Ես ապրում եմ այն նույն Գևորգի կերպարով, որը եղել եմ հերոսանալուց կամ ծառայությունից առաջ»,- ասում է նա:

Պատերազմը շատ բան է փոխում մարդկանց կյանքում, Գևորգն էլ վերադարձել է հասունացած ու իմաստացած, բայց, ինչպես ինքն է ասում, այսօր դարձյալ նույն հասարակ տղան է՝ հոռոմցի Գևորգ Մանուկյանը:

Русская версия

© Sputnik. Արամ Ներսեսյան, Նելլի Դանիելյան
Ապրիլյան պատերազմի հերոսը վստահեցնում է, որ հերոսի կերպարով չի ապրում ու մնացել է նույն Գևորգը

Գլխավոր թեմաներ