Արմենուհի Մխոյան, Sputnik.
Գյումրիի «Բարեկամության այգի» 234/230 հասցեում, բացի Գայանե Ենոքյանից, ուրիշ ոք գրանցված չէ, բայց նա իրեն միայնակ չի զգում. 6 մետրանոց տնակում ապրում է 2 շան ու 7 կատվի հետ: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին մնացել է Լենինականի Կարի գործարանի փլատակների տակ, որտեղից տեղափոխել են Երևան՝ բուժման: Լենինական վերադառնալով` մայրը բնակության համար տնակ է ստացել։ Նրանց շենքը չի փլվել, այլ վթարային լինելու պատճառով վերջին հարկերը հանել են, որտեղ և եղել է նրանց բնակարանը:
Մոր մահից հետո Գայանեն մնացել է մենակ: Տարրական պայմաններից զուրկ ժամանակավոր կացարանը կնոջ համար արդեն 29 տարի է` մշտական բնակության վայր է հանդիսանում:
Կինը թեև տնակում է բնակվում, բայց չգիտի՝ երբ է բնակարան ստանալու կամ արդյոք պետության կողմից շահառու ճանաչվելու է, թե ոչ: Բնակարանի հետ կապված հարցերի պատասխանները չգիտի, փոխարենը գիտի, որ առանց կենդանիների ապրել չի կարող։
Գայանեն իր կենդանիներին ինքնատիպ անուններով է կոչել, վստահեցնում է` բոլորն իրենց անվան տեր են:
«Շներին Բոբի ու Քոթքոտ եմ կոչել: Կատուներից այս մեկը «Խոզ» բնավորություն ունի, «Կարենը» ուտում է, երբ ուզում է, «Կյաժը» սիրում է էգ կատուներին ծեծել»,- պատմում է կինը, իսկ այդ ընթացքում 7 կատուներից 4-ը թավալ են գալիս տիրուհու անկողնում:
Կնոջ միակ եկամուտը նպաստն է, ժամանակին աշխատել է, բայց հիմա՝ ոչ: Անկեղծանում է՝ հարևաններն են երբեմն օգնում կատուների սննդի հարցում:
«Ես կենդանի սիրում եմ: Համ էլ տնակում մկների ու առնետների դեմ այսպես եմ պայքարում»,- ասում է նա:
Նրան չի հետաքրքրում, թե հարևաններն ինչպես են դիմանում շների հաչոցին ու համատարած գարշահոտությանը։
«Ես եմ պահում, հարևանների ի՞նչ գործն է: Խելոք կատուներ են»,- ասում է նա։
Հետո տեսնելով, որ ինձ ուղեկցող «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» աշխատակիցները արագ լքում են տնակը` արդարանում է. «Երևի տհաճ հոտից փախան: Չեմ հասցրել դեռ մաքրել: Կատուներն էլ ողջ գիշեր տնակում են եղել»։
Հետաքրրքվում եմ՝ եթե բնակարան ստանա, ի՞նչ է անելու կենդանիներին:
«Բաց կթողնեմ»,-փորձում է համոզել նա:
Գայանեի տնակային պայմանները շատերի համար անհավանական կթվա՝ արդեն 29 տարի ապրում է առանց ջրի ու զուգարանի, բայց կատուների ու շների ընկերակցությամբ։ Փաստացի անօթևան կինն անօթևանի կարգավիճակ չունի։ Վստահեցնում է` տարիների ընթացքում գումարի կամ վկայագրի տեսքով ոչ մի փոխհատուցում չի ստացել պետությունից: Ասում է`փաստաթղթերը ժամանակացույցից ուշ է ներկայացրել, այդ պատճառով էլ պետությունը նրան կացարան տրամադրելու պարտավորություն չունի։ Ասել է թե` բնակարան ստանալու հավանականությունը զրո է, եթե միայն բարի մարդիկ չխղճան: Բնակարանի հարցը կլուծվի, թե ոչ, հայտնի չէ, իսկ մինչև այդ հարակից տնակներում ապրող հարևանները ստիպված են դիմանալ աննկարագրելի գարշահոտությանը, շան հաչոցներին ու կատուների մլավոցներին։