ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Ապրիլի 25-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը։ Առաջին թռիչքը նախատեսած է իրականացնել Գյումրի-Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը։
«Թռիչքը կատարվելու է Boeing 737-500 մակնիշի ինքնաթիռով, որը համապատասխանում է ավիացիայի վարչության կողմից սահմանված բոլոր տեխնիկական պահանջներին։ Ինքնաթիռը կրելու է սիրված դերասան Մհեր Մկրտչյանի անունը»,-ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` ավիաընկերությունը 3 ինքնաթիռ ունի, այս պահին դրանք տեխնիկական սպասարկման համար գտնվում են Հորդանանում։
Գյումրի-Կրասնոդար ուղղության մեկ տոմսի գինը 75 եվրոյին համարժեք դրամ է, իսկ Կրասնոդար-Գյումրի ուղղությունը՝ 60 եվրոյին համարժեք:
Ի դեպ, գնի մեջ ներառված են բոլոր տուրքերը, 7 կգ ձեռքի բեռը, ինչպես նաև 25 կգ անվճար ուղեբեռ։
«Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրենի խոսքով` հետագայում կավելանան թռիչքային ուղղությունները. նախատեսվում է թռիչքներ իրականացնել Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի ուղղություններով։