07:26 26 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Դավթաշենում կտրված ծառերը

Վանդալիզմ կամ սանիտարական հատում. Երևանում տասնյակ ծառեր են կտրել

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
15612

Երևանի ծայրամասերից մեկում տասնյակ ծառեր են կտրել։ Այս փաստը բուռն քննարկումների թեմա է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Նախօրեին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տասնյակ ծառեր են հատվել։ Այս փաստին արդեն անդրադարձել են լրատվամիջոցներն ու Երևանի քաղաքապետը։

Տեղի բնակիչները կարծում են, որ դա արվել է «գեղեցկության համար»։ Sputnik Արմենիայի թղթակիցները փորձել են պարզել` ում էր պետք այդ հատումը։

Բնակիչներ

Մեր հարցմանը մասնակցած դավթաշենցիները կարծում են, որ իրենց տարածքում ծառերի «առողջացման» աշխատանքներ են իրականացվել։

«Չգիտեմ` ինչու են կտրել։ Կարծում եմ` այդպես են անում, երբ պետք է լինում ծառերը «թարմացնել»… Երեկ նկատեցի, որ ծառերը բողբոջել եմ։ Կարո՞ղ է հենց դրա համար էլ կտրել են»,- ասաց Մարինան։

Անցորդներից մեկն էլ, չցանկանալով ներկայանալ, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ նպատակով են ծառերը հատել, բայց պնդեց, որ «ճիշտ են արել, որովհետև ամբողջ աղբը ծառերից թափվում էր մարդկանց վրա»։

Դավթաշենի մեկ այլ բնակչի կարծիքով էլ ծառերը կտրել են տարածքին «մշակված, մաքուր տեսք տալու համար»։

«Չգիտեմ` ծառերն ինչու են կտրել… Գուցե, որ ավելի փարթամանա՞ն։ Այստեղ միշտ այդպես են անում։ Ես չեմ լսել ծառերի ապօրինի հատման մասին։ Կարծում եմ` ծառերը կտրել են, որպեսզի ամեն ինչ գեղեցիկ լինի… Այստեղից ոչ շատ հեռու երիտասարդ կաղնիներ կային, ինչ-որ պահի դրանք էլ կտրեցին, ու հիմա այնտեղ շատ գեղեցիկ է», — նշեց տարիքով կինը։

Մեղավորը «Դելֆի՞նն» է

Հանգստյան օրերին մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Դավթաշենում ապօրինի ծառահատում է իրականացվել, որի հեղինակը «Դելֆին» լողավազանի ղեկավարությունն է։

  • Դավթաշենում կտրված ծառերը
    Դավթաշենում կտրված ծառերը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Դավթաշենում կտրված ծառերը
    Դավթաշենում կտրված ծառերը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Դավթաշենում կտրված ծառերը
    Դավթաշենում կտրված ծառերը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Դավթաշենում կտրված ծառերը
    Դավթաշենում կտրված ծառերը
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 4
© Sputnik/ Asatur Yesayants
Դավթաշենում կտրված ծառերը

Ընկերության աշխատակցուհի Կարինե Մելքոնյանը համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին։

«Դուք գիտեք, որ Հայաստանում հիմա գարուն է, և ամենուրեք մաքրման աշխատանքներ, շաբաթօրյակներ են իրականացվում։ Չեմ հասկանում` ինչու է այս մաքրությունն այդպիսի հետաքրքրություն առաջացրել։ Անկեղծ ասած, երբ ես առավոտյան եկա, ծառերն արդեն կտրել էին, տերևներն էին հավաքում։ Այլ պարզաբանումների համար դիմեք համապատասխան բաժանմունքներ», — հուզված ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` վարչական շրջանում մանկական լողավազան են բացել, և ծնողներն իրենց երեխաներին սպասում են հենց այդտեղ` ծառերի տակ դրված նստարաններին։

«Այսինքն մեր ղեկավարությանը պետք է, որ ամռան 40 աստիճան շոգին այստեղ ծածկ լինի։ Ինձ թվում է, որ այս ծառերը «վթարային են»։ Ձմռանը պատահում էր, որ քամին պոկում էր ճյուղերը, ու դրանք ընկնում էին երեխաների վրա», — ավելացրեց նա։

Քաղաքապետի պատասխանը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ օրը մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:

«Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է: Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին»,- ասել է քաղաքապետը։

Նա հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության վարչությանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանության հետ համագործակցված հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Русская версия

Գլխավոր թեմաներ