15:04 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ծխելու դեմ պայքարի օր

Հայերի ո՞ր սերունդն այլևս չի ծխի

© Sputnik/ Павел Лисицын
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Լիլիթ Հարությունյան
4710

Հայաստանը հոկտեմբերի 12-ին նշում է ծխախոտի դեմ պայքարի օրը։ Մեկ ամիս առաջ կառավարությունը հավանության արժանացրեց «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը», որի թիրախն առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը շուրջ 10%-ով կրճատելն է։

«Հայերս ծխող ազգ ենք, իսկ ծխելն անհաջողակ լինելու նախանշան է», վերջերս հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Իսկապես, կար ժամանակ, որ սիգարետով տղամարդը կամ ծուխը նրբորեն թափ տվող կինը հրապուրիչ էին համարվում։ Այսօր էլ նման կարծրատիպ կա, հատկապես` դեռահասների շրջանում։ Բայց ընդհանուր առմամբ եկել է մի ժամանակաշրջան, երբ գեղեցկությունը, սպորտն ու առողջ ապրելակերպն ավելի մեծ ողջույն են արժանանում, քան սիգարետը։

Այդ ամենով հանդերձ, այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5%-ի։

Հարկ է նշել, որ այս տվյալներն առանձնապես հավատ չեն ներշնչում` հաշվի առնելով հենց մեր շրջապատում ծխող կանանց առատությունը։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօրվա սիգարետներում նիկոտինի փոխարեն աստված գիտի` ինչ է լցված, և այդ խառնուրդն իսկապես կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։ Որքան էժան է սիգարետը, այնքան շատ են թունավոր նյութերը, իսկ հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը` ավելի շատ վաճառվում են հենց էժան սիգարետները։

Այստեղ պետք է մի նրբություն հաշվի առնել. Հայաստանում ծխողների զգալի մասն իրենց ծխելու պահանջը բավարարում է որտեղ ուզում է և երբ ուզում է` առանց հաշվի առնելու այն մարդկանց ներկայությունը, որոնք հեռու են այդ վատ սովորությունից։

Ռեստորաններում ու ընտանեկան միջավայրում ծխելը սովորական երևույթ է։ Այնքան սովորական, որ որևէ մեկը չի էլ բողոքում։ Իսկ որոշ երկրներում դրա համար կարող էին տուգանվել։

Նախարարության նախաձեռնությունը շատերի համար սպասված էր ու անհրաժեշտ։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս տարվա օգոստոսին հավանության արժանացրեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը։ Մասնավորապես ռազմավարության շրջանակում նախատեսվել է իրականացնել ծխելու դեմ պայքարին ուղղված մի շարք աշխատանքներ` հանրային վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակումների ընդլայնում, վերահսկողության իրականացման մարմինների և մեխանիզմների սահմանում, փակ աշխատանքային վայրերում ծխելու վերաբերյալ դրույթների սահմանում, էլեկտրոնային ծխախոտների շրջանառության առանձնահատկությունների սահմանում, ծխախոտի երկրորդային ծխի կանոնակարգմանն ուղղված մեխանիզմների սահմանում, գովազդի արգելք և այլն:

Ռազմավարության նպատակն է ծխախոտի օգտագործման տարածվածությունը նվազեցնել տարեկան 1,5-2 %-ով Ռազմավարության ընդունումից հետո ի հայտ եկան կողմնակիցներ ու ընդդիմախոսներ։ Վերջինները պնդում են, որ ծխախոտի դեմ պայքարը էլեկտրոնային սիգարետների դերը բարձրացնելու նպատակ ունի։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ այդ կտրուկ բարեփոխումները խախտում են ծխողների իրավունքները։

Իսկ նոր ռազմավարության կողմնակիցները վստահեցնում են, որ 10-20 տարի հետ պտուղները շոշափելի կլինեն։

Սրա հետ դժվար է չհամաձայնել։ Եթե նոր միջոցները չազդեն «հին» ծխողների վրա, ապա այսքան լուրջ խոչընդոտները հաստատ կնվազեցեն «նորաթուխների» թիվը։ Եթե այսօր անգամ 200 դրամով կարելի է մեկ տուփ սիգարետ գնել, նշանակում է` ցանկացած դեռահաս կարող է փորձել «տղամարդ դառնալ»` անտեսելով անգամ անչափահասներին սիգարետ վաճառելու արգելքը։ Հուսանք, որ նոր ռազմավարություն իսկապես արդյունք կտա, քանի որ ծխողների վերաբերյալ վիճակագրությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում, որոնց թվում են նաև նրանք, ովքեր ապրում են ծխողների կողքին։

Գլխավոր թեմաներ