05:55 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Գոշ լիճ

Գոշ լիճը մաքրվել է ու վերակենդանացել. լճի կործանման լուրերը կեղծ են

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
44840

Վերջին օրերին համացանցում ահազանգեր են հնչում Դիլիջանի անտառային Գոշ լճի վերացման մասին: Ազգային պարկի ղեկավարությունը հերքում է դրանք ու հրավիրում հմայվելու լճի աշնանային բնանկարով:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Գոշ լճի վերացման լուրերն իրականությանը չեն համապատասխանում, Sputnik Արմենիային, ուղեկցելով դեպի իր պահպանությանը հանձնված անտառի խորքում թաքնված լիճն ասաց «Դիլիջան» ազգային պարկի «Գոշ» տեղամասի ղեկավար Մհեր Հովսեփյանը:

Լճի վերացման մասին առաջին ահազանգերը մամուլում, նրա խոսքով, հայտնվել են դեռ անցած գարնանը, երբ «Վենդոռ» ընկերությունը սկսեց լճի տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնել:

«Լճից դուրս բերվեց մեծ քանակությամբ տիղմ, տարիներով կուտակված նեխած ծառերի մնացորդներ: Լիճն աղբով էր լցվել ու եթե չմաքրվեր, այ այդ ժամանակ կարող էր ոչնչանալ»,- ասաց Հովսեփյանը:

Նա շեշտեց՝ լճի մաքրումը որևէ կերպ չի վնասել բնական լճակին, այլ հակառակը՝ նպաստել է դրա վերակենդանացմանը:

«Ափերը մաքրվել են, հիմա լճին կարելի է բոլոր կողմերից մոտենալ, իսկ մինչ մաքրումը անտառից այնքան բուսական մնացորդներ էին հեղեղների հետ հոսել դեպի լիճը, որ ծածկել էին ափերը: Լճին մոտենալու միայն մի տեղ էր մնացել»,- նշեց տեղամասի ղեկավարը:

Մհեր Հովսեփյանը ծնվել ու մեծացել է հարևան Գոշ գյուղում, Գոշ լիճը համարում է իր մանկության անբաժանելի մի հատվածը և վստահեցնում է` որևէ մեկին թույլ չի տա վնաս հասցնել լճին:

«Առավոտյան 40-50 երեխաներով գյուղից վազելով գալիս էինք, իրար հետ մրցում, թե ով անտառն ավելի շուտ կանցնի ու առաջինը կգցվի ջուրը: Լողում էինք, դուրս գալիս, հարևան հանդերից կարտոֆիլ խորովում, ուտում, ամբողջ օրն այստեղ էինք»,- մանկական հուշերը Sputnik Արմենիային պատմեց Մհեր Հովսեփյանը:

Գոշ լիճն ինքնամաքրվող հատկություն ունի: Այն սնվում է լճի հատակից բխող մի քանի լեռնային աղբյուրներից:

«Երբ լողում ես, հատակին տեղ-տեղ սառնություն ես զգում, հենց այդ հատվածներում էլ գետնի տակից ջուր է բխում»,- ասաց Հովսեփյանը:

Նրա խոսքով, Գոշի լիճը պատմական աղբյուրներում հիշատակվում է դեռևս դարեր առաջ, բայց Տզրկալիճ անվամբ:

Գոշն արդեն մաքրվել է ու վերակենդանացել է. լճում գորտերի, խեցգետնի ու մանր ձկների մեծ քանակություն կա:

Գլխավոր թեմաներ