00:24 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Միքայել Գրիգորյան

Արցախի դրոշը կերևա՞ «Եվրատեսիլում». Հայկական պատվիրակությունը հերքում է ինտրիգները

© Photo/Robert Koloyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
6810

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ի հայկական պատվիրակությունը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե կբարձրացվի արդյո՞ք Արցախի դրոշը միջազգային մրցույթում:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայկական պատվիրակությունը ժամանակ չունի ինտրիգների համար, Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը պատրաստվում է ելույթի: Այդ մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի Հանրային հեռուստատեսության PR-մենեջեր Արուսիկ Զախարյանը:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն  է հայտնվել այն մասին, որ Եվրոպական հեռարձակողների միությունը կկանխի Արցախի դրոշի հայտնվելը «Մանկական Եվրատեսիլ-2017»-ի հեռարձակման ժամանակ: ԵՀՄ-ում, իբր, նշել են, որ «միությունն իրավունք ունի վերացնել ցանկացած գործողություն, որոնք խնդիրներ կստեղծեն «Եվրատեսիլ» մրցույթի ուղիղ եթերի ժամանակ»:

«Մենք այդ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունենք (արցախյան դրոշի բարձրացման՝ խմբ.): Ոչ մի խնդիր չկա, սա մանկական մրցույթ է, Միշան փորձերի է գնում, նա լավ տրամադրություն ունի, հայկական պատվիրակությունը գնում է հաղթելու»,- ասաց Զախարյանը:

Նա օրինակ է բերել, որ 2010-ին «Մանկական Եվրատեսիլի» հաղթող Վլադիմիր Արզումանյանը, որը ծննդով Ստեփանակերտից է, հանգիստ և արժանապատիվ ներկայացրել է Հայաստանը երաժշտական մրցույթում:

«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակից Միշան՝ Միքայել Գրիգորյանը  (նույնպես ծննդով Արցախից է) կներկայանա «Բումերանգ» երգով: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը:

9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: Փոքրիկ արցախցին 2016 թ.-ին մեր հայրենիքը ներկայացրել է մանկական «Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից, կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ. Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Գլխավոր թեմաներ