04:49 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կարո Նանիկյան

Կոնգոյի հայերը` թուխ և սպիտակ. ինչո՞վ են զբաղվում... «բոքսելուց» բացի

© Sputnik/
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
9210

Այստեղ և՛ լիբանանցի գործարարներ կան, և՛ տեղացիներ։ Կես դար առաջ նրանց հայրերն անսպասելի շրջադարձ են արել իրենց կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. 12 միլիոնանոց Կինշասայում հայերը ծովի մի կաթիլի են նման։ Բայց Կոնգոյի բնակիչներն արդեն ճանաչում են Կարո Նանիկյանին ու նրա ընկերներին որպես բռնցքամարտի մրցումների կազմակերպիչների։

Հունիսին բելգիացի բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը (արմատների մասին չենք մանրամասնի) հաղթել է Կոնգոյի չեմպիոն Բիլինդո Էսեկոյին։ Իսկ դեկտեմբերի 9-ին Ալեքսին կրկին սպասում են Կինշասայում անցկացվող թեթև քաշայինների առաջնությունում։

Ազգերի բարեկամությունը Պատրիս Լումումբայի հայրենիքում

Կինշասայում մոտ տասը-քսան հայ կա։ Մասամբ սփյուռքի այլ օջախներից եկածներն են։ Հիմնականում` Լիբանանից։ Լիբանանցիները հասարակածային Աֆրիկայի համար գրեթե նույն դերն ունեն, ինչ հրեաները Միջին դարերում. նրանց վրա է հիմնված առևտրի ու բանկային գործի զգալի մասը։ Լիբանանում նրանց սիրում են ու «մերոնքական» են համարում։ Հայաստանում լավ գիտեն այդ մասին։

Սակայն պարզվում է, որ «մերոնքական» հայեր կան նաև Կոնգոյում։ Այն ֆրանսահայերի ու բելգահայերի երեխաներն են, որոնք կես դար առաջ եկել են նախկին Բելգիական Կոնգո սեփական գործը բացելու կամ որպես մասնագետներ աշխատելու համար։ Նրանցից ոմանք մնացել ու ամուսնացել են տեղացիների հետ։

Կարոն այդպիսի ընտանիքից է։ Հայ հորից ժառանգել է աչքերի փայլն ու գործարարի հատկանիշները։ Բանտու մորից` պինդ ձեռքերը, լայն ուսերն ու սպիտակ ատամնաշարով ժպիտը։

Նա չի մոռանում նաև իր «ես»-ի հայկական բաղադրիչի մասին։ Մայրը հեռավոր (նույնիսկ Կինշասայի համեմատ) Էկվատոր գավառից է, որը Կոնգոյի հյուսիս-արևմուտքում գտնվող մշտապես կանաչ անտառների երկիր է (ուր Կարոն պատրաստվում է այցելել)։ Աֆրիկյան լեզուներից Նանիկյանը տիրապետում է լինգալային, որը տեղի չորս լեզուներից մեկն է` ֆրանսերենին հավասար պաշտոնական լեզու։

«Որտեղ էլ հայը հային տեսնի, այդ հանդիպումն ընդմիշտ կհիշի…»

Այս տարի Կարոն առաջին անգամ հեռավոր Հայաստան եկավ։ Ու նրա հետ հանդիպումը տեղացիները դեռ երկար կհիշեն, այդպիսի բաները չեն մոռացվում։ Երբ մոտ երկու մետր հասակ ունեցող աֆրիկացին «յան» ազգանունով այցեքարտ կամ անձնագիր էր մեկնում, ապա նույնիսկ օդանավակայանի անհողդողդ ոստիկաններն ու հյուրանոցների աշխատակիցները գլուխները վեր էին բարձրացնում ու երկար նայում նրա դեմքին։ Այդ Կոնգոյում է, որ նա սևամորթ ընկերներից «սպիտակ» է։ Իսկ այստեղ մուլատ, թե սևամորթ իրարից չեն տարբերում։

«Ես տեսնում էի, որ նրանց համար շատ անսպասելի էր», — ժպիտով հիշում է Կարոն։ Հայաստանում հասցրեց ընկերանալ հայերի հետ և հիանալ Երևանով ու Գառնիով։

Իսկական բազմամշակութայնությունը հայկականն է

Երբ հայերն ինչ-որ մեկի տանը հավաքվում են ճաշելու ու շփվելու, նրանք խաղաղ ու արդյունավետ բազմամշակութայնություն են ցուցադրում։ Հայկական ու ֆրանսիական ուտեստների ու երգերի կողքին հայտնվում են արաբականները` Լիբանանի հայերից, ու աֆրիկյանները։ Կարոն տեղական խոհանոցի մեծ սիրահար է, քանի որ բրինձը, կարմիր լոբին ու ծխեցված ձուկը շռայլորեն է մատուցվում։

Հայերը միասին են նշում ծնունդներն ու հարսանիքները և, իհարկե, դիմավորում ու ճանապարհում «արտասահմանյան» ընկերներին։

«Ռաբիսը» նաև օգուտ է տալիս

Ֆրանսերենն ու լինգալան Կարոյի համար մայրենի լեզուներ են, նա նաև անգլերեն գիտի, իսկ հայերենը նոր է փորձում սովորել։ Ու դրա համար ցանկացած հնարավորություն է փնտրում։ Կոնգոյին ափերում այդքան էլ հեշտ չէ հայերենի ուսուցիչ գտնելը։ Բայց Կարոն ինքնուրույն է սովորում։ Նրան օգնում են հայերենի առցանց դասընթացները։ Youtube-ում դրանք արդեն շատ են։ Եվս մի միջոց են երգերը։ Ցանկացած երգ կարող է օգտակար լինել։ Նույնիսկ Սուպեր Սաքոյինը։ Կարոն արդեն յուրացրել է նրա «Մի գնա»-ն։

Սաքոյի հետ, թե առանց նրա Կարոն արդեն սկսում է հասկանալ հոր լեզուն ու նույնիսկ արդեն մի փոքր խոսում է։

Գլխավոր թեմաներ