12:19 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
733 0 0

Մասնագետը մտավախություն ունի, որ նոր առաջարկներով ուզում են Հայաստանում սպանել մատչելի ավտոտրանսպորտը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. 2018թ-ին Հայաստանի իշխանությունները երկու արգելք են պատրաստել տրանսպորտի համար։ Առաջինը` աջ ղեկով մեքենաների վերաբերյալ, երկրորդը` ավելի քան վեց տարվա հնության տաքսիների։ Իշխանությունների կարծիքով` «թարս» ղեկով մեքենաներն ու հին տաքսիները չափազանց վտանգավոր են։

Ավտոմեքենաների թիվը հաշվարկելը բարդ է. ոստիկանությունը «աջ-ձախ ղեկով» մեքենաների հաշվառում չի անում։ Թեև ցանկացած մեքենա կարելի է իդենտիֆիկացնել vin-ծածկագրով, որը ներմուծման ժամանակ գրանցվում է ոստիկանության տվյալների բազայում։ Բացի այդ, ոստիկանությունը չի գրանցում նաև մեքենայի ղեկի փոփոխությունը։ Միայն մեկ տարի առաջ են սկսել մեքենաների տեխնիկական անձնագրերում նշել աջ ղեկի փաստը (առկայության դեպքում)։

Իսկ երկրորդ արգելքը կապված է հին ավտոմեքենաների հետ։ Տրանսպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում։ Նախարարությունն ուզում է նոր մեքենաներով անվտանգ դարձնել ուղևորների կյանքը։

Բայց… «տրանսպորտի նախարարության սիրտը հակված է դավաճանության և փոփոխությունների»։ Նույնպիսի արգելք` ճիշտ նույն բացատրությամբ, սահմանել էին 2010թ-ին (10 տարեկանից հին մեքենաների համար)։ 2012թ-ին չեղյալ հայտարարեցին` բացատրելով, որ ոչինչ, թեկուզ հին մեքենաներով, բայց տաքսիստները թող հացի և սիգարետի գումար վաստակեն։

«Հիմա նորից են սահմանափակումներ մտցնում։ Եվ կլինի այն, ինչ նախորդ անգամ»,- ասում է «Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը։

Այն ժամանակ տասնյակ տաքսիներ պարտքի տակ էին մտել հանուն նոր մեքենաների։ Երբ արգելքը հանեցին, վարորդները մասնավոր ոլորտ անցան հին մեքենաներով։ Տաքսի ծառայություններից շատերն անգործ մնացին ու կքեցին չմարված վարկերի բեռի տակ։

«Այս անգամ էլ է մեր գլխին նման մի բան գալու։ Հիմա ուզում են արդեն հիմքից վերացնել», — ասում է Սահակյանը։

Մեկ այլ անհանգստացնող հանգամանք էլ կա. օրինագծով նախատեսվում է բջջային հեռախոսներն ու պլանշետները համարել տաքսիների սակաչափիչ։ Դրանք չպետք է համարվեն չափիչ սարքեր, քանի որ պաշտպանված չեն կողմնակի միջամտությունից և չեն համապատասխանում կառավարության` 2016թ-ի հունվարի պահանջներին։ Ինչ ուզում, անում են, կառավարության որոշումը կարող է անտեսել օրենքը։ Բայց այն խախտում է նաև միջազգային փաստաթղթերը, օրինակ` Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (OIML), որին հղում է անում «Չափումների միասնականության ապահովման մասին» ազգային օրենքը։

Տաքսիների հաշվիչների վերաբերյալ OIML ուղեցույցում նշվում է` պետք է այնպիսին լինի, որ հնարավոր չլինի կոտրել, փոխել տվյալները` առանց տեսանելի հետքեր թողնելու։

«Սովորական հաշվիչի մեջ չի կարելի ինչ-որ բան փոխել առանց կնիքը պոկելու։ Իսկ պլաշենտի ծրագիրը փոխել հնարավո՞ր է։ Ի՞նչ եք կարծում», — հարցնում է Սահակյանը։

Մնում է երկու տարբերակ։ Առաջինը` մենք անցում ենք կատարում տաքսիստների նկատմամբ սիրո նոր փուլի։ Երկրորդ` դաշտը նախապատրաստում են նոր խոշոր օպերատորի համար, որը հետո, դուրս մղելով մյուսներին, կբարձրացնի գները։

«Դրանք կարող են լինել էլեկտրոնային սարքերով աշխատող ագրեգատոր տաքսիները»,- կասկածում է Սահակյանը։

Նրա կարծիքով, որպեսզի թույլ չտան ուղևորներին նոր տաքսիներից տեղափոխվել սեփական ավտոմեքենաներ, պետք է արգելել աջ ղեկով էժան մեքենաների ներկրումը։

«Պարզ հաշվարկ է. տեսնելով, որ տաքսին թանկանում է, ավելի շատ մարդիկ կցանկանան մեքենա գնել, որը կդառնա ոչ թե շքեղություն, այլ տեղաշարժման միջոց։ Հիմա գազով աշխատող սեփական մեքենայով մեկ կիլոմետրն արժե 20-30 դրամ, իսկ տաքսիով` 120-130 դրամ։ Կառավարությունը մեզանից վատ չի հաշվում։ Դրա համար էլ ցանկանում են մարդկանց հետ սովորեցնել նման մեքենաներից։ Այսինքն փակում են մատչելի ավտոտրանսպորտի բոլոր հնարավորությունները։ Սկզբում մի քթանցքն են փակում, հետո` մյուսը», — ասաց Սահակյանը։

Կառավարությունը դեռ վերջնական մեկնաբանություն չի արել այս երկու առաջարկի հետագա ճակատագրի մասին։

Գլխավոր թեմաներ