02:32 25 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Մոսկվայում

Ալկոհոլն աղքատներին ավելի ուժեղ է հարվածում, քան հարուստներին. բժիշկներ

© Sputnik / Алексей Куденко
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Գիտնականներին հաջողվել է անսովոր օրինաչափություն բացահայտել. ալկոհոլն աղքատների առողջությանն ավելի մեծ վնաս է հասցնում, քան հարուստների:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Նորվեգացի բժիշկներն անսովոր օրինաչափություն են հայտնաբերել. մեծ քանակությամբ ալկոհոլը ինֆարկտի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը մեծացնում է աղքատների, բայց ոչ հարուստների մոտ: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով PLoS One ամսագրում հրատարակված հոդվածին:

«Ի տարբերություն ծխախոտի, որի կապը սրտի հիվանդությունների և աղքատության հետ լիովին ակնհայտ է, ալկոհոլի, բարեկեցության և առողջության միջև «փոխհարաբերությունների» բնույթը միշտ ավելի բարդ է եղել: Մենք այդ հետազոտությունն անցկացրել ենք, որպեսզի իմանանք՝ ինչպես է ալկոհոլի քանակն ազդում սոցիալական խմբերի ներկայացուցիչների վրա», — գրում են Էյրիկ Դեգերուդը և նրա գործընկերները Նորվեգիայի հասարակական առողջության ինստիտուտից:

Դեգերուդը և նրա գործընկերները ստուգել են, թե ինչպես է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելն ազդում մարդկանց սրտի և անոթների առողջության վրա՝ հետևելով Նորվեգիայի շուրջ 200 հազար բնակիչների առողջությանը վերջին 50 տարիների ընթացքում:

Այս հարցում նրանց օգնել է այն փաստը, որ Նորվեգիայի սոցիալական ծառայություններն անդադար հետևում են նորվեգացիների երեք մեծ խմբերի առողջությանը, որոնք ծնվել են մինչև 1960թ-ի աշունը: Մոնիթորինգի այդ ծրագրի շրջանակում բժիշկները հետևել են ոչ միայն առողջական վիճակի փոփոխություններին, կյանքի տևողությանը և մահվան պատճառներին, այլ նաև դրա մասնակիցների վնասակար սովորույթներին և սոցիալ-տնտեսական կարգավիճակին:

Դիտարկումները ցույց են տվել, որ ալկոհոլը տարբեր կերպ է անդրադառնում հարուստների և աղքատների վրա։ Թեև վերջինները միջին հաշվարկով ավելի քիչ խմիչք են օգտագործել, քան հարուստները, այդուհանդերձ, ալկոհոլի մեծ քանակը մեծացրել է նրանց` սրտի կաթվածից և սրտանոթային տարբեր խանգարումներից վաղաժամ մահանալու հավանականությունը։

Նրանք միաժամանակ պարզել են, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը (շաբաթական 2-3 անգամ), հակառակը, փոքրացնում է սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը, և այդ բարենպաստ ազդեցությունը կրկին ավելի շատ արտահայտված է եղել հարուստների մոտ (33 տոկոս), քան աղքատների (18 տոկոս):

Սա խոսում է այն մասին, որ բժիշկները և սոցիալական ծառայությունները պետք է ալկոհոլիզմի դեմ պայքարի համար տարբեր միջոցներ ձեռնարկեն` հաշվի առնելով հարուստների և աղքատների առողջության վրա ազդելու տարբերությունները, որոնք բացահայտել են Դեգերուդը և նրա գործընկերները:

Գլխավոր թեմաներ