12:36 15 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP613.60
  • EUR525.36
  • RUB7.45
Զբոսաշրջիկ

«Մեծ քրոջս անունը Գոհար է»․ պակիստանցի բլոգերը պատմում է Հայաստանի հետ «արգելված» ընկերության մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
37450

Պաշտոնական Պակիստանի համար Հայաստանը գոյություն չունի։ Բայց պատմությունը ջնջելն այդքան էլ հեշտ չէ։ Հայերենն ու ուրդուն մի քանի տասնյակ ընդհանուր բառեր ունեն։ Նույնիսկ ընդհանուր «տաք» սեր ունեն, անունը` հարիսա։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Պակիստանն այդքան էլ լավ չի վերաբերվում Հայաստանին։ Ադրբեջանի հետ համերաշխությունից դրդված Պակիստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Երկու երկրի բնակիչների համար շատ դժվար է միմյանց հյուր գնալ, բայց ազատ մտածելակերպ ունեցող մարդիկ ուզում են իրար առաջ դռները բացել, ոչ թե փակել։ Եվ կարծես պատահական չէ, որ «ազատ մարդ» արտահայտությունը պակիստանցիների մոտ էլ է հենց այդպես հնչում՝ «ազատ մարդ»։

Հայերենի և ուրդուի այս և այլ նմանությունների մասին կրկին գրել է պակիստանցի բլոգեր Սարմադ Իքբալը՝ թերթերում հայտնված հոդվածում։ Ոչ մի զարմանալի բան չկա․երկու լեզուներն էլ հնդեվրոպական են։ Հայերենը որևէ խմբի չի պատկանում, իսկ ուրդուն հնդարիական ճյուղից է։ Իսկ հայերենը շատ ընդհանրություններ ունի այդ լեզուների հետ։

Նախորդ հոդվածում Սարմադը պատմել էր հարիսայի մասին, որ երկու ազգերն էլ սիրում ու պատրաստում են։

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարդացել են հոդվածս։ Ուզում եմ այդ գեղեցիկ հայերեն բառն ասել` «շնորհակալություն»։ Չեմ կարող արտահայտել ջերմության ու ընկերասիրության բոլոր այն դրսևորումները, որոնք ստացել էի բազում հայ ու մի քանի պակիստանցի ընկերներիցս։ Նախորդ հոդվածում ասել էի, որ մեր լեզուներում շատ նման են «նշան» և «նիշան» բառերը։ «Հազար» ու «տասը» բառերն էլ են մեր լեզուներում նույնը։ Հայերեն «սևը» մեզ մոտ «սիա» է. երկուսս էլ պարսկերենից ենք փոխառել։ Գույն արտահայտող բառերն էլ են մեզ մոտ նման․ մենք ասում ենք «րանգ», իսկ հայերենում կա «երանգ» բառը»,- պատմում է Սարմադը։

Երկու լեզվում էլ ևս մի քանի փոխառություն կա պարսկերենից՝ «աշակերտ» ու
«շագիրդ», «դժվար» ու «դոշվար»։

«Մի քանի անգամ հայերը «դժվար» ժամանակներ են ապրել, երբ հարևանները ուզեցել են ոչնչացնել նրանց։ Բայց հայերն ապացուցել են, որ չի կարելի ուժով արմատախիլ անել հայրենիքի նվիրվածությունը։ Նույնիսկ 1915 թվականի ողբերգությունից հետո հայերը հույսը չեն կորցրել։ Իսկ այն մարդկանց, որոնք տառապանքի գիրկն են նետել նրանց, մեր երկրում փառաբանում են իսլամի գրեթե բոլոր ուղղությունների մուլլաներն ու պատմության դասագրքերը։ Բայց բնավորությամբ մենք նման ենք հայերին։ Մենք երբեք մեր հույսը չենք կտրում, նույնիսկ ահաբեկչություններից ու կոռուպցիոն սկանդալներից հետո, որոնք այդքան հաճախ են ցնցում մեր երկիրը», — գրում է նա։

Նման հնչողություն ունեն նաև երկու ժողովուրդների «տխուր» բառերը` «ափսոս» ու «աֆսոս», «դարդ», «բախտ»։ Թեև վերջինը կարող է և ուրախ լինել։ Նաև «սննդային» նմանություն կա` «շաքարն» ու «պանիրը»։ Մուսուլման պակիստանցիներն ու քրիստոնյա հայերը նույնիսկ ընդհանուր անուններ ունեն, մեկը Գոհարն է։ «Մեծ քրոջս անունն է», — ասում է Սարմադը։

«Մեկ» բառն էլ է շատ նման՝ «յեկ»։

«Հուսով եմ՝ մի օր երկու երկրները կմիանան ու կդառնան «մեկ» ու «յեկ»` հանուն խաղաղության ու բարօրության։ Թող այս հոդվածը կարդացող յուրաքանչյուր մարդ հասկանա՝ որքան են կապված պակիստանցիներն ու հայերը։ Ցավոք, լեզվի մեջ զգացվող այդ կապը դեռ չի արտացոլվում կյանքում։ Բայց հույս ունեմ, որ իմ նման մարդիկ կկարողանան հանգիստ գալ հիասքանչ Հայաստան, հայերն էլ կկարողանան Պակիստան գալ առանց սահմանափակումների», — գրում է Սարմադը։

Որպես վկայություն, որ մարդիկ մոտ են անկախ ազգությունից, բերենք ևս մեկ օրինակ․ պակիսկտանցիների համար «րագը» մեր «երակն» է։ Տարբեր ազգությունների ու կրոնների մարդիկ արյունակից են, որքան էլ փորձեն մոռանալ այդ հանգամանքը։

Գլխավոր թեմաներ