14:26 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Կանգառ

Բարի կամքն ավարտվեց, սկսվում են թանկացումները. ե՞րբ և որքա՞ն կաճեն տրանսպորտի գները

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
30310

Վառելիքի թանկացման հետևանքով տրանսպորտի սակագների բարձրացման շղթան կարող է շարունակվել։ Ոլորտի պատասխանատուները ոչինչ չեն բացառում, բայց զբաղված են տրանսպորտի ոչ թե գնի, այլ նորացման հարցերով։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Վառելիքի թանկացման հաջորդ քայլը կարող է դառնալ տրանսպորտի թանկացումը։ Հանրության այս մտավախությունն առայժմ կառույցների հստակ պատասխանին չի արժանացել։ Երևանի քաղաքապետարանը ձեռնպահ է մնում` մայրաքաղաքային, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ` մարզային տրանսպորտի թանկացման հավանականության մասին հստակ հայտարարություն անելուց։

Մինչ այդ, սակայն, հանրությունն արդեն հնչեցնում է տրանսպորտի թանկացման առաջին ահազանգերը։

Առաջինն իր ծառայության գինը բարձրացրեց Երևան-Հրազդան միջքաղաքային երթուղին սպասարկող ընկերությունը։ Բայց պարզվեց, որ ուղեվարձը 400-ից 500 դրամ դարձնելը թանկացում չէր։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով` տվյալ ընկերությունն այդ երթուղու սպասարկման համար հայտարարված մրցույթը շահել էր 500 դրամով, բայց բարի կամք էր դրսևորել ու իրականում 400-ով էր սպասարկում։ Հետևաբար ուղևորներից 500 դրամ պահանջելն այժմ լիցենզիայի խախտում չէ։

Ի դեպ, նման «բարեգործներ» մարզային երթուղիներում էլի կան, այնպես որ օրինական թանկացումներ, ամենայն հավանականությամբ, դեռ էլի կլինեն։

«Կան մի քանի ընկերություններ, չեմ կարող նշել դրանց ցանկը»,- կառավարության վերջին նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը։

Փոխարենը ցանկացած թանկացման դեպքում նա խոստացավ ուսումնասիրություններ իրականացնել ու պարզել դրանց հիմնավորվածությունը։

«Մենք պետք է նայենք` իրենց շահույթը որքան է, շահո՞ւյթ է, թե՞ գերշահույթ։ Դրան համապատասխան որոշում կկայացնենք»,- ասաց Մարտիրոսյանը։

Իսկ թե որքանով կթանկանա հայաստանյան տրանսպորտը, նախարարի խոսքով, պարզ կդառնա տարվա առաջին եռամսյակի ընթացքում, երբ նախարարությունը կներկայացնի տրանսպորտային միասնական նոր համակարգը։

Երևանի տրանսպորտի թանկացման մասին հարցին գրեթե նույն պատասխանը Sputnik Արմենիային տվեց նաև Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Նրա խոսքով, մայրաքաղաքային տրանսպորտի գներն էլ վերջնականապես հայտնի կդառնան այն բանից հետո, երբ հանրությանը կներկայացվի ավելի քան 1 տարի մշակվող երևանյան նոր տրանսպորտային ցանցը։

Նոր ցանցի նախագիծը, Գևորգյանի խոսքով, մեկ շաբաթից կներկայացվի քաղաքապետարանում ստեղծված հատուկ խորհրդի նիստում, ապա մամուլին և նոր միայն հանրությանը։

Մինչ այդ քաղաքապետարանում ձեռնպահ են մնում սակագնի հնարավոր թանկացման մասին խոսելուց։

Ինչ վերաբերում է տաքսի ծառայություններին, դրանք ևս, չնայած վառելիքի թանկացմանը, առայժմ շարունակում են աշխատել նախկին սակագներով։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը, որ իր անձնական ավտոմեքենայով աշխատում է որպես անհատ տաքսու վարորդ, մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ որոշել է սպասել ու պահպանել գործող սակագինը` վախենալով զրկվել ուղևորներից։

«Վերջին 2-3, գուցե նաև 4 տարվա ընթացքում սեղմված գազի գինն անընդհատ բարձրացել է` գրեթե 1.5 անգամ։ Բայց տաքսիների գները մնացել են նույնը։ Շուկայում կան նաև ծառայություններ, որոնք ավելի էժան գին են առաջարկում, և ինչ-որ տեղ մրցակցություն է առաջանում։ Եթե հաշվի առնենք ամորտիզացիոն և այլ ծախսերը, իհարկե, ներկա գինը ձեռնտու չէ, բայց կարծում եմ, որ առայժմ տաքսիները չեն թանկանա»,- ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված սեղմված բնական գազի ու դիզվառելիքի ակցիզային հարկի բարձրացման հետևանքով տարվա առաջին իսկ օրվանից Հայաստանում համատարած թանկացան գազն ու հեղուկ վառելիքը։ Վերլուծությունների համաձայն` այս թանկացումը վաղ թե ուշ հանգեցնելու է նաև տրանսպորտային ծառայությունների սակագների ավելացման։

Գլխավոր թեմաներ