23:10 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Հիվանդանոց

Խնդրեց չլացել, շարունակել ապրել հանուն հայրիկի ու քրոջ. երբ մանկական քաղցկեղը դատավճիռ է

© Sputnik / Игорь Руссак
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
212 0 0

Մանկական քաղցկեղը կարող է տարբեր դիմակներ ունենալ` հասարակ կապտուկից մինչև հարբուխ։ Երեխաներին հաճախ չի հաջողվում փրկել ուշ ախտորոշման պատճառով։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Լավ նայեք երեխաներին. սա միակ խորհուրդն է, որ կարող է տալ Կատյան։ Մեկ տարի առաջ քաղցկեղը խլել է նրա որդուն` 12-ամյա Արտյոմին։ Կենսուրախ, ակտիվ, սպորտային հաջողություններ ունեցող տղան մի քանի շաբաթում բառացիորեն մարել է։ Կատյան միանգամից հասկացել է, որ երեխայի հետ ինչ-որ վատ բան է տեղի ունենում, երբ շոգ ամռանը կտրուկ բարձրացել է Արտյոմի մարմնի ջերմաստիճանը։

«Ջերմ իջեցնող դեղեր գնեցի, խոտաբույսեր` կոկորդը ողողելու համար։ Ինձ հանգստացնում էի, որ սովորական հարբուխ է, բայց, հասկանո՞ւմ եք, դժվար է բացատրել, սիրտս հուշում էր, որ իմ Տյոմային վերջին անգամ եմ տեսնում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում ասաց Կատյան` խորը շունչ քաշելով ու կուլ տալով արցունքները։

Դժբախտաբար, մայրական սիրտը չի սխալվել։ Շտապօգնություն, բժիշկներ, մի քանի շաբաթ վերականգնողական բաժանմունքում, և աշխույժ տղան, որ երազում էր օդաչու դառնալ ամպերին մոտ լինելու համար, հեռացավ կյանքից։

«Նա սպորտով էր զբաղվում, ակտիվ կյանք վարում, լավ սովորում։ Ոչինչ չէր հուշում, որ իմ տղան այդքան վաղ կհեռանա։ Նա վատացավ այն ժամանակ, երբ արդեն ուշ էր։ Բժիշկներն ախտորոշեցին 4-րդ աստիճանի սուր լեյկոզ», — ասաց Կատյան` ձեռքում սեղմելով թաշկինակը։

Արտյոմն այդպես էլ չվերադարձավ հիվանդանոցից։ Մահից առաջ մորը խնդրեց չլացել, միշտ ուժեղ լինել և շարունակել ապրել հանուն քրոջ ու հոր։

Սոցիալական ցանցերը` որպես երեխային փրկելու հնարավորություն

Կատյան այսօր սոցցանցերում հետևում է նրանց, ում օգնություն է պետք, ում երեխաներն արդեն տառապում են քաղցկեղից։ Նրա խոսքով` նման պատմությունները շատ են, և դրանք բոլորը նման են։

Առավոտից թերթելով սոցիալական ցանցերի էջերը` ամեն օր բախվում ես գրառումը տարածելու խնդրանքի կամ հիվանդ երեխայի լուսանկարի։ Մինչ շատերը մտածում են, թե արժե արդյոք գրառումը տարածել, փոքրիկներն ամեն վայրկյան պայքարում են մահվան դեմ։

Քաղցկեղը հաճախ հայտնվում է «ոչ մի տեղից», սկսում է անհանգստացնել, երբ արդեն շատ ուշ է լինում։ Ցավալին հենց այն է, որ ուռուցք ունեցող երեխան կարող է առողջ տեսք ունենալ։

Հայաստանում նույնպես կարելի է բուժել քաղցկեղը

Վերջին հինգ տարիներին Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների վիճակագրությունն անփոփոխ է։ Ամեն տարի Հայաստանում 70-80 երեխաների մոտ ախտորոշում են ուռուցքային հիվանդություններ, նրանցից 40-ի մոտ` լեյկոզ։ Ըստ տարածվածության` երկրորդ տեղում է գլխուղեղի ուռուցքը, 10-12 տոկոսը բաժին է ընկնում չարորակ լիմֆոմային, նեյրոբլաստոմային և երիկամների ուռուցքին։ Երեխաների 35 տոկոսը չի փրկվում, մնացած 65 տոկոսն ախտորոշումից հետո տասը տարի մնում են բժիշկների հսկողության տակ։

«Ցավոք, երեխաների մոտ ուռուցքը կանխորոշելն անհնար է։ Այդ հիվանդությունը հիմնականում ոչ մի կերպ չի դրսևորվում երեխաների մոտ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուռուցքաբանների ասոցիացիայի ղեկավար Գրիգոր Բադալյանը։

Վիճակագրության համաձայն` ավելի հաճախ հիվանդանում են 2-4 տարեկան երեխաները։ Մինչև 5 տարեկան հիվանդների դեպքում ուռուցքը հիմնականում ձևավորվում է դեռ մոր արգանդում։ Երեխան կարող է առողջ թվալ, իսկ հիվանդությունը դրսևորվի 2-4 տարեկանում։

«Պտղի մոտ պաթոլոգիայի զարգացմանը նպաստում է հղիության ժամանակ սիգարետ և ալկոհոլ օգտագործելը», — ասաց Բադալյանը։

Նա կոչ է անում ավելի ուշադիր լինել երեխաների նկատմամբ, հղիության ժամանակ հետևել սննդակարգին և կենսակերպին։ Ուռուցքը 1-ին կամ 2-րդ փուլում ախտորոշելու դեպքում հնարավոր է բուժել։ Այսօր Հայաստանում ուռուցքային հիվանդություններով 240 երեխա կա, որոնց հսկում են բժիշկները։

Ամբողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 200 հազար երեխաների մոտ դրսևորվում են չարորակ պաթոլոգիաներ։ Մահանում է շուրջ 96 հազար երեխա։ 0-14 տարեկան երեխաների շարքում մահվան դեպքերը հիմնականում պայմանավորված են բուժման ժամանակակից մեթոդների բացակայությամբ կամ չարորակ ուռուցքի ուշ ախտորոշմամբ։

Գլխավոր թեմաներ