11:20 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
169920

Հայաստանում նշում են Զորավար Անդրանիկի ծննդյան 153-ամյակը։ Տոնական միջոցառումներին ներկա են Անդրանիկի զինվորների սերունդները։

ԵՐԵՎԱՆ, 25 Փետրվար — Sputnik. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար». Զորավար Անդրանիկի ամենահայտնի այս խոսքերը թերևս լավագույն ապացույցն են ազգին ու հայրենիքին ունեցած նրա նվիրումի։ Հայաստանն այսօր նշում է մեծ Զորավարի 153-ամյակը։

Զորավար Անդրանիկի ծննդյան օրը Հայաստանում նշում են ոչ միայն հիշատակի, այլև տոնական միջոցառումներով` թե Երևանի Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանում, թե Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ Սասունցիների սերունդներով բնակեցված հայաստանյան այս գյուղում այսօր ապրում են Անդրանիկի զինակից զինվորների ժառանգները։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ուջանի գյուղապետ Նաիրի Կիրակոսյանը, գյուղում այսօր նախատեսված է այցելություն հերոս նախնիների գերեզմաններին և տոնական համերգ, որին ներկա են լինելու Անդրանիկի զինվորների ուջանցի ժառանգները։

«Վերջինը գրեթե 40 օր առաջ մահացավ` Անդրանիկի հարյուրապետի եղբորորդին էր,- ասաց գյուղապետը,- բայց զորավարի զինվորներից մի քանիսի թոռներն ու ծոռները ապրում են այս գյուղում, մեր կողքին»։

Զորավար Անդրանիկի հիշատակը Երևանում նշվել է նաև նրա շիրիմին պաշտոնատար անձանց այցելություններով ու ծաղիկներ դնելով։

Իր կյանքն անմնացորդ հայ ազգին նվիրած զորավարը` Անդրանիկ Թորոսի Օզանյանը, ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։

Ազգային ազատագրական պայքարին նա սկսել է մասնակցել դեռ վաղ երիտասարդ տարիքում հայդուկական խմբերի կազմում ընդգրկվելով։ Բայց Անդրանիկի անունը շատ արագ դարձավ հայ ազգի թշնամիների ահուսարսափը։ Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատներում սկսված նրա պայքարը 1901 թ.-ին շարունակվեց Մշո Առաքելոց վանքի ազատագրական կռիվներում, որտեղ նա կազմակերպեց Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը։

1918 թ. մայիսի 25-28-ին Լոռվա ճակատամարտում Անդրանիկը խափանեց թուրքական բանակի` Դիլիջանը գրավելու ծրագիրը, որից հետո թուրքերն ստիպված եղան հեռանալ Լեռնային Լոռուց։ Զանգեզուրում ևս Անդրանիկն ու իր զինվորներն էի խոչընդոտում թուրքերին` թույլ չտալով գրավել Հայաստանը։

Անդրանկը հաճախ էր կրկնում. «Իմ կուսակցությունն իմ ազգն է»։ Ու չնայած դրան, 1920-ականներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերադասավորումների հետևանքով Անդրանիկն ստիպված եղավ հեռանալ Հայաստանից` կյանքի վերջին տարիներն անցկացնելով հայրենիքից հեռու ու հայրենիքի կարոտը սրտում։ «Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց». կյանքի վերջալույսն այս մտայնությամբ է դիմավորել կյանքը հայրենիքին նվիրած մեծ զորավարը։

Անդրանիկ օզանյանը մահացավ 1927 թ. օգոստոսի 31-ին։ Նրա մարմինն ամփոփվեց Ֆրեզնոյի հայկական գերեզմանատանը: 1928 թ. հունվարին Անդրանիկի աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000թ.-ին նրա մասունքները բերվեցին Հայաստան և վերաթաղվեցին Եռաբլուրում`հայ նորօրյա ֆիդայիների ու այսօրվա հերոսների կողքին։

Օզանյանը ոչ միայն հայ, այլև բուլղար ժողովրդի հերոսն է։ 1912թ.-ին հայ կամավորներից կազմված իր վաշտով նա մասնակցել է նաև Բալկանյան պատերազմին` նույն թուրք հրոսակների ձեռքից ազատելով նաև բուլղար ժողովրդին։

Գլխավոր թեմաներ