01:54 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Սևան

Մինչև առուն ջուր գա, Սևանը կճահճանա. բնապահպանները պահանջում են արգելել լրացուցիչ ջրառը

© Sputnik / Nelli Danielyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
23910

Արարատյան դաշտի ոռոգման նպատակով Սևանից լրացուցիչ ջրառի նախագիծն անհանգստացրել է բնապահպաններին։ Նրանք մտադիր են կանխել նախագծի ընդունումն ու պատրաստվում են բողոքի ակցիաների։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայաստանի իշխանությունները երկընտրանքի առջև են կանգել` ամայացնել Արարատյան դաշտը, թե՞ նվազեցնել արդեն իսկ վտանգավոր ջրիմուռներով լցված (ծաղկած) Սևանի մակարդակը։

Արարատյան դաշտում ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու համար Ջրային կոմիտեն դիմել է կառավարությանը` Սևանից լրացուցիչ 40 մլն խմ ջուր բաց թողնելու առաջարկով։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել էր կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը` դա նվազագույնն է, ինչով իրենք կարող են օգնել հողագործին չկորցնելու բերքը։

Նախագիծն արդեն շրջանառվում է իրավասու գերատեսչություններում։ Բնապահպանության նախարարությունն ու «Սևան» ազգային պարկը բացասական եզրակացություն են ներկայացրել, ԳԱԱ-ին առընթեր Սևանի հարցերով փորձագիտական հանձնաժողովը` դրական։

Հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենք ստիպված էին համաձայնել, ստեղծված իրավիճակում, նրա խոսքով, գյուղացուն չէր կարելի միայնակ թողնել։

«Բնապահպանության նախարարությունը դեմ չի լինի, ստիպված է լինելու համաձայնել։ Փաստի առաջ են կանգնած` ջուր չունեն։ Բնապահպանության նախարարությունը` նախկին նախարարներով, թող տիրություն աներ, չդատարկեր Արարատյան դաշտի խորքային ջրերը»,– ասաց Ջավադյանը։

Նա նաև հայտնեց, որ Արարատյան դաշտի 31 գյուղ այսօր անջուր են մնացել, աղբյուրների թիվը 7 անգամ նվազել է, 3 անգամ նվազել է ոռոգման ջրի ծավալը։

Բնապահպանները, սակայն, միանշանակ դեմ են այս պայմաններում Սևանից լրացուցիչ ջրառին։ Նրանց խոսքով, դա հավասարազոր է Սևանի մահկանացուն կնքելուն։

«Ջրային կոմիտեն ընդհանրապես պետք է մոռանա Սևանից հավելյալ ջրառի մասին։ Թող վերցնեն այնքան, որքան նախատեսված է օրենքով ու մոռանան Սևանի մասին»,– ասաց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ Սևանա լճի գունափոխությունն ինքն ընկալում է որպես օգնության ճիչ։

«Տարիներով մենք ասել ենք` եթե շարունակեք այսպես վերաբերվել լճին, ժամանակի ընթացքում մենք ճահիճ կունենանք։ Եվ այդ ջուրն այլևս ո՛չ ոռոգման համար կկարողանանք օգտագործել, ո՛չ ռեկրեացիայի համար»,– ասաց նա` հավելելով, որ լճի «ծաղկումը» ցույց է տալիս, որ Սևանում ճահճացում է սկսվել։

Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի ոռոգման խնդրին, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ Սևանից բաց թողնված ջուրը գյուղացուն նույնիսկ չի հասնելու։

«2014թ.–ի մեր հետազոտությունները ցույց են տվել, որ, եթե նույնիսկ ջուր կա, գյուղացին այդ ջուրը չի ստանում, որովհետև նրանից նախ պահանջում են մարել ունեցած պարտքը։ Իսկ եթե փող չի մուծում, ջուր չի ստանում։ Բայց գաղտնիք չէ, որ գյուղացին փող կունենա միայն բերքը վաճառելուց հետո։ Այսինքն` Սևանից բաց թողնված լրացուցիչ ջրից օգտվում են միայն ընտրյալ մարդիկ»,– ասաց Ինգա Զարաֆյանը։

Անցանկալի զարգացումները կանխելու համար բնապահպանական 7 կազմակերպություն այսօր հրավիրված քննարկման ավարտին հանդես կգան կառավարությանն ուղղված բաց նամակով։ Իսկ առաջիկա օրերին կայցելեն Գեղարքունիքի ափամերձ բնակավայրեր և Արմավիրի մարզի ջրազուրկ համայնքներ` տեղում խնդիրներին ծանոթանալու և իրականությունը բացահայտելու համար։ Անհրաժեշտության դեպքում հասարակական կառույցները պատրաստ են բողոքի ակցիաներ անցկացնել։

Սևանի փրկության միակ միջոցը, բնապահպանների խոսքով, դրա մակարդակի բարձրացումն է` առնվազն 6 մետրով։ Մինչդեռ, Ջրային կոմիտեի առաջարկած ջրառը հակառակը` էլ ավելի կնվազեցնի լճի մակարդակը։

Սևանից օրենքով նախատեսված 170 մլն խմ տարեկան ջրառը ևս 40 մլն խմ–ով ավելացնելու համար կառավարությունը նախ պետք է համապատասխան որոշում կայացնի, որը պետք է ընդունվի նաև ԱԺ–ի կողմից։

Ըստ թեմայի

Արսեն Թորսյանը փորձարկել է Սևանի ջուրը. հետևանքներն ու օգտատերերի արձագանքը. տեսանյութ
«Ընտիր ջուր ա, խմեք». ազգային պարկի տնօրենը խմում է Սևանի ջուրը և հյուրասիրում մյուսներին
Դանիելյան. «Սևանա լճին այդպես հարվածելը սխալ էր»
Սևանա լճի որոշ հատվածներում լողալը վտանգավոր է. զգուշացնում է նախարարությունը
թեգերը:
Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ