03:55 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
26520

Բուլղարիայի թանգարաններից մեկի հիմնադիր Կարեն Ալեքսանյանն ուզում է աշխարհին ցույց տալ կիրիլական այբուբենով գրող ժողովուրդների մշակութային հարստությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Բուլղարիայի «Կիրիլիցայի պալատ» թանգարանը ռուս գրողների նոր արձաններ կկանգնեցնի։ Բացումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։ Տոլստոյի, Տուրգենևի, Գրիբոեդովի, Կրիլովի, Գոգոլի, Չեխովի ու Գորկու արձանների բացմանը մասնակցելու համար թանգարանի հիմնադիր Կարեն Ալեքսանյանը հրավերներ է ուղարկել Բուլղարիայի ռուս դիվանագետներին, Ռուսաստանի ԱԳՆ-ին ու նույնիսկ Կրեմլ։

«Արձանները մայիսին արդեն պատրաստ էին։ Այստեղ՝ Պլիսկայում, պատվանդաններն էլ են արդեն պատրաստ։ Ռուսական կողմից միայն առաքում ենք ակնկալում», — ասում է «Պալատի» հիմնադիրը Ալեքսանյանը։

Թագավորական պալատում՝ Բառի պալատում

Պլիսկան Բուլղարիայի առաջին մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է VII դարում։ Ըստ ավանդության՝ քաղաքը սկսել է կառուցել բուլղարական պետության հիմնադիր Ասպարուխ խանը։ Հիմա այստեղ ավելի շատ են գալիս ոչ միայն հզոր պատմությունը, այլև փառավոր ներկան տեսնելու համար։

Ալեքսանյանը մի քանի տարի առաջ է ստեղծել «Կիրիլիցայի պալատը»։ Սկզբում նա տարածքն է գնել, հետո ցանկապատել է այն։ Իսկ հետո այնտեղ բացել է․․․ ոչ, ռեստորան չէ, ոչ էլ զվարճանքների կենտրոն, այլ թանգարան` բաց երկնքի տակ։ Աշխարհում առաջին ու միակ կիրիլիցայի թանգարանը։

Ալեքսանյանը բերել է այստեղ կիրիլիցայի ու գլագոլիցայի ՝ Կյուրեղի ու Մեթոդիոսի երկու այբուբենների քանդակները։ Գլագոլիցան պատրաստված է սլավոնական ոճով ու փայտից։ Իսկ կիրիլական այբուբենի տառերը հայկական խաչքարեր են հիշեցնում։ Զարմանալի չէ. դրանք ստեղծել է վարպետ Ռուբեն Նալբանդյանը` Արարատյան դաշտի Արշալույս գյուղից։

«Երջանիկ եմ, որ կարողացել եմ երկու սուրբ այբուբենների տառերը պատրաստել», — սիրում է կրկնել Ռուբենը։

Երկու՞։ Այո, քանի որ հայկական այբուբենով խաչքարերն էլ նրա ձեռքի գործն են։ Դրանք դրված են Օշականում՝ Մաշտոցի հայրենի գյուղում։

Խաչքարերից մեզ հայտնի զարդանախշերը Նալբանդյանն օգտագործել է նաև կիրիլիցան պատրաստելիս։ Սակայն բոլոր բուլղարացիների համար այդ տառերն արդեն հարազատ են դարձել։ Ու ոչ միայն նրանց համար։ Այստեղ են գալիս նաև սերբերը, ռուսները, բելառուսները, ուկրաինացիներն ու նույնիսկ ոչ սլավոնները՝ կիրիլիցայով գրող Ռուսաստանի ժողովուրդների ներկայացուցիչները։ Այստեղ նույնիսկ մոնղոլներ են եղել։ Բոլորին խորհրդանշական գումարով են ներս թողնում, երեխաներին ու թոշակառուներին՝ գրեթե անվճար։ Իսկ էքսկուրսիաներն ընդհանրապես անվճար են։

Տառերը տեղադրելուց հետո Ալեքսանյանը որոշել է այդ բոլոր ժողովուրդների գրողների ծառուղի բացել։ Այստեղ արդեն կան բուլղարացի դասականների արձանները՝ և՛ լուսավորիչ Պաիսի Խիլենդարսկու, և՛ դասական Իվան Վազովի, Խրիստո Բոտևի արձանները, և՛ նրանց հարևան սերբերի՝ Վուկ Կարաջիչի, Բրանիսլավ Նուշիչի ու Իվո Անդրիչի արձանները, և՛ ռուս գրողների՝ Պուշկինի, Դոստոևսկու, Եսենինի արձանները։ Նրանց կողքին Վիսոցկին է իր ըմբոստ կիթառով։

Бюст Владимира Высоцкого во Дворе Кириллицы. Город Плиска, Болгария
© Photo : provided by Karen Aleksanyan
Վլադիմիր Վիսոցկու կիսանդրին

Ոչ ռուս դասականներից այստեղ կա օսեթ Կոստա Խետագուրովը և ինգուշ Իդրիս Բոզորկինը։ Սեպտեմբերի 14-ին ռուս դասականների հետ կբացեն նաև չուվաշ գրող Նիկոլայ Իլբեկովի արձանը։ Ակնկալվում է, որ կբացվեն ևս երեք տասնյակ ժողովուրդների գրողների արձանները։ Քանի որ նրանք բոլորը կիրիլական այբուբենով են գրել։ Իսկ նրանց կողքին Ալեքսանյանն ուզում է դնել նաև հայ գրողների արձանները։ Ինչու՞։

Ասես հարազատ լինի

Ոչ թե այն պատճառով, որ թանգարանի հիմնադրի ազգանունը «յան»-ով է վերջանում։ Այլ որովհետև հայերն իրենց այբուբենն ունենալով հանդերձ շատ լավ են վերաբերվում կիրիլիցային։ Ցանկացած մարդ, որ Հայաստան այցելի, կհամոզվի դրանում», — նշեց Ալեքսանյանը։

Бюст русского писателя Федора Достоевского во Дворе Кириллицы. Город Плиска, Болгария
© Photo : provided by Karen Aleksanyan
Դոստոևսկու կիսանդրին

Հավելենք, որ հայ գրողներից շատերը լավ են տիրապետել ռուսերենին։ Իսկ բանաստեղծ Վահան Տերյանը (առաջին կրթությամբ՝ ռուսերենի մասնագետ) այնքան լավ էր ռուսերենին տիրապետում, որ իր զրույցով տպավորել էր Մաքսիմ Գորկուն․ նա հարցրել էր՝ ինչու Տերյանը ռուսերեն չի գրում։ Բանաստեղծն իհարկե հավատարիմ էր հայերենին, բայց հիանալի ռուսերենով հրապարակախոսական հոդվածներ է ժառանգություն թողել։

Հայերը սիրով են ուսումնասիրել նաև այլ «կիրիլյան» լեզուները։ Գարեգին Նժդեհը, որը երկար տարիներ Բուլղարիայում է ապրել, լավ է տիրապետել բուլղարերենին։ Իսկ հայտնի տնտեսագետ Տիրան Սուքիասովիչը (Սուքիասյան) սերբերեն հոդվածներ է գրել` միաժամանակ հիանալի տիրապետելով հայերենին։

Օտար հող չէ

Ալեքսանյանը ինքն է վճարում բոլոր արձանների համար։ Միաժամանակ չի փորձում իր ճաշակը պարտադրել այլ ազգերին։ Այդ պատճառով գրողների ու քանդակագործերի ընտրությունն իրականացնում են համապատասխան հանրապետությունների նախարարությունները։ Օրինակ` ռուս գրողների նոր արձանները Մոսկվայում են ընտրել, դրանք քանդակել են Զուրաբ Ծերեթելին, Սալավատ Շերբակովը, Ալեքսանդր Ռուկավիշնիկովը և այլ հայտնի վարպետները։

«Ինձ համար կարևոր է, որ այստեղ՝ Կիրիլիցայի պալատում, ներկայացված լինի կիրիլիցայով գրող ժողովուրդների գրականությունն ու քանդակները։ Իսկ թե ում արձանը պետք է կանգնեցվի, դա արդեն իրենց որոշումն է», — պարզաբանում է Կարենը։

Նա խնդրում է վճարել միայն պատրաստի քանդակը Բուլղարիա առաքելու համար։

Бюст русского поэта Сергея Есенина во Дворе Кириллицы. Город Плиска, Болгария
© Photo : provided by Karen Aleksanyan
Եսենինի կիսանդրին

Բուլղարական հողը, իհարկե, օսեթի ու ինգուշի համար օտար չէ։ Իսկ ռուսի կամ սերբի համար՝ առավել ևս։ Այնուամենայնիվ, ամեն հուշարձանի տակ Ալեքսանյանը գրողի հարազատ վայրի հողն է դնում։ Եսենինի ոտքերի տակ Ռյազանի հողն է, իսկ Պուշկինի ոտքերի տակ` նրա սրտին հարազատ Միխայլովսկոյե գյուղինը։

Бюст Александра Сергеевича Пушкина во Дворе Кириллицы. Город Плиска, Болгария
© Photo : provided by Karen Aleksanyan
Պուշկինի կիսանդրին

Բարերար տատը․․․

Արդյո՞ք այլ բարերարներ էլ են ոգեշնչվել։ Ամենախոշոր բարերարն առայժմ․․․ 84-ամյա թոշակառու Յորդանկա Սավովան է, որը նախկինում բուլղարերենի ուսուցչուհի է եղել։ Նա երեխաներ չունի ու իր ողջ կյանքում խնայած գումարը որոշել է նվիրաբերել հինգ քանդակի պատրաստման համար։ Դրանց շարքում են Պաիսի Խիլենդարսկին, որը վերակենդանացրել է բուլղարական ինքնագիտակցությունը, ու չորս բուլղարացի հայտնի գրող։

․․․Ու թուրք նվիրաբերողը

Ինչպե՞ս են վերաբերվում այդ նախաձեռնությանը թուրքերը։ Բուլղարիայում նրանք շատ են, իսկ նրանց կուսակցությունը խորհրդարանում 10% է կազմում։

Ընդհանուր առմամբ նորմալ են վերաբերվում։ Թանգարանի համար մի քանի քանդակ է ստեղծել Բուլղարիայի ամենահայտնի քանդակագործներից մեկը՝ Վեջի Ռաշիդովը, որն ազգությամբ թուրք է։ Նրա աշխատանքները ներկայացված են Լուվրում ու մի քանի հայտնի պատկերասրահներում։ Դեռ «Կիրիլիցայի պալատից» ու Ալեքսանյանի հետ ծանոթանալուց առաջ Ռաշիդովը Սպիտակի երկրաշարժից տուժածներ համար խոշոր գումար է նվիրաբերել։ Հիմա նա Գյումրու պատվավոր քաղաքացի է։

Бюст ингушского писателя Идриса Базоркина во Дворе Кириллицы. Город Плиска, Болгария
© Photo : provided by Karen Aleksanyan
Իդրիս Բազորկինի կիսանդրին

Ամբողջ տարի գալիս են

Բոլորի համար տեղ կա` և՛ գրողների, և՛ բարերարների, և հյուրերի։ Այստեղ ամենից շատ գալիս են թոշակառուներն ու երեխաները։ Երեխաներին ուսուցիչներն են բերում։ Այստեղ բաց դասեր են անցկացնում, ատեստատներ են հանձնում, նկարվում են ամբողջ դասարանով։ Իսկ տարեց մարդիկ ամբողջ տարի են գալիս։

«Ինչու՞ ես ամաչում բուլղարացի կոչվելուց» — հայր Պաիսիի «Սլավոնա-բուլղարական պատմության» նշանավոր արտահայտություններից մեկն է։

Ու երևում է՝ տարեցները ուրախանում են, որ այդ խոսքերը կամաց-կամաց դիպչում են իրենց թոռների հոգիներին։

Տրամադրած տեղեկությունների համար շնորհակալություն եմ հայտնում բանասեր Գևորգ Էմին-Տերյանին ու գրող, Սերբիայի հետազոտող Բաբկեն Սիմոնյանին։

Գլխավոր թեմաներ