13:52 17 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Ճանապարհ

Երևանից Մոսկվա 20 դոլարով. վարորդները բողոքում են «էժան» մրցակցությունից

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
148 0 0

Ապօրինի փոխադրողները բուժզննում չեն պահանջում վարորդներից, Երևանից Մոսկվա տանող ճանապարհին էլ փոխարինող վարորդ չկա։ Հարցը պետք է լուծի տրանսպորտային տեսչությունը, որն այժմ վերակազմավորման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ապօրինի երթեր իրականացնող միկրոավտոբուսներով արտերկիր մեկնելը շատ էժան է։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին միանգամից մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները։

«Երբեմն այնպիսի՜ հայտարարություններ ես տեսնում... Երևանից Մոսկվա են տանում 10 հազար դրամով։ Մենք 25-30–ով ենք տանում` կախված ռուբլու փոխարժեքից։ Սակայն մենք երկու վարորդ ունենք, որոնք փոխարինում են իրար։ Ավտոկայանում նրանց զննում ենք երթուղուց առաջ։ Իսկ կարևորը` մենք հարկ ենք վճարում, արտոնագրային վճար։ Իսկ ապօրինի աշխատողները գուցե ոչինչ էլ չեն վճարում։ Այդ պատճառով էլ նրանք էժան են տանում։ 7-8 տեղանոց միկրոավտոբուսներ են վերցնում, մարդկանց հավաքում և մեկնում։ Մարդիկ էլ չեն բողոքում։ Միայն թե էժան լինի», – ասաց փոխադրողներից մեկը` Մարատը։

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանն էլ իր հերթին նշեց, որ նման ուղևորափոխադրումները, ցավոք, շատ դժվար է վերահսկել, ինչը նշում են նույնիսկ Եվրամիության գործընկերները։

«Սկզբունքորեն վարորդը միշտ կարող է արդարանալ` ասելով, որ մի քանի ուղևոր իրեն վարձել են որպես տաքսիստ։ Իսկ տաքսու ուղևորությունները մենք արգելել չենք կարող։ Բայց նրանց հետևելու ձևեր ամեն դեպքում կան։ Դրա համար տրանսպորտային տեսչություն գոյություն ունի, որն այժմ վերակազմավորման փուլում է։ Շուտով վերստին կաշխատի, ու այդ ժամանակ վերահսկման հնարավորությունները կավելանան», – ասաց նա։

Մելքոնյանն ընդգծեց, որ պետք է տարբերակել ոչ կանոնավոր և ապօրինի փոխադրումները։ Ոչ կանոնավոր փոխադրումները չարտերային ինքնաթիռներ են հիշեցնում. կանոնավոր երթեր չեն իրականացվում, բայց պահպանում են բոլոր կանոնները. յուրաքանչյուր թռիչքից առաջ ստուգում են օդաչուին և ինքնաթիռը։ Իսկ ապօրինի փոխադրողները, Մելքոնյանի խոսքով, նրանք են, ովքեր չվերթեր են իրականացնում ինչպես պատահի և վայրէջք կատարում որտեղ պատահի։

«Այսինքն ոչ կանոնավոր փոխադրումներն արգելված չեն։ Մենք նույնիսկ նրանց ընդառաջում ենք։ Ռուսաստանը քվոտա է սահմանել. Հայաստանից Ռուսաստան տարեկան կարող են մուտք գործել ոչ ավելի, քան հազար ոչ կանոնավոր երթուղի իրականացնող մեքենա։ Եթե մինչև տարեվերջ այդ հազարը սպառվում է, դիմում ենք ռուս գործընկերներին և խնդրում լրացուցիչ տեղեր հատկացնել։ Սակայն ապօրինի փոխադրողներին մենք, իհարկե, չպետք է օգնենք։ Նրանց պետք է ցույց տանք, որ պետք է օրենքով աշխատել։ Իսկ մեր համաքաղաքացիներին ցույց տանք, որ օրինական փոխադրումներն ավելի անվտանգ են», – ասաց Մելքոնյանը։

Նշենք, որ Տրանսպորտի նախարարությունն օգոստոսին փոխադրումների առաջին մրցույթն անցկացրեց, որպեսզի պաշտոնապես օրինականացնի գործող երթուղիները։ Այսօր երկրորդ մրցույթն անցկացվեց։ Դրանք կանցկացվեն աստիճանաբար, որպեսզի պետությունը լիարժեքորեն վերահսկի փոխադրումները։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ Փաշինյանի նախաձեռնությունն իրարանցում առաջացրեց տաքսիստների շրջանում
Ինչու են հայ կանայք տաքսու վարորդ աշխատում. մի կնոջ պատմություն

Գլխավոր թեմաներ