00:05 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Հերթական սքրինինգի նպատակով Հայաստանում է Երևանի կենդանաբանական այգու մենթոր, Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատորը:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգին առաջիկայում կարող է ընձուղտներ, անտիլոպներ և զեբրեր ունենա: Այս մասին այսօր այգում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր Յանոշ Շանտոն:

«Արտիսը» Երևանի կենդանաբանականի մենթորն է, ուսուցիչը, որը մեր այգուն 2012 թվականից ուղեկցում է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (EAZA) անդամության թեկնածու լինելուց մինչև լիիրավ անդամ դառնալու ճանապարհին:

Ամեն տարի EAZA ներկայացուցիչները աշնան շրջանում ստուգայցի են գալիս Երևանի կենդանաբանական, ծանոթանում արված աշխատանքներին և նախանշում հետագա անելիքները:

Յանոշ Շանտոն, անձամբ, արդեն 10-ից ավելի անգամներ է եղել Երևանում: Համեմատում և ֆիքսում է՝ 2012 թ.-ի համեմատ այգին հսկայական փոփոխությունների է ենթարկվել: EAZA-ում  գոհ են այգու աշխատանքից և այս պահին Երևանի համար ընձուղտներ և զեբրեր են փնտրում։ Յանոշ Շանտոն նաև ֆիքսեց, որ ներկա պահին EAZA-ի լիիրավ անդամ դառնալու թեկնածուների մեջ Երևանի կենդանաբանականը առանձնահատուկ տեղ է գրավում:

Ասուլիսի ընթացքում խոսվեց նաև վերջերս արձանագրված միջադեպերի և կենդանիների՝ մասնավորապես կոկորդիլոսի անկման դեպքի մասին:

Այն հարցին, թե «եթե այգին բավարարում է EAZA պահանջներին, որը ենթադրում է կենդանիների բարեկեցության ապահովում, ապա ինչպես են ասոցիացիայում վերաբերվում արձանագրված անկումներին», Յանոշ Շանտոն պատասխանեց, որ կենդանիների անկումը նորմալ երևույթ է բոլոր կենդանաբանական այգիներում: Երևանի կենդանաբանական այգու պարագայում տարեկան անկումների թիվը նորմայի մեջ է և կազմում է 7-8 %:

Այս հարցի շուրջ խոսելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ իրենք ժառանգել են ծեր և գենետիկորեն ոչ առողջ կենդանիներ, որոնք, շատ դեպքերում, ներազգակցական կապի ծնունդ են ու, բնականաբար, օժտված են ցածր կենսունակությամբ ու թույլ իմունիտետով:

Բացի դրանից Կենդանաբանական այգու կոլեկցիան, ըստ տնօրենի, վատ է կառավարվել, կենդանիների սեռատարիքային կազմը չի հաշվարկվել:

«Ցանկացած կենդանու, որին ուզել են նվեր տալ կամ փրկել, բերել են այստեղ, և ոչ մեկը չի կարող ասել՝ ինչ հիվանդություններ են բերել դրանք իրենց հետ»,-մանրամասնեց  Ռուբեն Խաչատրյանը։

Խոսվեց նաև վերջերս անկած կոկորդիլոսի մասին. տվյալ կենդանին, ըստ այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի, 10-ը և ավելի տարիներ ունեցել է խրոնիկ հիվանդություն։ Բայց, կենդանու անկման պատճառը ճշգրիտ կիմացվի, երբ պատրաստ լինեն դիահերձմանը հաջորդած լաբորատոր փորձաքննությունների պատասխանները:

Հիշեցնենք, որ նեղոսյան կոկորդիլոսի դիահերձմանը մասնակցել են անասնաբուժության տեսչության, ՀԱԲԼԾԿ մասնագետներ, Ագրարային համալսարանի մորֆոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսորներ:

Вскрытие крокодила в Еревaнском зоопарке
© Sputnik / Stringer
Գիտնականների և մասնագետների խումբը՝ Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում
«Կոկորդիլոսը կենդանաբանական այգում է հայտնվել 20-25 տարի առաջ, սակայն չկա որևէ փաստաթուղթ նրա ծագման, առողջական վիճակի կամ նրա տարիքի վերաբերյալ»,- ասաց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը:

Լրագրողների այն հարցին, թե մինչ օրս կոկորդիլոսը ստուգումներ չի՞ անցել, որի միջոցով կարող էր պարզվել նրա հիվանդությունը՝ Յանուշ Շանտոնը պատասխանեց.

«Կոկորդիլոսը բավականին ամրակազմ կենդանի է, և  կլինիկական ախտանիշները տեսանելի չեն։ Կոկորդիլոսը չի կարողանում իր վարքագծով ցույց տալ, որ առողջական խնդիր ունի. օրինակ, եթե զեբրը հիվանդության դեպքում կախում է ականջները, որից հասկանալի է դառնում, որ նա խնդիր ունի, ապա կոկորդիլոսը ոչ մի կերպ ցույց չի տալիս իր ցավերը»:

Շանտոնը նշեց նաև, որ դժվարություններ կան կոկորդիլոսին քնեցնելու և հետազոտելու հարցում, քանի որ դա որոշակի ռիսկեր է ենթադրում հենց կենդանու համար, հատկապես այն դեպքում, երբ կենդանին արդեն ունի որոշակի խրոնիկ հիվանդություններ:

Խոսվեց նաև վերջերս նկատվող բողոքի ալիքի մասին: Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հիշեցրեց, որ նմանատիպ բողոքի ալիքներ նախկինում էլ են եղել. նախ երբ ինքը նշանակվել է այգու տնօրեն, հետո երբ փոխվել է Երևանի քաղաքապետը և հիմա, երբ կրկին քաղաքապետ է փոխվել: Նախկինում էլ գրեթե նույն մեղադրանքներն են հնչել։

Կենդանաբանական այգու տնօրենն ասաց, որ մեղադրանքների ցանկը ներկայացվել է տարբեր մարմինների, և անցկացվում են ստուգումներ, որպեսզի պարզվեն՝ արդյոք դրանք ճշմարտության հետ աղերս ունեն։

«Մենք դիմել ենք դատարան, որպեսզի պահանջենք հերքում այն ստերի, որոնք տարածվեցին Երևանի կենդանաբանական այգու և իմ անձի նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը։

Տնօրենը վստահեցնում է, որ կենդանիների անկումներ միշտ էլ եղել են, հանրության խուճապը արհեստածին է,  իր դեմ բողոքի ակցիայի հետևանք։ Ըստ նրա՝ նպատակը պարզ է. Կենդանաբանական այգին, որը 7 տարում հասել է մի նիշի, երբ պետք է Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի լիիրավ անդամ դառնա, ուզում են գնա հետ։

«Այս դեզինֆորմացիայի նպատակը  Երևանի կենդանաբանական այգու՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի լիիրավ անդամ դառնալը ձախողելն է, քանի որ որոշ մարդիկ  ունեն անձնական շահեր. այգու անդամակցությունը պետք է բացառի որևիցե անհատի շահը` կապված կենդանիների բազմացման, առուվաճառքի և էկզոտարիումների աշխատանքի հետ։ Ահա թե ինչու չեն ուզում, որ մենք միանանք այս ասոցիացիային: Ով էլ հետագայում լինի Կենդանաբանականի տնօրեն, EAZA կանոնակարգերը բացառելու են որևէ ֆինանսական գործարք` կապված կենդանիների շարժի հետ»,-ասաց Խաչատրյանը:

Երևանի կենդանաբանական այգին Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի թեկնածու անդամ է, լիիրավ անդամ կդառնա հաջորդ տարի։

Ըստ թեմայի

Գրքի փառատոն Կենդանաբանական այգում՝ Անկախության տոնին ընդառաջ
Աշնան գույներն՝ ըստ մանուկների. կայացավ ևս մեկ գունագեղ միջոցառում
Թակարդն ընկած արջին Երևանի կենդանաբանական այգու և FPWC-ի մասնագետները փրկեցին
Ինչպես «Բժիշկ Այբոլիտ» Մանուկը գերեց միլիոնների սրտերը
IAR-ի մասնագետները բուժում են Կենդանաբանական այգու գիշատիչների ատամները
Հուշագրի կնքում՝ ուղիղ եթերում. Մոսկվան և Երևանը խորացնում են համագործակցությունը
Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ