10:40 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Գյումրի

Ե՞րբ կլուծվի աղետի գոտում ապրողների բնակարանային խնդիրը. պաշտոնյան ժամկետ նշեց

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (39)
87 0 0

Որքան գումար է ծախսվել ու դեռ պիտի ծախսվի, որպեսզի «աղետի գոտի» հասկացությունը վերանա Հայաստանից։ Հաշվարկները ներկայացրել է Քաղաքաշինության պետական կոմիտեն։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Աղետի գոտու անօթևան ընտանիքների խնդիրը վերջնականապես կլուծվի 2020թ–ին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«542 ընտանիք (հիմնականում աղետի գոտու գյուղական բնակավայրերում) դեռ սպասում են իրենց խնդիրների լուծմանը։ Դրանց հիմնական մասը` 345–ը` Լոռու, 167–ը` Շիրակի, 30–ը` Արագածոտնի մարզերից»,– ասաց Արզումանյանը։

Այս 500 ընտանիքների բնակապահովման խնդիրը լուծելու համար 2019թ–ի  պետական բյուջեով արդեն իսկ հատկացված է 560 մլն դրամ։ Թե որ մարզերին կուղղվի ու ինչ ուղղությամբ կծախսվի այս գումարը, կորոշվի հաջորդ տարեսկզբին։

Իսկ մինչ այդ հաջորդ տարի ավարտին կհասցվի նաև այս տարի նախանշված ու հետաձգված մեկ այլ ծրագիր, որը դեռ մի քանի տարի առաջ պետք է իրականացներ «Գլենդել Հիլզ» ընկերությունը։

Այս ծրագրով կառավարությունը փորձում էր աջակցել աղետից տուժած այն ընտանիքներին, որոնք սեփական ուժերով սկսել էին տուն կառուցել, բայց չէին կարողացել ավարտել։ Բայց «Գլենդել Հիլզը» ճանաչվեց սնանկ, տները մնացին անավարտ։

«Կառավարության որոշումը դեռևս հունիսին դրվեց շրջանառության մեջ, սակայն ռիսկերի նվազեցման հիմնավորմամբ հետ վերադարձվեց` լրամշակման ու առավել արդյունավետ մեխանիզմներ գտնելու համար։ Ի վերջո, 2 շաբաթ առաջ որոշումն ընդունվեց։ Աշխատանքները կմեկնարկեն արդեն գարնանը։ Լոռու 44 ընտանիքի անավարտ տներն ավարտին կհասցվեն»,– ասաց Արզումանյանը:

Անցած 30 տարում երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով, քաղաքաշինական կոմիտեի տվյալներով, հատկացվել է ավելի քան 8 մլն դոլար։ Լուծվել է 66 400 ընտանիքի բնակարանի խնդիր։ Բայց սրանով աղետի գոտու անօթևանների ու տնակների հարցը չի լուծվում։

Այս տարի կառավարությունը որոշում է կայացրել վերջնականապես հաշվառել ու գույքագրել  տնակները։ Վերջնական տվյալները դեռ չկան, բայց նախնական տվյալներով` միայն Գյումրիում ու Վանաձորում  2839 տնակ կա` մետաղական, փայտյա, կիսով չափ քարապատված։

Տնակներում բնակվող ընտանիքներից շուրջ 400–ը, սոցիալական կարիքներից դրդված, վաճառել են իրենց տրված բնակարանները, 200-ը հարակից գյուղերից եկել, բնակվում են քաղաքում, 600–ը` ներընտանեկան խնդիրների պատճառով են հեռացել բնակարանից,իսկ  200-300–ը բնակեցված չեն, ու հայտնի չէ` այդ ընտանիքների բնակարանային խնդիրը լուծվել է, թե ոչ։

Տնակներից բացի, մարզում օրեցօր ավելի հրատապ է դառնում նաև վթարային շենքերի խնդիրը։ Պաշտոնական տվյալներով` միայն Գյումրիում ու Վանաձորում շուրջ 200 վթարային շենք կա։

թեմա:
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (39)

Ըստ թեմայի

Գյումրու վթարային շենքեր. երկրաշարժի ուրվականները` նոր վտանգ բնակիչների գլխին
Սփյուռքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Սպիտակի երկրաշարժի օրերի աջակցության համար
Հայաստանում երկրաշարժի վաղ «ախտորոշման» նոր միջոց է մշակվել
թեգերը:
Սպիտակի երկրաշարժ 1988, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ