17:16 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
28520

Բազմացման շրջանում ձուկ բռնելն արգելված է, ամբողջ աշխարհում դա սրբապղծություն է համարվում, բայց ոչ Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. 2018թ–ին սիգի արդյունագործական պաշարն ավելացել է 3 տոկոսով և կազմել 740 տոննա` 2017թ–ի 540 տոննայի փոխարեն։ Այդուհանդերձ, Հայաստանի ԳԱԱ Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը կարծում է, որ Հայաստանի համար կարևոր ձուկը ոչնչացման վտանգի տակ է։

«Հոկտեմբերին էխոլոտային նկարահանումը ցույց է տվել, որ անցած տարվա համեմատ արդյունագործական պաշարի աճ կա։ Սակայն այդ ցուցանիշը կարող է կտրուկ նվազել որսագողերի ակտիվացման պատճառով, որոնք սկսում են զանգվածաբար ձուկ բռնել ձվադրման շրջանում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գաբրիելյանը։

Նա նշեց, որ բազմացման շրջանում ձուկ բռնելը խստորեն արգելված է, ամբողջ աշխարհում դա սրբապղծություն է համարվում։

«Այսօր ցանկացած շուկայում, բակերում մենք տեսնում ենք, որ վաճառում են ձկնկիթով սիգ և բանկաներով ձկնկիթ։ Նախաձվադրային շրջանում մեկ ձուկ բռնելով` մենք կորցնում ենք մի քանի հազարը», – ասաց Գաբրիելյանը։

Ձկան արդյունաբերական պաշարների աճը չի փրկում իրավիճակը, քանի որ երկրում հատկապես այս տարի անկառավարելի որս է իրականացվում, ինչը հաստատ լուրջ խնդրի կհանգեցնի ապագայում։ Նա նշեց, որ սիգը պետական սեփականություն է։ Եվ եթե թույլ ենք տալիս ձուկ որսալ` պատճառաբանելով մարդկանց ծանր սոցիալական դրությունը, ապա նշանակում է պետք է օրինականացնել նաև կողոպուտի մյուս տեսակները։

Ինչպես նշեց փորձագետը, այս տարի որսագողերի հետ կապված իրավիճակն ավելի վատ է, քան նախորդ տարիներին, նախկինում գոնե վախենում էին բացահայտ վաճառքից։ Նա հիշեցրեց, որ սիգը Սևանա լճի ու հայ ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունի, և այդ ձուկը ոչ միայն սննդի աղբյուր է, այլ նաև բնապահպանական կարևորագույն գործառույթ ունի։ Գաբրիելյանը հիշեցրեց, որ մութ ու ցուրտ 90–ականներին հայ ժողովրդին քաղցից փրկել է հենց սիգը։

Նրա խոսքով` լավ վիճակում չէ նաև իշխանը։ Եթե 2017թ–ին արդյունագործական պաշարը հասել էր 17 տոննայի, ապա այս տարի այն կազմել է 1,5-2 տոննա։ Պատճառն այն է, որ ոչ մի գետ հարմար չէ իշխանի ձվադրման համար, գետերում բնական ձվադրում տեղի չի ունենում։

Փորձագետը նշեց, որ ինքն ամեն տարի բարձրացնում է ձկան էնդեմիկ տեսակների պահպանման հարցը, բայց կառավարությունն ու պատկան մարմիններն ուշադրություն չեն դարձնում։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ