ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Օպերայի շրջակայքը սրճարաններից մաքրելու գաղափարը հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ողջունում է։ Նրա խոսքով`սրճարանները քանդել պետք է, բայց օրինական կարգով։
«Առանց այդ էլ մեկս մյուսի նկատմամբ առանձնապես բարյացակամ չենք։ Ավելի սրել այդ վիճակը տարբեր գործողություններով, չի կարելի»,– ասաց Կարապետյանը` հավելելով, որ հողազավթումներն ու ապօրինի կառույցները պետք է վերացվեն։ Իսկ օրինականները` փոխհատուցվեն։
«Այն օրերին օրենքը շրջանցելու մշակույթ կար։ Եթե այդ տեսակետից նայենք կպարզվի, որ Երևանի 40 տոկոսը պիտի քանդվի»,- հավելեց Կարապետյանը։
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն ավելի խիստ մեթոդների կողմնակից է։ «Որևէ մեկը տարիներ շարունակ չմտածեց, թե ժողովրդի վիճակն ինչպես է լինելու։ Իսկ մենք մտածում ենք, թե այդ կառուցողների վիճակն ինչ կլինի։ Ինչպե՞ս կարելի է, ամբողջ տարածքը գրավել են։ Ամեն մի կուսակցություն մի սրճարան է բացել. ՀՅԴ–ն ունի, ԲՀԿ–ն ունի, ՕԵԿ–ն ունի։ Ես կարծում եմ, որ քաղաքի հատակագծի պահպանման հարցում պետք է շատ դաժան լինել»,– ասաց նա։
Լևոն Թոքմաջյանի համոզմամբ՝ օպերայի շենքը շրջապատած սրճարանները պետք է քանդվեն ու դրանց տեղում ծառեր տնկվեն, հատկապես որ նրա դիտարկմամբ` Երևանում սրճարաններն առանց այդ էլ շատ են։
«Մի քիչ բարձրանանք վերև` «Պապլավոկի» մոտ ամբողջը սրճարաններ են, ամբողջ քաղաքը սրճարաններ են։ Այդքան սրճարանների մեջ խեղդվում ենք արդեն։ Մի՞թե երիտասարդությունը սրճարանում նստելուց բացի ուրիշ հետաքրքրություն չունի», – ասաց Թոքմաջյանը։
Սրճարանների առատությունից դժգոհող արվեստագետը վստահեցրեց, որ երբեք օպերայի տարածքի սրճարաններ չի այցելել։ Բայց և խոստովանեց, որ երիտասարդ տարիքում երևանյան սրճարանների մշտական այցելուներից էր։ «Է, հա, սիրահարված եմ եղել, գնացել եմ»,– ասաց նա։
Հիշեցնենք, Երևանի քաղաքապետարանն օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստվում է վերականգնել օպերայի հարակից տարածքի կանաչ գոտին։ Այդ նպատակով նախատեսվում է Ազատության հրապարակին հարող հատվածում հողակտորներ վարձակալած սրճարանների տերերը քաղաքապետարանից ծանուցում են ստացել, որով իրենց առաջարկվում է հրաժարվել վարձակալած հողամասերից։