ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցն այսօր գերծանրաբեռնված չէ, հունվարի 23-ին դրությամբ մանկական բաժանմունքում գրանցվել են 30 հիվանդ, ինչը սեզոնի համար սովորական է: Բուժհաստատության տնօրեն Աշոտ Կուրղինյանն այս մասին ասաց Sputnik Արմենիային` անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե սուր շնչառական վարակների պատճառով, մանկական բաժանմունքում ազատ հիվանդասենյակներ չկան։
«Ունենք նորմալ ծանրաբեռնվածություն: Մանկական բաժանմունքում ունենք 30 մահճակալ, 30 հիվանդ: Այնպես չէ, որ ունենք 30 մահճակալ, 60 հիվանդ: Պետք է նաև հաշվի առնել, որ մեր հիվանդանոցում նաև ծնողներն են մնում»,- ասաց նա` նշելով, որ հիվանդների թվի հարաբերական աճը կապված է նաև այն հանգամանքով, որ ցանկացած ջերմության դեպքում ծնողները երեխաներին հիվանդանոց են տանում։
Բժիշկը նաև անդրադարձավ մամուլում հրապարկված մեկ այլ հրապարակման, ըստ որի` հիվանդանոց ընդունված երեխաներից մեկի տատիկը բողոքել է, թե թոքաբորբով հիվանդ թոռնիկին ստիպել են տեղափոխվել այլ հիվանդասենյակ:
Կուրղինյանը նշեց, որ հիվանդին մի հիվանդասենյակից մյուսը տեղափոխելը վատ վերաբերմունք չի եղել, այլ արվել է երեխայի առողջության համար։ Միակ սխալը եղել է այն, որ տատիկին պատշաճ բացատրություն չեն տվել: Թոքաբորբով հիվանդ երեխան 3-րդ օրն է անցկացրել հիվանդանոցում՝ որոշակի դրական դինամիկայով, իսկ ընդունված հիվանդ երեխաների մոտ եղել է «կրուպի» ախտանիշ` վերին շնչուղիների սուր վիրուսային վարակով, ինչը վտանգավոր է նախևառաջ այդ երեխայի համար:
«Դա նորմալ գործողություն է: Ցանկացած իրեն հարգող հիվանդանոցում բաժնի վարիչն ու բուժող բժիշկն իրավունք ունեն որոշելու, թե հիվանդը որ պալատում պետք է լինի։ Իհարկե, հիմնավորմամբ։ Տատիկն այդպես էլ չի տեղափոխվել, մնացել է նույն հիվանդասենյակում, ինչի հետևանքով երեխան հաջորդ օրը ջերմել է»,- ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Նա ավելացրեց, որ բոլոր հիվանդասենյակները նույնաոճ են՝ առանց ինչ–որ առանձնահատուկ տարբերության:
«Եթե չի եղել երեխայի վիճակի վատթարացում կամ ինչ–որ լուրջ խնդիր, այլ եղել է անալիզների պատասխանների ուշացում կամ ինչ–որ նմանատիպ տեխնիկական հարց, կարելի է ճշտել, և եթե իրոք կա խախտում, թող բուժանձնակազմը պատժվի»,– ասաց Կուրղինյանը:
Հիվանդանոցի տնօրենն անդրադարձավ նաև այն լուրերին, թե հիվանդներից գումար են վերցնում։ Նա նշեց, որ հիվանդանոցը 0-7 տարեկան երեխաների պետպատվերով բուժման առաջամարտիկներից է: Պատասխանատուն վստահեցրեց, որ հիվանդանոց ընդունված ցանկացած հիվանդ ստորագրում է փաստաթուղթ այն մասին, որ երեխայի բուժումն անվճար է: Ինքը ևս անձամբ դրա շուրջ զրույց է ունենում ծնողների հետ:
«Իսկ եթե ինչ–որ խնդիրներ կան, միշտ ասել եմ` անմիջապես դիմել ինձ, օգնեք՝ խնդիրները ներկայացնելով: Ես ունեմ ադմինիստրատիվ լծակ ու կամք` որոշակի բժիշկների սանձահարելու, անշուշտ եթե կան նմանները: Այնպես, որ այսօրվանից ավելի խիստ ենք»,– շեշտեց նա:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկը նաև խորհուրդ տվեց՝ ցածր ջերմության դեպքում երեխաներին բուժել տանը՝ ընտանեկան բժիշկի հսկողության տակ և ստացիոնար բուժման դիմել միայն անհրաժեշտության դեպքում: