09:13 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Մերսում

Մերսում «տեսնող ձեռքերից». կանայք գոհ են, տղամարդիկ էլ չեն խանդում

provided by Massage Center «Seeing Hands»
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
346 0 0

Տեսողության խնդիր ունենալը պատճառ չէ հասարակությունից մեկուսանալու համար։ Իրականությունից կտրված, փակ շղթայում հայտնված, կրթության, շփման, հասարակության մեջ ինտեգրվելու կարիք ունեցող մարդկանց համար էլ փակ շղթան երբեմն բացվում է և լույս է երևում, եթե անգամ չեն տեսնում՝ զգում են. նրանց լույսը ներսում է: Նորարար գաղափարները հնարավորություն են տալիս ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հավատալ իրենց ուժերին:

Էլմիրա Թևանյան, Sputnik.

Կույր աչոք, բայց ոչ մտոք

Անդրանիկը չի տեսնում, բայց չի դադարում իր ուժերին հավատալ: «Տեսնող ձեռքեր» ստարտափում է ստեղծման օրվանից։ Հմտացել է մերսման գործում:

Массажный центр «Видящие руки»
provided by Massage Center «Seeing Hands»
Անդրանիկն աշխատանքի ժամանակ

Մինչև այդ էլ փորձում էր օգտակար գործ անել. հասարակական հիմունքներով Կույրերի միավորումում համակարգչային ծրագրեր էր սովորեցնում բախտակիցներին։ Ընտանիք կազմելուց հետո փնտրեց , գտավ աշխատանք, որով կպահի տունը։ Գրեթե 1 տարի ամեն օր սովորում, փորձում, հմտանում էր:Արդյունքը՝ բարձր որակավորում ունեցող մերսող: Անդրանիկի համար ամենակարևորը հաճախորդին իր սենյակից ճանապարհելն է ժպիտով (չի տեսնում, բայց զգում է) ու դրական էներգիայով, որն ինքը փոխանցում է մերսման միջոցով։ «Երբ տեսնում են ու խոսում մեր ձեռքերը՝  մարմինը լռում է, մկանները թուլանում. մեր ձեռքերը հեշտ են գտնում թե որտեղ է խնդիրը»,–ասում է Անդրանիկը: Բացի այդ, օրինակ, կանայք չեն ամաչում կույր մերսողից,  դե տղամարդիկ էլ քիչ են խանդում»։

Массажный салон
«Կանայք չեն ամաչում կույր մերսողից, դե տղամարդիկ էլ քիչ են խանդում»

Մերսողներից մեկն էլ ավելացնում է.«օրինակ, կին հաճախորդները սկզբում մի փոքր կաշկանդված են լինում, հետո ավելի ազատ, ավելի շատ են վստահում և մարմնի ավելի շատ հատվածներ խնդրում մերսել»: 

Ստարտափ

Ամեն ինչ սկսվեց աուդիոգրքերից:

Մասնագիտությամբ հոգեբան երիտասարդ գործարար Մարիամ Դիլբանդյանը աուդիոգրքեր էր պատրաստում,  բաժանում տեսողության խնդիր ունեցողներին: «Ես չեմ կարող երջանիկ ապրել, եթե իմ կողքին կան մարդիկ, որոնք աջակցության կարիքն ունեն: Աուդիոգրքերից հետո անպայման մի կարևոր բան ուզում էի անել նրանց համար: Մայրս մերսող է և մեր քննարկումնների արդյունքում ծագեց այդ միտքը՝ սովորեցնել կույրերին մերսել. նրանց մոտ շոշափելիքները գերզարգացած են»,- ասում է Մարիամը:

Գաղափարով ոգևորված նա սկսեց իր ստարտափը: Առաջին փուլը  հավաքագրումն էր: Հետո չինական մերսման հրավիրված մասնագետը սկսեց սովորեցնել: «Ես ամեն օր գնում էի բերում նրանց տնից կենտրոն, և ամեն մեկի հետ մի քանի ժամ աշխատում էինք: Նախ իրենց էր մերսում թրեյները, հետո իրենք թրեյներին: Եվ այսպես՝ ամիսներ շարունակ»:

Директор массажного центра «Видящие руки» Мариам Дилбандян (справа)
provided by Massage Center «Seeing Hands»
«Տեսնող ձեռքեր» մերսման կենտրոնի տնօրեն Մարիամ Դիլբանդյանը՝ աջից

Բացի կրթելը, սովորեցնելը, նաև հոգեբանորեն են պատրաստել սաներին: Ինտեգրումն էլ հասարակությանը և աշխատանքին երկար ժամանակ է պահանջել:

Կոտրելով կարծրատիպերը

Սոցիալական այս նախագիծը  նաև կարծրատիպեր է կոտրել. հաշմանդամ մերսող, որը կարող է շուկայում մրցունակ լինել: Սկզբում, իհարկե, չեն ընդունել, չեն հավատացել  ու վստահել: «Տեսնող ձեռքերը»  մարտահրավեր էր և՛ կույրերին, որ կարող են աշխատել, լավ մասնագետ լինել, և՛ հասարակությանը, որ կարելի է վստահել։

Երիտասարդ գործարարը մտածում է սոցիալական բիզնեսի զարգացման նոր ուղղություններ: Դրանցից մեկը՝ մերսում աշխատավայրում կամ աթոռային մերսումն է:

15 րոպեանոց կանխարգելիչ մերսումը մասնագետն անում է գրասենյակում։ Ինչպես Մարիամն է ասում, շատ ժամանակ չի խլում՝ ընդամենը մեկ գավաթ սուրճ խմելու չափ, փոխարենը լուծում է շատ խնդիրներ: Արդեն աշխատում են բանկերից մի քանիսի  և ՏՏ  ոլորտի կազմակերպությունների հետ:

Պաշտոնական

Հայաստանում այսօր հաշվառված է տեսողության խնդիր ունեցող 1540 մարդ. ըստ Կույրերի միավորման տվյալների՝ նրանցից աշխատում է միայն 210-ը: Հիմնականում ներգրավված են հատուկ ձեռնարկությունների արտադրական գործում: Ըստ միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանի՝ կարող են աշխատել ավելի մեծ ծավալով, եթե լուծվի շուկայի և իրացման խնդիրը։ Իրենց արտադրած վարդակները և մյուս իրերը մեր շուկայում լավ չեն սպառվում.  չինական անորակ և էժան այլընտրանքն է պատճառը։ Իսկ արտահանելու համար տրանսպորտային ծախսերն են թանկ։

Ձեռնարկությունները, որտեղ ընդգրկված են տեսողության խնդիրներ ունեցողները, աշխատում են ընդամենը 10-ը տոկոսով։

50 տոկոսով աշխատում է միայն Էջմիածնի գործարանը, որն արտադրում է սեղմակավոր բլոկներ և արտահանում Ռուսաստան։ 

Թերի կամ անկատար օրենսդրություն

Մարիամը ստարտափը սկսել է իր խնայողություններով, պետական որևէ աջակցությունից  չի օգտվել: Ըստ նրա, դրանք կամ անհասանելի են կամ անհեթեթ:

Բացի այդ, օրենքները մշակվել են առանց շահառուների կարծիքը հաշվի առնելու: Իսկ օրենսդրական արտոնություններից օգտվելու համար բավական ամուր նյարդեր են պետք. թղթաբանությունը շատ է, օրենքը խրթին:  Նախորդ կառավարության ժամանակ դիմել է այս հարցով՝ չեն արձագանքել, իսկ նոր կառավարությանը՝դեռ չի հասցրել: 

Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր հաշմանդամի համար գործատուին տրվում է փոխհատուցում՝ գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, որը չպետք է գերազանցի սահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափը: Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց՝ մեկ տարի ժամկետով: Յուրքանչյուր հաշմանդամ այս ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

Իսկ աշխատատեղի հարմարեցման նպատակով տեխնիկական և էրգոնոմետրիկ հատուկ պահանջները ապահովելու համար պետությունը յուրաքանչյուր հաշմանդամի համար միանվագ հատկացնում է 500 հազար դրամ:

Գործարարը հուսահատվել է նաև մի շարք հասարակական կազմակերպություններից, որոնք զբաղվում են հաշմանդամների խնդիրներով. «Հասարակական կազմակերպությունները, որոնք կրթում են, պատրաստում հաշմանդամներին, իրականում ոչ մի գործ չեն անում: Միայն փաստաթուղթ են տալիս, բայց երբ գալիս է աշխատելու պահը, հասկանում ես, որ չեն կարող, այսինքն հ/կ –ները ընդամենը գրանտակերությամբ են զբաղված: Բացի այդ պատրաստում են մասնագետներ՝առանց շուկայի պահանջները հաշվի առնելու»,- ասում է ստարտափի հեղինակը:

Հատելով սահմանները           

«Տեսնող ձեռքերի» համար շուտով նոր էտապ կսկսվի:

Այս փուլում վերապատրաստվում են նոր մասնագետներ: Հայ մերսողների ձեռքի ուժն ու հմտությունը կզգան նաև այլ երկրներում:

«Տեսնող ձեռքերը» շուտով  կներկայանա միջազգային շուկայում: Առաջին կանգառը հարևան Վրաստանն է, ապա՝ Հունաստանը:

Ըստ թեմայի

Փակ աչքերով և անվասայլակներով մարդիկ «կօկուպացնեն» Երևանը. ի՞նչ կտան ինկլյուզիայի օրերը
Ինչպես են հաշմանդամություն ունեցող երեխաները «էլիտար անշարժ գույք» կառուցել Երևանում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ