17:12 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Միքայել Մինասյան. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան

«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը

© Official site of the MFA of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
96120

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ազդարարել է Մինասյանների և Հասրաթյանների ընտանիքների նոր նախաձեռնության մասին:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Մինասյանների ընտանիքը հիմնել է կրթամշակութային հիմնադրամ:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որի հայրական պապը Խորհրդային Հայաստանի ականավոր գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մկրտչի Մինասյանն էր, իսկ մայրական պապը ճարտարապետ, Երևանի նախկին քաղաքապետ, ՀԽՍՀ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության պետ Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյանը:

«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ իմ ընտանիքը հիմնել է կրթամշակութային հիմնադրամ ի հիշատակ երկու պապերիս՝ անվանի գիտնական ու քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի»,- տեղեկացրել է Միքայել Մինասյան կրտսերը:

Նա համառոտ ներկայացրել է այդ անձանց անցած ճանապարհը:

Նախկին դեսպանը հիշեցրել է, որ Միքայել Մկրտչի Մինասյանը, տարբեր պաշտոններ զբաղեցնելու հետ մեկտեղ, երբեք չի հեռացել գիտությունից: Լինելով միջազգայնագետ-պատմաբան՝ նա համատեղել է գիտական ու քաղաքական գործունեությունը, եղել է ամբիոնի վարիչ, արժանացել է պրոֆեսորի կոչման:

«Պրոֆեսոր Մինասյանն իր գիտելիքներն ու փորձը ներդրել է նաև բացահայտելու քաղաքական լիդերի և քաղաքական էլիտայի էությունը: Նա համոզված էր, որ քաղաքական լիդերին զսպող ամենահզոր ուժն ու սխալներից պաշտպանողը պատմության առջև պատասխանատվության զգացումն է: Իր գրքերում նա նշում էր, որ քաղաքական գործիչը չի կարող հաջողության հասնել, եթե չգիտի կամ չի կարևորում պատմությունը: Նրա գնահատմամբ՝ պատմությունը փաստերի ոչ թե այսրոպեական, այլ ընդհանրական ընկալումն է, իսկ իրական լիդեր նա է, ով ի զորու է ընկալել և ճիշտ վերլուծել պատմությունն ու իր դերը պատմության շրջապտույտում:

Նա պնդում էր, որ պատմությունը երկրի վերնախավի համար ոչ միայն իմացություն է, այլև պատասխանատվության մեծ բեռ»,- գրել է Միքայել Մինասյանը:

Խոսելով մայրական պապի՝ Գրիգոր Հասրաթյանի մասին, նա հիշեցրել է, որ քաղաքական գործունեությանը զուգահեռ Հասրաթյանը նույնպես զբաղվել է գիտությամբ:

«Պապս ինչ պաշտոնում էլ լիներ` հավատում էր, որ մեծ արդյունքի կարելի է հասնել միայն մեծ երազանք ունենալու դեպքում, որին տանող ճանապարհը պետք է հարթել մշակույթի միջոցով։

Ընդ որում, մշակույթ ասելով նա նկատի ուներ ոչ թե «հայկական մշակույթը հայերի համար», այլ «հայկական մշակույթն աշխարհի համար»։

Նա հավատում էր, որ պետք է բաց լինել աշխարհի առջև, դառնալ համաշխարհային հանրության մասը և ստեղծել զուտ հայկական, բայց աշխարհին հասկանալի ու մրցունակ մշակութային արժեքներ։ Նա համոզված էր, որ մշակույթը պահպանելուն զուգընթաց պետք է միշտ առաջ շարժվել»,- գրել է Մինասյանը:

Նա արձանագրել է, որ իր երկու պապերն էլ թողել են մեծ մշակութային ժառանգություն, որը կարելի տեսնել՝ պարզապես զբոսնելով Երևանի փողոցներում:

«Ուստի մեզ՝ նրանց ընտանիքների անդամների համար, մեծ պատասխանատվություն է շարունակելու այն գործը, որով ապրել են նրանք։ Այդ պատճառով մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը»,- եզրափակել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը։

Հիմնադրամն ունենալու է 2 հիմնական ուղղություն. «Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով: Իսկ «Հասրաթյան» բաժինը պայմաններ կստեղծի արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Ըստ թեմայի

Հայաստանի դեսպանը պարգևատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով
Նախագահի հրամանագրով Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռից
Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի պապին. լուսանկարներ
«Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն». Մինասյանը շնորհավորել է նոր դեսպանին
թեգերը:
ԽՍՀՄ, Հայաստան

Գլխավոր թեմաներ