15:15 26 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.98
  • GBP640.13
  • EUR550.08
  • RUB7.56
Նորակառույցներ Սպիտակում

«Մի կտուրի տակ». սովորական խաբեությո՞ւն, թե՞ երկար սպասված տանիք գլխավերևում

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
163710

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում բնակարանաշինության ոլորտը գրեթե միշտ բարենպաստ հող է եղել տարաբնույթ խարդախ սխեմաների և մութ գործարքների համար։

Որպես կանոն` նման գործարքների հետևանքը խաբված քաղաքացիներն են և հարստացած խարդախները, որոնց ճանկն են ընկել թիկունքում «մարդ» չունեցողներն ու դյուրահավատները։ Որոշակի հիմքեր կան ենթադրելու, որ շուտով կպայթի հերթական բնակարանային «պղպջակը», որն ուռչում է արդեն երկար ժամանակ։ Խոսքը «Մի կտուրի տակ» ծրագրի մասին է։ Ծրագիրն արդեն մի քանի ամիս է` ակտիվորեն գովազդվում է համացանցում։ Նախագիծն իրագործող կազմակերպությունն առաջարկում է կատարյալ պայմաններ. սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու և կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույք գնելու համար։

Սակայն կասկած է առաջացրել այն փաստը, որ ծրագրերի ղեկավարները մերժել են «Ժողովուրդ» թերթի լրագրողների` թղթաբանություն ներկայացնելու խնդրանքը`  պատճառաբանելով, որ իբր փաստաթղթերը դեռ պատրաստ չեն։ Բայց այդ ընթացքում արդեն հասցրել են ծրագրում ներառել հարյուրավոր մարդկանց` նրանցից վերցնելով 2000 դրամ։ Արդյունքում բավական պատկառելի գումար է ստացվում։ Նրանք հավանաբար հույսը դնում են նրա վրա, որ ոչ բոլոր խաբված քաղաքացիները դատի կտան ենթադրյալ խաբեբաներին 2 հազար դրամի պատճառով։ Ահա նման պարզունակ սխեմա են մտածել «կառուցապատողները»։ Կասկածները սաստկացել են այն բանից հետո, երբ Մեծամորի և Էջմիածնի քաղաքապետները, որտեղ իբր նույնպես իրագործվում է նախագիծը, հայտարարել են, որ նրանք ոչ մի հողատարածք չեն հատկացրել կառուցապատման համար։

Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը` ասելով, որ միայն տեղյակ է այդ ծրագրի գոյության մասին և ոչ մի բան ավելի: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ օրաթերթին ասել է. «Համայնքի կողմից որևէ տարածք չի տրամադրվել այդ կազմակերպությանը»:

Մենք մեր հերթին կապվեցին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի հետ։ Մեր խմբագրություն դիմած քաղաքացիները պատմեցին, որ գրանցվել են Զովունի գյուղում բնակարան ստանալու ծրագրին (համայնքների խոշորացման արդյունքում մտել է Եղվարդի կազմի մեջ)։ Քաղաքապետարանում նաև հաղորդեցին, որ ծրագրի համար ոչ մի հողատարծք չեն տրամադրել։

Իսկ քաղաքացիները մեզ հաղորդեցին, որ նախօրոք վճարել են նշված գումարը, բայց հիմա գործընթացը «կարծես կանգ է առել» և հասկանալի չէ, թե երբ պատրաստ կլինի նրանց բնակարանը։

Անշուշտ, չի կարելի ոչ մի դեպքում խախտել անմեղության կանխավարկածը և մարդկանց մեղադրել խարդախության մեջ` չունենալով հստակ ապացույցներ։ Բացառված չէ, որ նախագիծն իրական է, այլ ոչ թե կեղծ, իսկ այն, որ տարածքը մինչև հիմա հատկացված չէ, թյուրիմացություն է կամ բյուրոկրատական քաշքշուքների հետևանք։ Իրավիճակը  պարզելու նպատակով մենք կապվեցինք ծրագրի աշխատակիցների մեկի հետ։ Նա հայտնեց, որ հողատարածքները դեռ տրամադրված չեն, քանի որ որոնում են առավել օպտիմալ տարբերակներ։

«Մենք որոնում ենք մատչելի տարբերակներ, որպեսզի տարածքը հարմար լինի և մարդիկ կարողանան նորմալ գնով բնակարան գնել։ Հենց այդ պատճառով տարածքները դեռ հատկացված չեն։ Մենք փող չունենք, կանխավճար չենք վերցրել, ուստի ցանկանում ենք պետության հետ համագործակցելով օգնել մարդկանց տուն ստանալ», – ասաց մեր զրուցակիցը։

Իսկ նշված 2 հազար դրամը հավաքում են փաստաթղթերի և պետական գրանցման համար, որից հետո շահառուների տրամադրվում են համապատասխան կտրոններ։ Կազմակերպությունում հավաստիացրել են, որ նրանք թափանցիկ են աշխատում և այդ փողերից ոչ մի կոպել չեն դրել իրենց գրպանը։

Աշխատակիցն ասաց, որ արդեն երկու ամիս է` աշխատում է առանց աշխատավարձի և նա նույնպես ցանկանում է բնակարան ստանալ։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նախագծի ղեկավար Մհեր Դերձյանից, բայց ապարդյուն։ Նրա Facebook-ի էջում կարելի է գտնել փետրվարի 25–ին հրապարակված տեսագրություն, որում մի խումբ մարդիկ չափում են շինարարության համար հատկացված տարածքները։ Չի նշվում, թե որտեղ է նկարվել տեսանյութը։

Ըստ թեմայի

Սաթիկ Սեյրանյանը մեղադրում է Փաշինյանին` ԶԼՄ–ներին ճնշելու մեջ
Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջում քաղաքապետից ու նախարարից
Բաքվում առաջ են մղում դեպքերի ամենաանհեթեթ վարկածը. փորձագետը` Սումգայիթի ջարդերի մասին
Հայաստանի դեսպանը վրդովված է ռուս պատգամավորների պահվածքից
թեգերը:
բնակարանաշինություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ