07:07 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Сидячая забастовка семьи Саркисян перед зданием городской администрации (7 марта 2019). Еревaн

Յոթ երեխաները փողոցում են հայտնվել․ Էջմիածնի քաղաքապետը կօգնի՞ բազմազավակ ընտանիքին

© Sputnik / Laura Sarkisian
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
44620

Ողբալի վիճակում հայտնված բազմազավակ ընտանիքի խնդիրը կլուծվի առաջիկայում։ Մինչ այդ Էջմիածնի քաղաքային իշխանությունն ու վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները ժամանակավոր լուծում են գտել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հինգ ամսական Տաթևը թաթիկները ձգում է մոր կողմ։ Մայրը` Մարինե Սարգսյանը, նյարդային օրորում է փոքրիկին և խռպոտ ձայնով ինձ բացատրում, թե ինչու է այս գարնանային, բայց ցուրտ օրը նստել Երևանի քաղաքապետարանի շենքի աստիճաններին։

Մարինեից բացի, նստացույց են անում նրա մյուս երեխաները՝ Մանեն և Մարիամը, ինչպես նաև եղբայրը՝ Նարեկը, և նրա կինը՝ Անին։ Նրանք Էջմիածնից են եկել Երևան։ Մարինեն որոշել է Երևանի քաղաքապետարանի մոտ նստել այնքան ժամանակ, մինչև իր խնդիրները լուծվեն։ Ասում է, որ այս որոշման պատճառը հուսահատությունն է։

«Իմ վերջին հույսը Երևանի քաղաքապետարանն է։ Ես ավելի քան 50 նամակ եմ գրել, դիմել եմ տարբեր կազմակերպությունների, Էջմիածնի քաղաքապետարանին, գործարարներին։ Բոլորը խուսափում են, ոչ ոք չի ուզում ինձ օգնել», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարինեն։

Երեկ առավոտյան վարձով բնակարանի տանտիրուհին, որտեղ ապրում են Մարինեն ու 7 երեխաները, ինչպես նաև եղբայրն ու կինը, վերցրել է բանալին ու նրանց փողոց վռնդել դուրս արել։

«Մեծ տղաս դպրոցից տուն եկավ, հարցրեց, թե ինչու չի կարող տուն մտնել։ Ասացի, որ տանտիրուհին մոռացել է տալ բանալին, ասացի` փողոցում սպասիր, մինչև ես վերադառնամ», - ասաց կինը՝ հավելելով, որ չի համարձակվել ճշմարտությունն ասել որդուն։

Փոքրիկ Տաթևն իր լացով ընդհատեց մեր զրույցը. ծծակն էր ընկել բերանից։ Նա երիկամների խնդիր ունի, դեղեր են պետք, իսկ մայրը գումար չունի։ Մարինեն երեխային տվեց ծծակն ու շարունակեց իր տխուր պատմությունը։ Երեխայի ծնվելուց առաջ հավաքարար է աշխատել Էջմիածնի քաղաքապետարանում, հիմա դեկրետի մեջ է, երեխային խնամող չկա, և նա չի կարող վերադառնալ աշխատանքի։ Սպասում է, որ Տաթևը մի քիչ մեծանա։

«Դիմել եմ Էջմիածնի քաղաքապետարանին, բայց ապարդյուն։ Ուտելիք եմ խնդրել և փայտ։ Ստիպված եմ գիշերները գնալ շինհրապարակներ ու փայտ որոնել, որպեսզի գոնե գիշերը տաքացնեմ սենյակը», - ասաց Մարինեն։

Այժմ 7 երեխաների մայրը 53 հազար դրամ նպաստ է ստանում, 40 հազարը վճարում է բնակարանի համար։ Եղբոր կինը՝ Անին, օրական 3 հազար դրամով հավաքարար է աշխատում խանութում, Նարեկն էլ մշտական աշխատանք չունի, ժամանակ առ ժամանակ է կարողանում գումար աշխատել։ Բայց այդ գումարները բավարար չեն ապրելու համար։

Մենք դիմեցինք Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ յոթ երեխաների համար նպաստի չափը պարզելու համար։ Նախարարությունում հստակ պատասխան չտվեցին՝ բացատրելով, որ դա կախված է մի շարք գործոններից։

«Կախված է ընտանիքի սոցիալական դրությունից, երեխաների առողջությունից և շատ այլ բաներից», - ասացին գերատեսչությունում։

Ավելի ուշ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Մարինեն օգնության համար ոչ մի անգամ չի դիմել իրեն։

Այնուամենայնիվ, Էջմիածնի քաղաքային իշխանությունները պայմանավորվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ, և հաջորդ շաբաթվա սկզբին բնակարանի տերերին կփոխանցվի ամբողջ գումարը, որը պարտք է Սարգսյանների ընտանիքը։

«Մարինե Սարգսյանը դեռ երկու տարի առաջ, մինչ քաղաքապետարանում աշխատելը, դուրս է եկել բնակարանային-կոմունալ բաժնից։ Ամենայն հավանականությամբ, նա ժամանակավոր հաշվառման մեջ է եղել Էջմիածնում։ Ամուսինը դատապարտված է եղել ազատազրկման։ Այդ ժամանակ նա 5 երեխա ուներ, հետո ամուսինը դուրս է եկել բանտից», - ասաց Գասպարյանը։

Նա հաստատեց, որ պարտքի պատճառով բնակարանի տերը վտարել է ընտանիքին։ Բայց նա համաձայնել է կրկին ընդունել վարձակալներին, քանի որ խոստացել են հաջորդ շաբաթ փոխանցել փողը։

Միաժամանակ, նա նշեց, որ դա ժամանակավոր որոշում է, և իշխանությունները կքննարկեն այդ բազմազավակ ընտանիքի խնդիրները։

Ըստ թեմայի

«Այս պահին կորած երեխա չունենք». քանի՞ անչափահաս է պատիժ կրում «Աբովյան» ՔԿՀ-ում
Աշոտ Սամուրջյանը դայակին բռնացրել է երեք տարեկան թոռանը ծեծելիս
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ