19:46 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Հնդիկ աշխատավորները Հայաստանում

Կառավարությունը քո իրավունքների պաշտպանը չէ, կարևորը` առողջ եղիր ու աշխատիր

© Sputnik / Laura Sarkisian
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20511

Հայաստանի աշխատավորները պաշտպանված չեն իրենց գործատուների կամայական վերաբերմունքից։ Այն կառույցը, որ մնացել է երբեմնի աշխատանքի տեսչությունից, հոգում է միայն, որ աշխատողներն առողջ ու անվտանգ մնան։ Մնացած բոլոր խնդիրների դեպքում աշխատողին մնում է դիմել դատարան։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Գործադիրի վերջին նիստի օրը` մարտի 7-ին, կառավարության շենքի մոտ էին եկել մի խումբ տաջիկներ, որոնք  պահանջում էին պաշտպանել իրենց անբարեխիղճ գործատուից, որն աշխատեցրել էր նրանց ու աշխատավարձ չէր տվել։

Հայաստանյան օրենսդրությանն անծանոթ տաջիկները, թերևս տեղյակ չեն, որ Հայաստանի կառավարությունը նույնիսկ հայաստանցի աշխատողներին նման դեպքերում չի օգնում։ Չի օգնում ոչ թե որովհետև չի ուզում, այլ որովհետև իրավունք չունի։

2015թ–ից սկսած` կառավարությունն ինքն իրեն զրկել է աշխատողների իրավունքները պաշտպանելու իրավունքից, կամ գուցե ինքն իրեն ազատել է այդ ավելորդ գլխացավանքից։

Բայց չշտապենք. նախ վերհիշենք 2005 թ.–ը։

14 տարի առաջ ՄԱԿ–ի Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ Հայաստանի կառավարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծեց Աշխատանքի պետական տեսչությունը։

Այս կառույցին վերապահվեցին լայն վերահսկողական ու իրավական լծակներ` աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու համար։

«Ավելի շատ դիմում էին աշխատավարձերի պակաս հաշվարկի խնդիրներով, ամենամյա արձակուրդ չտրամադրելու, աշխատաժամանակի տևողության գերազանցման հարցերով» ,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է Աշխատանքի տեսչության ստեղծման օրվանից այդ կառույցում աշխատած Ալվարդ Արշակյանը, որը ներկա պահին ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման ու առողջության վերահսկողության վարչության գլխավոր մասնագետն է։

Մեր զրուցակցի խոսքով, մինչ աշխատող քաղաքացիները կսովորեին իրենց խախտված իրավունքների համար դիմել աշխատանքային տեսչությանը, այն դադարեց գործել։ 2013թ–ին Աշխատանքի պետական տեսչությունը միավորվեց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության հետ։ Ստեղծվեց նոր` Առողջապահական պետական տեսչություն։ Այս կառույցի կազմում նախկին աշխատանքի տեսչությունը դեռ շարունակում էր պահպանել իր լիազորությունները, բայց դա տևեց միայն 2 տարի։

2015թ–ին Առողջապահական պետական տեսչության կանոնադրությունը փոխվեց։ Աշխատողների իրավունքների պաշտպանությունը դուրս մնաց պետական այդ կառույցի իրավասությունից։ 

«Եթե մինչ այդ փոփոխությունները տեսչությունը վերահսկողություն էր իրականացնում աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող բոլոր իրավական ակտերի կատարման նկատմամբ, ապա փոփոխությունից հետո առողջապահական պետական տեսչությանը վերապահվեց միայն աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության նկատմամբ վերահսկողությունը»,– պատմեց Ալվարդ Արշակյանը։

Բայց նույնիսկ աշխատողների առողջության ու նրանց անվտանգության պահպանման նկատմամբ վերահսկողությունն այսօր այս խիստ կարևոր պետական մարմնի համար մնացել է բացառապես թղթի վրա գրված գործառույթ։

Կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները տեսչությունն 2017թ–ից ի վեր չի կարողանում իրականացնել։

Բանն այն է, որ ըստ կանոնադրության տեսչության աշխատակիցները կարող են իրականացնել միայն ռիսկի վրա հիմնված ստուգումներ։

Իսկ թե ինչ է  նշանակում «ռիսկ», պետք է որոշեր կառավարությունը։ Բայց անցել է շուրջ 2 տարի, իսկ ռիսկի չափորոշիչներն այդպես էլ մնացել են չհաստատված։

«Եթե տեսչական մարմնում ստացվում են դիմում–բողոքներ, որոնք վերաբերում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը, տեսչական մարմինը դիմումի հիման վրա հարուցում է վարչական վարույթ:

Վարույթի շրջանակներում պարզվում են դիմումում բարձրացված խնդիրները։ Տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտների մոտ զննում իրականացնելու իրավասություն ունի, և, եթե վարչական վարույթի արդյունքում արձանագրվում են աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման վերաբերյալ իրավական ակտերի խախտումներ, տեսչական մարմինը տալիս  է խախտումները վերացնելու առաջադրանք»,– տեսչական մարմնի ներկա լիազորություններն այսպես է մեկնաբանում Ալվարդ Արշակյանը։

Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքների խախտման դեպքերին, դրանք, իհարկե, Հայաստանում չեն վերացել։ Գործատուի հետ խնդիրներ ունեցող աշխատողներն այսօր էլ սովորույթի ուժով երբեմն–երբեմն դիմում են տեսչական մարմին։

«Բայց քանի որ տեսչական մարմինն աշխատողների իրավունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի, ստացված բողոքների զգալի մասն ուղղակի վերադարձվում են աշխատողներին»,– ասում է տեսչական մարմնի աշխատակցուհին,– «Այս պահին գոյություն չունի որևէ տեսչական մարմին, որին վերապահված լինի աշխատողների խախտված իրավունքների վերականգնումը։ Աշխատողներին մնում է միայն դիմել դատարան»։

Այսպիսով, 2015թ–ից ի վեր ՀՀ կառավարությունն այլևս գործ չունի աշխատողների իրավունքների պաշտպանության հետ։ Արդեն 5-րդ տարին է` գործատուից դժգոհ աշխատողին ասվում է` դիմում գրի, կամ դիմիր դատարան։

Ըստ թեմայի

Օպտիմալացումներ, որից բյուջեի ծախսերն ու եկամուտները չեն ավելանա, բայց չեն էլ պակասի
Քանի աշխատակից կմնա անգործ Տնտեսական զարգացման նախարարության օպտիմալացման արդյունքում
Իշխանությունները ձգձգում են, ներկրողները` բողոքում. նոր սկանդալ աջ ղեկով մեքենաների շուրջ
Վերջ, կառավարությունը փակում է բոլոր տեսչությունները
Կառավարությունը լուծարեց «Հայրենիք-սփյուռք կենտրոնը»
Պետությունը կսուբսիդավորի գյուղացիների վարկերը. սահմանապահ գյուղերը կազատվեն տոկոսներից
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ