05:23 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
Դպրոց

Զուգարանակոնք չլինելուց մինչև տաք ջրի բացակայություն. խախտումներ` դպրոց-մանկապարտեզներում

© Sputnik / Алексей Мальгавко
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
82 0 0

121 դպրոցից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզից միայն 2-ի սանհանգույցներն են հարմարեցված եղել հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն խմբերի երեխաների համար։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դպրոցներում ու մանկապարտեզներում ջրի և սանիտացիայի հասանելիության վիճակի վերաբերյալ մոնիթորինգ է իրականացրել ու մի շարք խախտումներ հայտնաբերել։ Այս մասին այսօր հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով` մոնիթորինգն իրականացվել է 2017-2018թթ. ` 121 դպրոցում և 80 մանկապարտեզում։

«Մեր մշտադիտարկման ժամանակ երեխաներից շատերը նշել են, որ խուսափում են օգտվել սանհանգույցներից սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով։ Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում չեն եղել սանհանգույցներ՝ դրսում տեղակայված լինելու պատճառով: Ավելին, եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել»,- նշել է Թաթոյանը։

Ըստ ՄԻ պաշտպանի` 121 դպրոցից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզից միայն 2-ի սանհանգույցներն են հարմարեցված եղել հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն խմբերի երեխաների համար։ Ավելին` դպրոցների 61 տոկոսում աշակերտները ջուր են խմում հիմնականում ծորակներից՝ ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է։

Իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել նաև, որ դպրոցների 86 տոկոսում բացակայել է տաք ջրամատակարարումը, իսկ մանկապարտեզների միայն 44 տոկոսի սանհանգույցներն են ապահովված եղել տաք ջրամատակարարմամբ։

Ինչ վերաբերում է ըստ սեռերի առանձնացված սանհանգույցներին, ապա դրանք դպրոցների 35 տոկոսում բացակայել են։

«Մեր դպրոցներում ու մանկապարտեզներում սանհագույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։ Այս ամենը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջության պահպանման, զարգացման, աշխարհընկալման, հիգիենիկ դաստիարակության, ինչպես նաև կրթական իրավունքի իրացման վրա»,–ասում է Թաթոյանը:

Նրա խոսքով` պետությունը պետք է քայլեր ձեռնարկի գույքագրելու առկա վիճակը նոր նորմերի համեմատությամբ և մշակի համալիր գործողությունների ծրագիր բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Ըստ թեմայի

Ի՞նչ նպատակ է հետապնդում և ինչի՞ կհանգեցնի գիշերօթիկ դպրոցների փակումը. մասնագետ
Դպրոցներում կսահմանափակեն համացանցը. որոշ կայքեր կարգելափակվեն
ՀՀ հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում ու ապրում կեղտի մեջ
թեգերը:
դպրոց, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ