05:10 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Նարածին

111 տղա` 100 աղջկա դիմաց. ծնողները շարունակում են նախապատվությունը տալ տղա երեխաներին

© Surfingbird
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
9410

0-19 տարեկանների խմբում տղաների քանակը 48 000–ով ավելի շատ է, քան աղջիկներինը։ Իսկ, ահա 20-40 տարեկանների խմբում, արտագաղթի հետևանքով, տղամարդկանց թիվը շուրջ 40 000–ով ավելի քիչ է։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. 2017–ին Հայաստանում 110 տղայի դիմաց ծնվել է 100 աղջիկ, իսկ 2018–ին` 111 տղայի դիմաց`100 աղջիկ. ծնված երեխաների սեռերի հարաբերակցության միտումները դրական են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը։

Նրա խոսքով` սոցիալական բաղադրիչը մեծ նշանակություն ունի Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքում, քանի որ մարդիկ երեխաների քանակ ու սեռ են որոշում` սոցիալական պայմաններից ելնելով։

«Տղա–աղջիկ հարաբերակցության խնդիր, իհարկե, ունենք, սակայն վերջին 20 տարիների ընթացքում դրական միտումներ կան։ Մենք էլ մեր հերթին գենդերային նոր քաղաքականության ծրագիր ենք մշակում, որի շրջանակներում կարևորվելու է սեռերի հարաբերակցության տարբերության հնարավոր մեղմումը»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց նաև, որ Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշ սահմանափակումներ կան, օրինակ, 12 շաբաթականից մինչև 22 շաբաթ հղիության ժամկետի շրջանակներում արգելվում է հղիության ընդհատումը։

Խոսելով Հայաստանում ժողովրդագրական տվյալների մասին` Սարգսյանը նշեց, որ 2018–ին ծնվել է 36 502 երեխա, ինչը 1200–ով քիչ է 2017–ի ծնունդների քանակից։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն էլ նշեց, որ Հայաստանում ժողովրդագրական խնդիրները շատ են` ծնելիության անկում, ծերացող բնակչություն, անպտղության բարձր ցուցանիշ։

Ըստ նրա` եթե ամեն ինչ այս տեմպերով գնա, ապա մինչև 2060 թվականը 93 000 աղջիկ չի ծնվելու ու սրա հետևանքով ՀՀ բնակչությունը նվազելու է 80 000–ով, որը պետության 2.5 տարիների ծնունդների թիվն է։

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառները երեքն են` ցածր ծնելիության մակարդակը, տեխնոլոգիաների հասանելիությունը, ինչի շնորհիվ իմանում են սեռը, տղայի նախընտրությունն ու աղջկա թերարժեքավորումը։ Հենց վերջին գործոնի փոփոխության համար էլ մենք կարող ենք որոշակի բաներ փոխել, ինչը նաև քիչ ֆինանսներ է պահանջում»,–ասաց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ տղա–աղջիկ հարաբերակցությունն ամենից առավել զգացվում է Գեղարքունիքի մարզում։ Տվյալների համաձայն` 2018 թ.–ին 118 տղայի դիմաց ծնվել է 110 աղջիկ։ Գեղարքունիքին հաջորդում է սահմանամերձ Տավուշը, որտեղ էլ 117 տղայի դիմաց է ծնվել 110 աղջիկ։ Մյուս կողմից, սեռերի հարաբերակցությունն ամենաքիչը տատանվում է Վայոց Ձորում և Սյունիքում։

Ըստ նրա` 0-19 տարեկանների խմբում տղաների քանակը փաստացի 48 000–ով ավելի շատ է, քան աղջիկներինը։ Իսկ, ահա, 20-40 տարեկանների խմբում, արտագաղթի հետևանքով տղամարդկանց թիվը շուրջ 40 000–ով ավելի քիչ է։

Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ, ՀՀ կառավարության հետ համագործակցելով, խորհուրդ են ստեղծել, որը զբաղվելու է ժողովրդագրական խնդիրների լուծմամբ։ Խորհրդի հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնել չեն կարող։

Ըստ թեմայի

Հնգյակ նորածինների ճակատագիրը. տղան նույնպես մահացավ
Մուհամմեդը նորածինների ամենատարածված անունն է Բելգիայում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ