23:03 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Լիլիթ Ավագյան

Մոտս 2 կերպար է խառնվել` որդեկորույս մոր և մոր, որ պետք է կրտսեր որդուս. Լիլիթ Ավագյան

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
558 0 0

«Բոլոր հերոսների հետևում մայրերն են կանգնած» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան զրուցել է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արամայիս Միքայելյանի մոր` Լիլիթ Ավագյանի հետ։ Տիկին Լիլիթը նշում է, որ Արամայիսից հետո կոտրվել են բոլոր ցանկությունները, սակայն հույս ունի, որ գուցե փոքր տղային ամուսնացնելուց հետո տունը կլցվի, ապրելու ցանկությունը կվերադառնա։

Կարինե Հարությունյան, Sputnik.

Գորգագործ–նկարչի կրթություն, հետո աշխատանք կարի արհեստանոցում, որին էլ հաջորդել է մանկաբարձություն սովորելը: Տիկին Լիլիթի ստացած կրթությունն ու աշխատանքը տարաբնույթ են եղել` մեկը մյուսից ծայրահեղ տարբեր, ինչպես նրա կյանքն է դասավորվել։

Լիլիթ Ավագյանը ծնվել է Երևանում, մեծ գերդաստանում. Լիլիթի հայրը 6 քույր և 5 եղբայր ունի, որոնք էլ արդեն իրենց երեխաներն ունեն։ Տիկին Լիլիթի մանկությունը հեքիաթի պես է անցել` մեծ գերդաստան, աշխույժ հավաքներ, որոնց ժամանակ երգն ու պարն անպակաս են եղել։ Ցանկացած տոն` Վարդավառ, Խաղողօրհնեք, ընտանիքով նշելու ու բոլորն իրար գլխի հավաքվելու առիթ է եղել։

Мама Арамаиса Микаеляна Лилит Авагян
© Sputnik / Aram Nersesyan
Լիլիթ Ավագյան

«Ընտանեկան աղմուկ-աղաղակը հաճելի երևույթ էր մեզ համար. հիմա ափսոսանքով եմ հիշում այդ տարիները։ Ինչքան մեծ էր մեր ազգությունը, այնքան համախմբված էինք. իրար հետ ենք անցկացրել հնարավոր բոլոր տոները։ Հավատացեք, որ անգամ չէինք էլ մտածում սոցիալական պայմանների մասին, կարևորը` բոլորս միասին էինք»,– ասում է տիկին Լիլիթը։

Նա մանկության տարիներին չի էլ իմացել` սոցիալական խնդիրն ինչ բան է, արդյո՞ք իրենք ունեն ֆինանսական խնդիրներ, քանի որ հայրը երբեք ցույց չի տվել, թե ինչպես է գումար վաստակում։ Հայրն ամեն ինչ արել է, որ չորս երեխաներն էլ կրթություն ստանան։

Լիլիթ Ավագյանը նախ սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ավարտելուց հետո պարապ չմնալու համար կարի արհեստանոցում է աշխատել։ Աշխատանքի ժամանակ թերթերից մեկում հայտարարություն է տեսել, որ Բժշկական ուսումնարանում ընդունելություն կա, և 10 օրում անատոմիա պարապելով` ընդունվել է ուսումնարանի մանկաբարձության բաժինը։ Բուհն ավարտելուց հետո ստացել է գերազանցության դիպլոմն ու... ամուսնացել։

«Դասախոսներիցս մեկը հիվանդանոցում էր աշխատում ու ինձ համոզում էր, որ աշխատեմ իմ մասնագիտությամբ։ Ծննդատանը պրակտիկայի ժամանակ ուսանողներ կային, որ ծննդաբերության պրոցեսը տեսնելուց խուսափում էին, իսկ ես վայելում էի այնտեղ անցկացրած ժամերը։ Մտածում էի, թե մայրերը ոնց են նոր կյանք տալիս, նորածնին տեսնելու նրանց բերկրանքն էի զգում։ Ուղղակի անբացատրելի զգացողություններ էին»,–պատմում է տիկին Լիլիթը։

Мама Арамаиса Микаеляна Лилит Авагян
© Sputnik / Aram Nersesyan
Լիլիթ Ավագյան

Քաղաքի, գերդաստանի աշխույժ ու ակտիվ կյանքից հետո տիկին Լիլիթն ամուսնանում ու գնում է Սիսիանի Գորայք գյուղ։ Նա ամուսնու` Գրիգոր Միքայելյանի հետ ընտանիք է կազմել իրենց հարևաններից մեկի միջնորդությամբ։ Ամուսնանալուց հետո տիկին Լիլիթը դժվարությամբ, բայց արագ մտել է գյուղական կյանք ու մերվել տեղի առօրյայի հետ` անասուն պահել, կով կթել, պանիր պատրաստել... Հենց գյուղում էլ պետք է եկել նրա ստացած երկու կրթությունը` տիկին Լիլիթը գյուղի «շտապօգնությունն» ու դիզայներն է եղել։

«Ճիշտ է` ունեինք բժիշկ, բայց նա Սիսիանից էր գալիս` շաբաթը մեկ։ Գյուղի առաջին բուժօգնությունն էի, ավելին` ով գնում էր բժշկի հետազոտման, անպայման պետք է հետո իրենց թղթերը բերեին ինձ, որ կարդայի ու իմ կարծիքն ասեի։ Զուգահեռ գյուղի դպրոցին էի օգնում` պաստառներ էի սարքում, գունազարդում։ Բացի այդ, եթե ինչ–որ մեկի տանն առիթ էր լինում, տորթի ձևավորումը նույնպես ես էի անում»,–ասում է տիկին Լիլիթը։

Երկու տղա ունենալուց ու նրանց մեծացնելուց հետո, սակայն, ընտանիքով տեղափոխվում են Արմավիրի Ոսկեհատ գյուղ, որպեսզի տղաները կարողանան բարձրագույն կրթություն ստանալ։ Ավանդույթները չեն փոխվում` Ոսկեհատում էլ մինչև չարաբաստիկ ապրիլյան պատերազմը տիկին Լիլիթը գյուղի առաջին բուժօգնության դերում է լինում։ Ապրիլյան պատերազմն ընտանիքի առօրյան գլխիվայր փոխում է...

Այժմ տիկին Լիլիթը գյուղի դպրոցում է աշխատում` որպես բուժքույր։ Ասում է` աշակերտների հետ շատ լավ է լեզու գտել. երեխաների հետ շփման մի քանի ժամերն օգնում են, որ «կյանք վերադառնա»։ «Այն դասերից, որ խուսափում են, պատճառ են բռնում, որ լավ չեն զգում ու գալիս են բուժկետ։ Մարտի 8–ին իրենց ձեռքով պատրաստած բացիկներ էին ինձ նվիրել, որն ամենաթանկարժեք նվերից էլ թանկ է ինձ համար»,– ասում է տիկին Լիլիթը։

Мама Арамаиса Микаеляна Лилит Авагян
© Sputnik / Aram Nersesyan
Լիլիթ Ավագյան

Մինչ այս` 2 տարի նա նաև «Տեխնոլոգիա» է դասավանդել. խոստովանում է` առարկան տարել է քանդակագործ տղայի` Արամայիսի գործի ուղղությամբ։ Աշակերտները, ինչ խոսք, սիրով են փորագրությամբ զբաղվել, ավելին` կարճ ժամանակ անց երկու ցուցադրություն են կազմակերպել, որոնցից մեկն էլ հուլիսի 21–ին` Արամայիսի ծննդյան օրվան նվիրված։

Երջանկության մասին խոսելիս` տիկին Լիլիթը նայում է Արամայիսի նկարներին։ «Երջանկության իմաստն իրականում հասկացա, երբ մայրացա, երբ Արամայիսս լույս աշխարհ եկավ։ Հիմա ուրիշ է, հիմա երջանկության իմաստը չեմ հասկանում։ Կոտրվել են բոլոր ցանկություններս։ Գուցե փոքր տղայիս` Արսենին ամուսնացնեմ, տունս լցվի, ապրելու ցանկությունը վերադառնա... Ինձ մոտ երկու կերպար է խառնվել` որդեկորույս մոր և մոր, որը պետք է ապրեցնի իր երկրորդ տղային»,–ասում է տիկին Լիլիթը։

Այժմ տիկին Լիլիթը մեկ ցանկություն ունի` ապրիլյան քառօրյային մասնակցած բոլոր տղաների համար հուշ–անկյուն ստեղծել։ Նրա խոսքով` այն կարող է լինել նաև Եռաբլուրում կամ մեկ այլ վայրում, բայց պե՛տք է կյանքի կոչել. տղաներին մոռանալ չի կարելի։

... Արամայիս Միքայելյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին թշնամուն հետ մղելու ընթացքում։ Այդ տարվա հուլիսի 21-ին նա կդառնար 20 տարեկան։

Ըստ թեմայի

Որն է պատերազմի արժեքը, և որն է խաղաղության գինը. հարցրու 6-ամյա Գեղամին
Զարթոնքը փորձության պահին եղավ. ապրիլյան պատերազմի տղերքը հաղթեցին ոչ միայն հակառակորդին
Իշխանության ներսում ով ինչից է ամաչում, և ով է ում խաբում
«Եթե մահանամ, իմացիր, որ միշտ սիրել եմ քեզ». ապրիլյան պատերազմն ու անպատասխան նամակը
թեգերը:
Հայաստան, Արցախ, Ապրիլյան քառօրյա պատերազմ

Գլխավոր թեմաներ