14:09 23 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.64
  • GBP607.85
  • EUR535.66
  • RUB7.47
Գրիգորի Գրիգորյան. սահմանապահ ծառայության գեներալ-մայոր

«Մարտունակությունը միայն գեղեցիկ բառ չէ». ի՞նչ է պատմում 84–ամյա հրամանատարը

© Sputnik / Karine Harutyunyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
303 0 0

Երկար ճանապարհ անցած, լավ ու վատ օրեր տեսած գեներալ–մայորն իր ճանապարհին կորցրած ընկերների մասին խոսելիս հուզվում է։ Զոհվածների մասին երկար չի խոսում. ցավոտ թեմա է։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. 84–ամյա գեներալ-մայոր Գրիգորի Գրիգորյանն այսօր արժանացավ «Պատվավոր սահմանապահ կրծքանշանի». ստացավ պարգևն ու համեստորեն շարքերի հետևում կանգնեց։ Սահմանապահի օրվան նվիրված միջոցառմանն արդեն քաղաքացիական հագուստով ներկայացած նախկին հրամանատարը հուզմունքով է նայում երիտասարդ սահմանապահներին, հատկապես` մարտական ցուցադրական գործողությունների ժամանակ: Հավանաբար վերհիշում է անցած–գնացած օրերը։

 55 տարվա ծառայողական փորձ ունեցող Գրիգորյանի խոսքով` սահմանապահ զորքերը տարիների ընթացքում շատ են փոխվել, սակայն մեկ բան նույնն է մնացել` մարտունակությունը։

«Մարտունակությունը միայն գեղեցիկ բառ չէ, որ ասում ենք։ Բավական է հիշել ապրիլյան քառօրյան ու բանակի մարտունակության մասին ամեն ինչ ասած կլինենք։ 1992–ին սահմանապահ զորքերը ստեղծվեցին, քանի որ այդ ժամանակ ուժերի կենտրոնացման կարիք կար։ Այդ տարիներին հիմնականում ֆիդայական շարժումն էր, որ, իր ուսերի վրա վերցրած ամբողջ պատասխանատվությունը, պահպանում էր մեր սահմանները։ Ծանր տարիներ էին»,–ասում է Գրիգորյանն ու հավելում` փառք Աստծո, ի տարբերություն այն տարիների` հիմա սահմանապահները հագուստի, զենքի ու պարենի խնդիր չունեն։

Գրիգորյանը, որը կանգնած է եղել սահմանապահ զորքերի վարչության ստեղծման հիմքում, չի մոռանում նաև ռուս գործընկերների մասին` նշելով, որ մեծ օժանդակություն են ստացել ռուսական սահմանապահներից մերը ստեղծելու ընթացքում:

Անցած–գնացած օրերից Գրիգորյանն առանձնացնում է 1991 թ.–ին Հատուկ գնդի ստեղծումը, որի կորիզը կրկին ֆիդայական շարժման առաջատարներն էին։ Ոգևորությամբ նշում է` իր համար հիշարժան է այդ շրջանը, քանի որ սկզբնականում փոքր թվով մարտիկներ ունեցող հատուկ խումբը տարեցտարի ձնագնդի պես մեծացավ ու դարձավ ոչ միայն սահմանապահ զորքերի, այլ նաև բանակաշինության հիմքը։

Երկար ճանապարհ անցած, լավ ու վատ օրեր տեսած գեներալ–մայորը կրկին հուզվում է` այդ ճանապարհին կորցրած ընկերների մասին խոսելիս։ Նրանց մասին երկար չի խոսում. ցավոտ թեմա է. «Տարիների ընթացքում մեծ կորուստներ ենք ունեցել, նվիրյալ ընկերներ եմ կորցրել։ Կարծում եմ` նրանք, ովքեր ողջ են, կրկնակի պատասխանատվությամբ են իրենց պարտքը կատարում։ Ես հիմա էլ պատրաստ եմ ամեն քայլի»։

Իսկ, ահա, Հայաստանի վաղվա մասին խոսելիս ժպտում է` լավատես է, որն իր պատճառն ունի. ներկայիս երիտասարդները շատ պատրաստակամ են, ինչի համար հպարտ է։ Գրիգորյանը, սակայն, ուզում է Հայաստանն ավելի միավորված տեսնել։ Նրա խոսքով` ամենահեշտը փնովելն ու ցեխ շպրտելն է` ոչինչ չի պահանջում քեզնից։ «Առանց այն էլ մեր ժողովուրդը տառապանքի ճանապարհով է անցել ու հիմա ճիշտ ժամանակն է միավորվելու, բռունցք դառնալու։ Բացի այդ, պետք է իրոք հայրենասեր լինել` ամբողջությամբ, ոչ թե` ժամանակ առ ժամանակ, տեղ–տեղ։ Եթե մենք այստեղ միավորվենք, սատար կանգնենք միմյանց, համոզված եմ` մեր հայրենակիցները, որ սփռվել են աշխարհով մեկ, կամաց–կամաց կվերադառնան Հայաստան», – նշեց նա։

Իր խոսքի վերջում գեներալ–մայորը խաղաղության ու պատերազմի մասին հետաքրքիր մի միտք է արտահայտում. նրա խոսքով` ճիշտ է, հրամանատարն իր զորքին պետք է մարդասիրություն, խաղաղություն քարոզի, բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում հակառակորդին պատասխան տալուն պետք է պատրաստի։

Ի դեպ, ապրիլի 26–ը Սահմանապահի օրն է։

Ըստ թեմայի

Թե ինչպես Հայաստանի նախագահը հանկարծ հայտնվեց Ադրբեջանում
Մի շինելի տակ. նվիրվում է Արթուր Ապրեսովի հիշատակին
«Աշոտ Երկաթ». երկաթե հիշողություն Պավելի և նրա մարտիկների մասին. տեսանյութ
Հատուկջոկատային հովիվները կամ ամենակարճ ռուս–թուրքական պատերազմը Հայաստանում
թեգերը:
Արցախ, Հայաստան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ