18:43 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Մայիսի 15

Լաս Վեգաս, ընտանիք, Պրեոբրաժենսկի և Աշոտ Երևանցի. ի՞նչն է միավորում բոլորին

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Սկսենք նրանից, որ մայիսի 15-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 25 տարի առաջ հռչակել է որպես Ընտանիքների միջազգային օր: Եվ այն արդեն քառորդ դար է, ինչ նշվում է` հիմնականում խնդիր ունենալով ուշադրություն հրավիրել ընտանիքների բազմաթիվ խնդիրների վրա:

Արդեն ոչ պաշտոնապես ու ոչ նման բարձր հովանու ներքո, սակայն բավականին ընդգրկուն, հատկապես բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ մայիսի 15-ը նշվում է որպես կլիմայի միջազգային օր: Հասկանալի է, որ առաջնահերթ ուշադրությունը կենտրոնացած է մեր պստիկ մոլորակի կլիմայական փոփոխությունների ու դրանց հետևանքների վրա:

Սիրված և իսկապես ժողովրդական ու նաև՝ վաստակավոր դերասան Աշոտ Ղազարյանը ծնվել է մայիսի 15-ին (1949թ.): Նա այնքան հանրահայտ ու այնչափ սիրված դերասան է, որ նույնիսկ անհարմար է այլ բան ասելը, բացի անկեղծ շնորհակալությունից՝ նույնիսկ ամենանեղ ու դժվար պահերին ժողովրդին, հանդիսատեսին, հայրենակիցներին ուրախացնելու, այդպիսով լավատեսություն ներշնչելու համար:

Մայիսի 15-ին սիրված երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի ծննդյան օրն է (ծնվ. 1963թ.): Առանձնապես սիրված ու գնահատված են Ներսիկ Իսպիրյանի հայրենասիրական երգերն ու կատարումները:

Խորհրդային Հայաստանի վերջին շրջանից հայտնի կուսակցական, պետական    գործիչ, 1985-90թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանը (1924-2005) նույնպես մայիսի 15-ին է ծնվել: Հրանտ Ոսկանյանը խորհրդային շրջանի այն փոքրաթիվ գործիչներից է, որ ոչ միայն վայելում էր սեփական ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչների հարգանքը, այլև արդեն անկախությունը վերականգնած Հայաստանում վերադարձավ քաղաքական ասպարեզ և ընտրվեց ԱԺ պատգամավոր (1999-2003):

Մայիսի 15-ին է ծնվել լիբանանահայ հեռուստալրագրող, մեկնաբան Զավեն Կույումջյանը (ծնվ. 1970թ.), ում անունը բավականին հայտնի է արաբական աշխարհում, համենայն դեպս՝ հեռուստաեթերին հետևողների շրջանում :Զավեն Կույումջյանը տարբեր տարիների ճանաչվել է «արաբական աշխարհում» լավագույն լրագրող, նաև՝ ամենաազդեցիկ բլոգերներից մեկը:

Հավելենք նաև մի քանի հետաքրքրական իրադարձություն. ինչպես, ասենք, Մոսկվայի հանրահայտ մետրոպոլիտենի բացումը, որ տեղի է ունեցել 1935 թվականի այս օրը:

Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում, մայիսի 15-ին, բայց 1905 թվականի, դրվել է հանրահայտ Լաս Վեգաս քաղաքի հիմքը:

Եվ մի գրողի ծննդյան օրվա մասին, որ անհնար է շրջանցել. Նոր տոմարով՝ 1891 թվականի մայիսի 15-ին է ծնվել Միխայիլ Բուլգակովը (մահ. 1940թ.):

Բավական է կարդալ մի երկու էջ նրա ցանկացած ստեղծագործությունից, և պարզ է, որ գործ ունեք մեծ գրողի հետ, ինչպես կասեր նա ինքը՝ Կորովև-Ֆագոտի միջոցով:

թեգերը:
Ռուսաստան, ԽՍՀՄ, Երևան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ