22:31 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Բագրատ Ալեքսանյանի մայրը` Նարինե Ասրյանը

Խնդրում եմ, այնպես անես` մայրս չլացի. ապրիլյանի տղաներից Բագրատ Ալեքսանյանի վերջին տողերը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
287 0 0

2016–ի ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանն այսօր կդառնար 24 տարեկան։ Տղայի մայրը պատմում է` ինչպես է որդին համոզել Ռուսաստանից գալ Հայաստան, որ գնա բանակ։ Ցանկությունը կատարել են. տղան մեկնել է Արցախ ու չի վերադարձել...

Կարինե Հարությունյան, Sputnik.

«Տեր Աստված, եթե մի օր ընկնեմ թուրքի գնդակից, մի խնդրանք ունեմ. շատ եմ խնդրում, աղաչում եմ, որ այնպես անես` մայրս երբեք չլացի, աչքը չոր մնա։ Եթե մայրս չհանգստանա ու լաց լինի, հանգիստ չեմ գտնի երկնքում, իմ հոգին էլ չի հանգստանա, կսավառնի անդադար». 2016–ի ապրիլի 1–ին դիրքեր բարձրանալուց առաջ բանակային իր օրագրում գրել է ապրիլյան քառօրյայի հերոսներից նռնակաձիգ Բագրատ Ալեքսանյանը։ Սա նրա վերջին գրառումն է եղել։

Письмо героя Апрельской войны Баграта Алексаняна
© Sputnik / Asatur Yesayants
Մոր ձեռքին որդու գրառումներից մեկն է

Այսօր նրա ծննդյան օրն է, Բագրատը կդառնար 24 տարեկան։ Sputnik Արմենիան զրուցել է նրա մոր` Նարինե Ասրյանի հետ։

Հերոսի մոր խոսքով` երբ իրեն ասում են, որ պետք է հպարտ լինի, քանի որ հերոսի ծնող է, ինքը սովորաբար պատասխանում է, որ այնպիսի տղա ուներ, որ նրա կենդանության օրոք էլ էր հպարտ։

Երկու եղբայրներով` Բագրատ և Սամվել Ալեքսանյաններն Արցախում նույն զորամասում են ծառայել (մեկ տարվա տարբերությամբ են բանակ զորակոչվել), բայց տարբեր վաշտերում։ Մեծ եղբոր` Բագրատի ցանկությամբ երկու եղբայրները երբեք միաժամանակ չեն բարձրացել դիրքեր։ Տիկին Նարինեն հիշում է, որ երբ Բագրատի հետ զրուցելիս ուրախությամբ ասել է, թե լավ է, երկու եղբայր նույն զորամասում են և գուցե նույն վաշտում էլ կծառայեն, Բագրատը մորը հակադարձել է` այդ մասին այլևս խոսակցություն չբացես։ Ավելի ուշ Բագրատն ընկերոջն ասել է, որ ինքն է ուզել` եղբայրը հարևան վաշտում ծառայի, որ եթե հանկարծ ինչ–որ բան լինի, իրենցից գոնե մեկը տուն հասնի։

Уголок героя Апрельской войны Баграта Алексаняна в его доме
© Sputnik / Asatur Yesayants
Բագրատ Ալեքսանյանի հուշ–անկյունը

2016–ի ապրիլի 1–ին Բագրատը դիրքեր է բարձրացել ու նույն զորամասում ծառայող և դիրքերից իջնող եղբորն ասել. «Քեզ լավ նայիր Սամո ջան, քեզ շատ եմ սիրում»...

Մինչ բանակ մեկնելը տղայի ընտանիքը Ռուսաստանում էր ապրում, ու Բագրատն ինքն է խնդրել ծնողներին` հայրենիք վերադառնան, որպեսզի ծառայի։ «Բագրատը, չնայած այդ ժամանակ 16 տարեկան էր, բայց արդեն իր սեփական գործն ուներ Ռուսաստանում. նա խոհարարություն էր սովորել ու մտել հայկական սրճարանում աշխատելու, հետո այդ սրճարանը վարձակալությամբ վերցրել ու ինքն էր աշխատեցնում»,– պատմեց տիկին Նարինեն։

Мама героя Апрельской войны Баграта Алексаняна Нарине Асрян
© Sputnik / Asatur Yesayants
Նարինե Ասրյանը

Հայաստան վերադառնալուց հետո մեկ տարով հետաձգվել է Բագրատի` ծառայության մեկնելու ժամկետը, քանի որ տղան շատ գեր էր ու սրտի ճարպակալում ուներ։ Հաջորդ տարի, սակայն, Բագրատը դիմում է գրել ու խնդրել իրեն զորակոչել և Ղարաբաղ ուղարկել։ Տիկին Նարինեն ասում է` ամուսնու կողմը Ղարաբաղից է, և Բագրատի «արյունը քաշել» է։

Բագրատի ցանկությունը կատարվել է, ու տղան մեկնել է Արցախում ծառայելու։ «Ծառայության երրորդ օրը բոլորին համազգեստ տվեցին, բացի ինձնից։ Իմ հագով համազգեստ չկար։ Ես համարյա 10 օր քաղաքացիական հագուստով էի ման գալիս։ Հետո համազգեստ ճարեցին ու տվեցին, և արդեն ես էլ դարձա շարքային զինծառայող։ Ես այնքանով եմ հպարտ, որ զինվոր եմ, քանի որ ես իմ կամքով եմ եկել ծառայելու Ռուսաստանից»,–բանակային իր օրագրում գրել է Բագրատը։

Նա, ի դեպ, ոչ միայն օրագիր էր պահում, այլ նաև բանաստեղծություններ գրում ու երազում տպագրվելու մասին։ Բագրատի երազանքը նրա ընտանիքը կատարեց, բայց արդեն հետմահու։ 2017–ին տպագրվեց «Վերադարձ» խորագրով գիրքը, որտեղ ամփոփված են տղայի բանաստեղծությունները, հուշերը, օրագրից հատվածներ։

Книга Баграта Алексаняна Возвращение
© Sputnik / Aram Nersesyan ,
«Վերադարձ» խորագրով գիրքը

Բագրատի մայրն ասում է, որ չի ափսոսում ոչ մի բանի համար, քանի որ հասկանում է` տղան ինքն էր ընտրել իր ուղին ու որոշում կայացրել` մինչև վերջ պաշտպանվել ու դիրքը պաշտպանել։ Բագրատն անգամ վիրավոր վիճակում չի լքել դիրքը, և միայն սրտին ուղղված փամփուշտն է ամեն ինչին վերջ դրել։

Мемориальная доска на доме героя Апрельской войны Баграта Алексаняна
© Sputnik / Asatur Yesayants
Նրանց տան պատին փակցված ցուցանակը

«Ժամանակն առաջ է գնում, կյանքը շարունակվում է, բայց մեր` զոհված զինծառայողների ծնողներիս կյանքը 2016–ի ապրիլին կանգ է առել։ Հիմա ապրում ենք սովորության համաձայն։ Մյուս կողմից, փոքր տղայիս համար ավելի դժվար է հիմա` նա եղբայր ու սար է կորցրել (խմբ.` նկատի ունեի Լելե Թեփեն)»,–ասաց տիկին Նարինեն` հավելելով, որ լավ է` ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով է ստեղծվել, քանի որ լիահույս է` ջրի երես շատ բաներ են դուրս գալու։

Նրանց տանը, ի դեպ, տղային նվիրված հուշ–անկյուն կա։ Այնտեղ սրբորեն պահվում է Բագրատի յուրաքանչյուր իրը, իսկ տղայի նկարի եզրին մի խաչ է կախված. Բագրատ Ալեքսանյանն անհետ կորած զինվորների շարքում է եղել, և օրեր անց, երբ հայտնաբերվել է նրա դին, ծնողները տեսել են, որ հակառակորդը ձեռք չի տվել նրա վզի խաչին...

Деревянный крестик героя Апрельской войны Баграта Алексаняна
© Sputnik / Asatur Yesayants
Նկարի եզրից կախված խաչը

Ըստ թեմայի

Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ
Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ
թեգերը:
ծնունդ, Բագրատ Ալեքսանյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ