03:55 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Վիրահատություն

Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է

© Sputnik / Сергей Гунеев
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
226440

47-ամյա տղամարդը հիվանդանոց է դիմել, երբ արդեն ի վիճակի չի եղել ո՛չ հաց ուտելու, ո՛չ էլ հեղուկներ խմելու։ Բժշկի շնորհիվ տղամարդն արդեն ոտքի է կանգնել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացառիկ վիրահատություն է կատարվել. «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արա Վարդանյանը կերակրափողի քաղցկեղի վիրահատություն է կատարել` լապարոսկոպիկ եղանակով։  Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Վարդանյանը։

«47–ամյա տղամարդը հիվանդանոց է եկել ծանր ու հյուծված վիճակում. կերակրափողում առկա ուռուցքի պատճառով նա հնարավորություն չուներ սնունդ և հեղուկ ընդունելու։ Կարելի է ասել` հիվանդը չի դիմել հիվանդանոց, հիվանդությունն է ստիպել նրան գալ մեզ մոտ։ Այդ վիճակում վիրահատելը սխալ կլիներ, ինչի համար էլ նախ քիմիաճառագայթային բուժում ստացավ, հետո զոնդով կերակրման անցանք»,–ասաց բժիշկը։

Որոշ ժամանակ անց, երբ հիվանդն արդեն ի վիճակի է եղել գոնե քիչ քանակությամբ հեղուկներ ընդունել, ու վիճակը փոքր–ինչ բարելավվել է, բժիշկներն անցել են գործի։ 5 ժամ տևած վիրահատությունը հաջող է անցել։

Ара Варданян
© Sputnik / Karine Harutyunyan
Արա Վարդանյան

Բժշկի խոսքով` իրականում աշխարհում և տարածաշրջանում լապարոսկոպիկ եղանակով նման վիրահատություններ արվում են, և իրենց արած վիրահատությունը բացառիկ է Հայաստանի պարագայում։ Ի դեպ, լապարոսկոպիկ եղանակով վիրահատություն նշանակում է, որ հիվանդի մոտ մեծ կտրվածք չի արվել, այլ մեկ` 10, երկու` 5 մմ կտրվածքներ են արվել, որոնցով գործիքներն անցկացվել են որովայնի խոռոչ ու այդպես աշխատել։ Վարդանյանը պատմեց, որ տղամարդու ստամոքսից ձևավորել են կերակրափող, հեռացվել է ուռուցքը` կերակրափողի հետ, իսկ ստամոքսից ձևավորված կերակրափողը բարձրացվել ու տեղադրվել է կերակրափողի տեղում։

Բժշկի խոսքով` երբ մարդու մոտ քաղցկեղ կամ մեկ այլ հիվանդություն կա, հիվանդի օրգանիզմը սկսում է պայքարել հիվանդության դեմ, և ցանկացած տրավմա օրգանիզմին շեղում է իր հիմնական ուղղությունից։ Այսինքն` տրավմայի դեպքում օրգանիզմը թողնում է իր հիմնական խնդիրն ու սկսում պայքարել հետվիրահատական ցավերի, հետվիրահատական խնդիրների դեմ։ Հենց այս պատճառով էլ բժիշկը նախընտրել է լապարոսկոպիկ եղանակով վիրահատություն կատարել։

«Ի դեպ, փակ եղանակով վիրահատությունն ավելի թանկ է` այս վիրահատությունն ավելի քան 800 000 դրամի տարբերություն է տալիս։ Վիրահատությունը պետպատվերի շրջանակում է արվել, իսկ լապարոսկոպիկ եղանակով վիրահատության համար անհրաժեշտ մնացած գումարը հիվանդանոցի տնօրինությունն է վճարել, ինչի համար շնորհակալ եմ նրանց։ Եթե բժիշկը չիմանա, որ իր թիկունքին տնօրինությունը կանգնած է, շատ բաների չի հասնի»,–ասաց նա։

Նշենք նաև, որ հիվանդանոցում նման վիրահատություն է իրականացվել արդեն ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղի դեպքում։

Ջեք Գևորգյան. բժիշկը, որ օգնում էր չտառապել

Արա Վարդանյանը, ի դեպ, մեկ տարի է, ինչ «Էրեբունի» ԲԿ–ում է աշխատում, մինչ այդ նա ապրել ու աշխատել է Մոսկվայում (Երամիշանցևի անվան քաղաքային հիվանդանոցում, ինչպես նաև 14 տարի աշխատել է Մոսկվայի Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում)։

Խոսելով իր ընտրած մասնագիտության մասին` Վարդանյանը նշեց, որ բժշկությունը կենսակերպ է իր համար, այլ ոչ թե, ինչպես թյուր պատկերացում կա, ֆինանսներ կուտակելու լուրջ աղբյուր։

«Բժշկությամբ ու վիրաբուժությամբ քո ֆինանսական հարցերը չես լուծի, այսինքն` կլուծես այնքան, որքան քեզ անհրաժեշտ է ապրելու համար։ Եթե ուզում ես հարստանալ, ուրեմն վիրաբուժությամբ չպետք է զբաղվես։ Ես չեմ ասում, որ վատ եմ ապրում, բայց հարուստ երբեք չեմ եղել։ Եթե ընտրել ես այս մասնագիտությունը, պետք է նվիրվես դրան»,–ասաց բժիշկը։

Ինչ վերաբերում է վիրահատված տղամարդուն, ապա նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, դեռ մեկ շաբաթ էլ կհանգստանա ու հետո արդեն ճառագայթային բուժում կստանա։ Նա արդեն կարողանում է ինչպես սնվել, այնպես էլ հեղուկներ խմել։

Այս հայի մասին գիտի ամբողջ Սիբիրը. ինչպես վագրը սկսեց մայր համարել բժիշկ Դալլաքյանին

Ըստ թեմայի

Հայերը ոչնչով չեն զիջում. մեր բժիշկները վերականգնում են մեծերի ու փոքրերի լսողությունը
Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր
Ինչի հաշվին են ավելանում բժիշկների աշխատավարձերը. պատգամավորն իր մեկնաբանությունն ունի
Կուրացած արծիվներ` քար լռության մեջ. ինչպես էր բժիշկ Բուռնազյանը պաշտպանում ճառագայթումից
թեգերը:
բժիշկ, հիվանդանոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ