23:44 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Սմարթֆոնով պատանիներ

«Գիրք չի կարդում...». ի՞նչ պետք է անի ծնողը, որպեսզի երեխան սմարթֆոնը փոխարինի գրքով

CC0 / natureaddict / Pokemon
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
538 0 0

Ծնողներից շատերը բողոքում են, որ իրենց երեխաները գիրք չեն կարդում։ Խնդիրը սրվում է հատկապես պատանեկան տարիքի երեխաների դեպքում, այնինչ պարզվում է, որ այդ հարցը լուծելու պարզ տարբերակներ կան։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik, Լուիզա Սարգսյան. Երեխաս գիրք չի կարդում, ամբողջ օրը կպած է համակարգչին կամ սմարթֆոնին։ Այս արտահայտությունը, թերևս, ծանոթ է ծնողներից շատերին։ Արմինեն նրանցից մեկն է, որի տղան 13 տարեկան է ու միայն պարտադրանքով է գիրք կարդում։

«Բոլոր հնարավոր տարբերակները փորձել եմ` խնդրել, համոզել, գրքով հրապուրել, ստիպել, բայց օգուտ չկա։ Չի սիրում կարդալ, ու վերջ»,– բողոքում է նա։

Խնդրի «հետքերը» գտնելու համար գնացինք գրախանութ. գուցե պատանեկան գրականության պակաս կա՞։

Գրախանութի աշխատակիցը մեզ վստահեցրեց, որ այսօրվա երիտասարդությունը շա՛տ հետաքրքրված է ընթերցանությամբ և նախընտրում է ինչպես հայ, այնպես էլ այլազգի հեղինակների գրքերը։ Նրա խոսքով` կարդում են և՛ դրամա, և՛ մելոդրամա, և՛ դետեկտիվ։ Հակվածությունն ավելի մեծ է ժամանակակից գրականության նկատմամբ։ 

Ստացվում է` ծնողներն իզո՞ւր են բողոքում։

Որոշեցինք լսել նաև մանկավարժի կարծիքը։ Դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդող Արսեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` ճիշտ չէ ասել, որ բոլոր երեխաները չեն կարդում։

«Կան շատ ընթերցասեր երեխաներ, որոնք, չնայած ժամանակակից տեխնիկաների գայթակղությանը, հաճույքով են ընթերցում»,– ասաց նա` միաժամանակ նշելով, որ ընթերցասիրության նվազման միտում, իհարկե, կա։

Մանկավարժի կարծիքով` դրա պատճառը մեր մանկապատանեկան գրականության աղքատիկ լինելն է. երեխաներին առաջարկելու շատ բան չունենք, իսկ նրանք հետաքրքրասեր են։

«Դասական հեղինակների որոշ ստեղծագործություններ երեխաներն ուսումնասիրում են դպրոցական ծրագրի շրջանակում: Չէի ասի, թե շատ հիացած են մեր գրականությամբ: Մենք շատ մեծ բաց ունենք պատանեկան, արկածային, գիտաֆանտաստիկ ժանրերում: Պետք է համաշխարհային գրականության մանկապատանեկան շարքից թարգմանվեն ժամանակակից և հետաքրքիր գրքեր և հրամցվեն պատանի ընթերցողին»,– ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է նաև ուսուցիչների և ծնողների վերաբերմունքը ընթերցանության խրախուսման գործում: Պարտադրանքով ընթերցումը ոչ մի գեղագիտական հաճույք չի պարգևի երեխային: Պետք է սովորեցնել գիրք ընթերցելու, հետաքրքրությունները բավարարելու, ժամանակը կառավարելու հմտություններ։

Վարդանյանի մանկավարժական փորձը ցույց է տվել, որ գրքով հրապուրելու արդյունավետ միջոցներից մեկը երեխայի հետ գրախանութ գնալն է, որտեղ նա կկարողանա ինքնուրույն գրքեր ընտրել ու գնել։

Բայց որպեսզի գրքի հանդեպ սեր արթնանա, պետք է դպրոցներում կազմակերպվեն ասմունքի, արտահայտիչ ընթերցանության փառատոներ, գիրք նվիրելու օրն էլ շատ ավելի շուքով նշվի: Այսպիսի փոքրիկ քայլերից հետո ծնողներից շատերն այլևս չեն ասի` երեխաս գիրք չի կարդում։

թեգերը:
դպրոց, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ