12:53 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Երեխաներ

Աղբի հարցը լուծելու տարբերակը դատարան դիմելն է. «թիրախում» բակում խաղացող երեխաներն են

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Երևանցիները ստիպված են վճարել չմատուցվող ծառայության դիմաց։ Աղբը չեն տանում, բայց աղբահանության գումարները գանձում են։ Իսկ փողոցում կուտակված աղբը բազմաթիվ հիվանդությունների պատճառ է դառնում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանի աղբահանության խնդիրը լուծելու միակ ելքը, թերևս, դատարան դիմելն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը` նշելով, որ այսօրվա խնդիրը սպասելի էր դեռ 2011թ–ից, երբ ԱԺ–ն արտահերթ նիստում հապշտապ ընդունեց «Աղբահանության մասին» օրենքը։

Այս օրենքով, նրա խոսքով, «սպառողն ունի միայն պարտականություններ և ոչ մի իրավունք»։

Իսկ դատարան դիմելու հնարավորություն սպառողին տալիս է ոչ թե վերոհիշյալ օրենքը, այլ կառավարության որոշումը, որն ընդունվել է 2002թ–ին։ Դրանով սահմանված է, որ մինչև +5 աստիճան ջերմաստիճանի դեպքում աղբահանությունը պետք է իրականացվի առնվազն 3 օրը մեկ, իսկ +5-ից բարձր ջերմաստիճանի դեպքում`ամեն օր։

«Իսկ մեզ մոտ ի՞նչ է կատարվում։ Լավագույնը 3-4 օրը մեկ, պատահում է նաև 1-2 շաբաթը մեկ են տանում։ Այսինքն` խախտվում է կառավարության այդ որոշումը։ Դրա հիման վրա սպառողը կարող է դիմել դատարան և պահանջել փոխհատուցում, կամ որ ինչ–որ ձևով այդ հարցը լուծվի»,– ասաց Չիլինգարյանը։

Ընդ որում, սպառողը պարտավոր է վճարել փաստացի չմատուցվող ծառայության դիմաց, այլապես 1 շնչի համար վճարվող 200 դրամից բացի, ստիպված կլինի նաև տույժ–տուգանքներ վճարել։

Թիվ 2 բուժմիավորման թերապևտիկ ծառայության ղեկավար, թերապևտ Լամարա Մանուկյանն էլ նշեց, որ բացի էսթետիկ խնդիրներից ու տարածքում տարածվող գարշահոտությունից, Երևանի փողոցներում կուտակված աղբը նաև առողջական խնդիրներ է առաջացնում։

«Քայքայվող աղբից դուրս է գալիս գարշահոտությունը, և առաջին տուժող օղակը շնչառական ուղիների տարբեր ալերգիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են, որոնց մոտ սրվում են բրոնխիալ ասթմաները թոքային աբստրուկտիվ և այլ ալերգիկ հիվանդություններ»,– ասաց նա։

Գետնին թափված ու բակերում տարածված աղբն առաջին հերթին սպառնում է բակում խաղացող երեխաներին։

«Գնդակը գլորվում է աղբի մեջ, երեխաները ձեռքով վերցնում են, տուն գնալուց հետո ոչ միշտ են լիարժեք լվանում ձեռքերը, և դա շատ լուրջ պատճառ է, որ սննդի հետ երեխայի օրգանիզմ որևէ տոքսին անցնի, եթե ոչ միկրոբ»,– ասաց մասնագետը։

Ի դեպ, Մանուկյանի խոսքով, այսօր թունավորումների նման դեպքերն ավելացել են։ Դրանք հիմնականում արտահայտվում են լուծով, սրտխառնոցով, բարձր ջերմությամբ։

«Մենք հիմա շատ-շատ ունենք։ Ժողովրդին թվում է ինչ–որ բան այն չկերավ, լավ չմարսեց։ Բայց ես դա ուղիղ կապում են աղբի հետ»,– ասաց թերապևտը։

Պաշտոնական հստակ տվյալներ, նրա խոսքով, այս պահին չկան, հատկապես, որ դեպքերի մեծ մասի դեպքում քաղաքացիները բժշկի չեն դիմում ու փորձում են ինքնություն լուծել իրենց առողջական խնդիրները։

Հիշեցնենք` ապրիլի 15–ին Երևանի քաղաքապետարանը Երևանի աղբահանությամբ զբաղվող միակ` «Սանիթեք» ընկերությանը տուգանել էր 13 միլիոն դրամով` պարտականությունները թերի կատարելու համար։

Ապրիլի 18–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանից բացատրությունը պահանջեց աղբահանության վիճակի համար։ Վերջինս, ներկայացնելով իրավիճակը, խնդրեց թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց։

Կառավարությունը, քննարկումից հետո, համաձայնեց Երևանի քաղաքապետարանին թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց` չսպասելով դատարանի որոշմանը։

Այդ որոշման հիման վրա քաղաքապետարանը ձեռք է բերել 5 «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, որոնցով էլ այսօր իրականացվում է ամբողջ մայրաքաղաքի աղբահանությունը։

Նշենք, որ Երևանի Արշակունյաց պողոտայի հարակից շենքերի մի խումբ բնակիչներ այսօր առավոտից բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք հավաքել էին իրենց բակում օրեր շարունակ մնացած աղբն ու այն տեղափոխել քաղաքապետարանի մուտքի մոտ։

Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ իրենց բակից արդեն 21 օր աղբահանություն չի իրականացվել։ Իսկ պատկան կառույցների անգործության դեմ պայքարի այլ միջոց իրենք չեն տեսնում։

Ըստ թեմայի

«Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
Չենք սպասելու «Սանիթեքին». Մարությանն ասել է` ինչպես են լուծելու աղբամանների հարցը
Երևանի քաղաքապետարանը սկսել է «Սանիթեքի» փոխարեն հավաքել աղբը. տեսանյութ
թեգերը:
աղբ, Հայաստան

Գլխավոր թեմաներ