01:06 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նորակառույց շենք, արխիվային լուսանկար

Չես կարող վճարել` արձակուրդ վերցրու. հիփոթեքային վարկը հնարավոր կլինի մի քանի ամիս չվճարել

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
209 0 0

Ֆինանսների նախարարությունը որոշել է օգնել բարդ իրավիճակում հայտնված վարկառուներին։ Նրանց համար մշակվել է նախագիծ, որը վարկառուին վարկի վճարումը հետաձգելու իրավունք կընձեռի։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հիփոթեքային վարկով բնակարան գնած մարդու համար աշխատանքը կորցնելը կարող է նշանակել կորցնել նաև տունը, քանի որ բանկը չի սպասի մինչև վարկառուն նոր աշխատանք ու նոր եկամուտ գտնի. սա հայաստանյան այսօրվա դառը իրականությունն է, որը ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել։ Նախարարությունում մշակված օրենսդրական փաթեթով նախատեսվում է բարդ իրավիճակում հայտնված վարկառուներին հնարավորություն տալ մի քանի ամիս ազատվել վարկի ամսական վճարումներից կամ, ինչպես ընդունված է ասել միջազգային պրակտիկայում, հիփոթեքային արձակուրդ վերցնել։

Նախարարության ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման վարչության պետ Արման Ջհանգիրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախագծով վարկի սպասարկման արտոնյալ ժամանակահատված է սահմանվել առավելագույնը 6 ամիսը։

«Ցավոք, մեր կյանքում բազմաթիվ նման դեպքեր կան, և ոչ մեկս ապահովագրված չենք նման իրավիճակից։ Դա կարող է լինել և՛ աշխատանքի, եկամտի կորուստ, և՛ խնամատարության տակ գտնվող անձի ավելացում, օրինակ` երեխայի ծնունդ կամ որդեգրում, և՛ հաշմանդամության որոշակի դեպքեր, ինչպես նաև նոր աշխատանքից դուրս գալու, նոր աշխատանքի անցնելու կամ նոր ստարտափ սկսելու դեպքերը»,– ասաց Ջհանգիրյանը։

Արձակուրդի իրավունքից կարող են օգտվել միայն այն մարդիկ, որոնք բնակվում են հիփոթեքով գնված բնակարանում ու այլ տուն չունեն։ Այսինքն` կա լուրջ ռիսկ, որ չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները` մարդը կզրկվի բնակության վայրից ու կհայտնվի փողոցում։

Ֆիննախի ներկայացրած նախագծով վարկային արձակուրդի համար սահմանում է առավելագույնը կես տարի, բայց թե որքան այն կտևի, կորոշի բանկը` վարկառուի դիմումի հիման վրա։

Նման դեպքում վարկային արձակուրդի ժամանակահատվածն ավելանալու է վարկի հիմնական ժամկետին։

«Բանկը որևէ վնաս չի կրելու։ Եթե վարկը 20 տարով է, 6 ամսվա արտոնյալ ժամկետի տրամադրման պարագայում կդառնա արդեն 20 տարի 6 ամիս։ Մարդն այդ 6 ամսում ուղղակի հնարավորություն կստանա բարելավել իր ֆինանսական վիճակը»,– ասաց նա։

Արձակուրդի հնարավորությունից վարկառուն կարող է օգտվել վարկի մարման ընթացքում միայն մեկ անգամ։

Նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է, և հեղինակները չեն բացառում, որ մինչև վերջնական ընդունումը այն բազմաթիվ փոփոխությունների կենթարկվի, հատկապես, որ միայն հուլիսի 30-ին է հրապարակվել իրավական ակտերի միասնական համակարգում, բայց արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ֆինանսների նախարարությունն այդ ընթացքում առաջարկներ ու դիտողություններ է ստացել ու նույնիսկ դեմ կարծիքներ։

Բայց նախաձեռնության հեղինակները վստահ են, որ նման օրենքի անհրաժեշտությունը Հայաստանում կա։

Ջհանգիրյանը հայտնեց, որ մինչ նախագծի մշակումն իրենք ուսումնասիրել են հիփոթեքային վարկավորման շուկան ու պարզել, որ նույնիսկ առանց օրենքի, վարկի վճարման ժամանակավոր դժվարություններ ունեցող վարկառուներն այսօր էլ դիմում են բանկերին ու վարկային կազմակերպություններին` խնդրելով որոշ ժամանակով հետաձգել իրենց ամենամսյա վճարումները։

«Երբ մարդն իրոք հայտնվում է դժվար իրավիճակում` գործազուրկ է դառնում, կորցնում է եկամտի աղբյուրը և այդ պահին վարկի սպասարկման հետ կապված դժվարություններ ունի, բանկերն ընդառաջ են գնում նրան։ Բայց այս պահին բանկն ինքն է որոշում, մարդը նման իրավունք չունի։ Մենք այս նախագծով փորձել ենք որոշակի կարգավորում մտցնել այդ դաշտում ու մարդուն տալ բանկին դիմելու իրավունք»,– ասաց նա։

Թե Հայաստանի հիփոթեքային վարկառուների որ տոկոսն է նման արձակուրդի կարիք ունենում ու քանիսին են բանկերն ընդառաջում, պաշտոնական վիճակագրություն չկա, քանի որ այդ դեպքերը, որպես կանոն, չեն հաշվառվում։ Փոխարենը հայտնի է, որ վարկառուների 3.4 տոկոսն այսօր ունեն չաշխատող վարկեր, այլ կերպ ասած` չեն կարողանում վճարել իրենց վերցրած վարկերն ու հայտնվել են տույժ տուգանքների, դատական քաշքշուկի ու նույնիսկ տունը կորցնելու վտանգի առաջ։

Կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ այսօր կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Մեծ Բրիտանիայում, օրինակ, հիփոթեքային արձակուրդի առավելագույն տևողությունը 12 ամիս է, Ֆրանսիայում` 2 տարի։ Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ տարբեր ժամկետներով, Իռլանդիայում հիփոթեքային արձակուրդից կարելի է օգտվել անգամ բնակարանում անհրաժեշտ վերանորոգում կատարելու, ուսումնառության, հղիության ու ծննդաբերության դեպքերում։ Մայր գումարի վճարումն այս երկրում հետաձգվում է 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարներինը՝ մինչև 1 տարի։

2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև ՌԴ-ում, որով հիփոթեքային արձակուրդի առավելագույն ժամկետ է սահմանվել 6 ամիսը։

Ըստ թեմայի

Ինչպես կարելի է նվազեցնել հիփոթեքային վարկի տոկոսադրույքը. տնտեսագետը լուծում է առաջարկում
Հիփոթեքով բնակարանների կանխավճարը կնվազի. պետությունն ուզում է օգնել երիտասարդներին
Քաղաքացին մեծ եկամուտ ունի, բայց չի կարող ցույց տալ. հիփոթեքի խնդիրը
թեգերը:
Հիփոթեքային վարկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ