13:57 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
«Խոսրովի անտառ»

Ի՞նչ կարելի է անել այրված անտառների համար, կամ ղեկավարներն ինչո՞ւ չեն սիրում մասնագետներին

ФОТО: Министерство охраны природы
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11710

Այս տարի, իսկապես, հրդեհների դեպքերը շատ են: Խոտածածկ ու անտառապատ տարածքներում էլ: Բանը, բարեբախտաբար երկու տարի առաջվա ընդգրկուն հրդեհներին չհասավ, բայց օրինակ, «Արևիկ» ազգային պարկում հրդեհը վնասներ պատճառեց:

ԵՐԵՎԱՆ, 29 Օգոստոս — Sputnik, Արմեն Հակոբյան. «Արևիք» ազգային պարկում օգոստոսի 10-ից 14-ը մոլեգնած հրդեհը նման տարերային աղետներից մեր երկրի թույլ պաշտպանվածության հերթական դրսևորումներից մեկն է: Այսպես է կարծում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի նախկին գլխավոր անտառագետ, Մեղրու անտառտնտեսության նախկին տնօրեն, անտառագետ-դենդրոլոգ Գևորգ Մարգարյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց անտառային տարածքներում եղած հրդեհից հետո պատճառված վնասները մեղմելու մեխանիզմների մասին:

Մեր զրուցակցի կարծիքով` հրդեհները ահազանգում ու միաժամանակ խորհուրդ են տալիս Հայաստանի պատկան մարմիններին, որ դեռևս ուշ չէ և ժամանակն է արագացված մի շարք միջոցառումներ ու քայլեր կատարել, որպեսզի նախկին թերություններն ու բացթողումները չկրկնվեն:

«Այդ նպատակով անհրաժեշտ եմ համարում և առաջարկում եմ, նախ՝ հրդեհավտանգ ժամանակաշրջանում բոլոր անտառտնտեսություններում լրացուցիչ ժամանակավոր հրշեջ պահակների հաստիքներ ավելացնել: Կոնկրետ «Արևիք» ազգային պարկի համար՝ 20-30 հոգի է պետք»,-ընդգծեց Գևորգ Մարգարյանն ու շարունակեց առաջարկությունների շարքը: «Պետք է կյանքի կոչել երկհերթ պահպանության գրաֆիկը: Կամ, օրինակ, Կապանում գրասենյակի համար թանկարժեք շենք գնելու փոխարեն այդ միջոցները հատկացնել անտառտնտեսությունների, ազգային պարկերի, արգելոցների համար ամենագնաց, ժամանակակից սարքավորումներով ապահովված «Ուրալ» կամ ԳԱԶ-66 հրշեջ մեքենաներ ձեռք բերելուն»:

Կարևոր է նաև հրդեհի ժամանակ տվյալ տարածաշրջանի մարզպետարանի և ԱԻՆ հրահանգով հիմնարկների աշխատակիցներին և ազգաբնակչությանն անմիջապես ոտքի հանել և ներգրավել հրդեհների մարման գործընթացում, նրանց ապահովելով  համապատասխան աշխատանքային հագուստով, գործիքներով, սննդով, ջրով և այլ անհրաժեշտ պարագաներով:

Ու թող այրվի ամենը կապույտ բոցերի մեջ, թե՞ մեզ պետք են դեռ փրկարար ու հրշեջ. խնդիրներ` ծխի ներքո

Անտառագետը նշեց, որ պետք է ամիսը երկու անգամ կրթօջախներում, հիմնարկ-ձեռնարկություններում բնապահպանական հասարակական կազմակերպությունների միջոցով անտառների պահպանության ուսուցողական, խորհրդատվական, նախապատրաստական միջոցառումներ անցկացնել: Մեր զրուցակիցը կարևորեց նաև անտառամերձ համայնքների դպրոցներում նախկին դպրոցական անտառպետությունների վերականգնումը:

«Յուրաքանչյուր ստորաբաժանման ֆինանսատնտեսական պլանով պետք է նախատեսել տարեկան 30-40 կմ հակահրդեհային գոտիների խնամք և նոր հակահրդեհային՝ 5-10 կմ գոտիների ստեղծում: Լրացուցիչ ջրի բաքեր տեղադրել հրդեհավտանգ հատվածներում, հատկապես` փշատերև գիհու, սոճու, կենու նոսրանտառների աղբյուրների տարածքում և ջրի պաշարներ կուտակել:

Հակահրդեհային վտանգավոր գոտիների խոտածածկույթը վերացնելու նպատակով մասնակիորեն կիրառել հերբիցիդներ և ձեռք բերել դյուրակիր (շալակի) բենզամոտորային խոտհնձիչ, հող փորող մոտոբլոկներ, թեկուզ մինի-տրակտոր»,–ասում է Մարգարյանը:

Մոտ երեք տասնամյակի փորձառություն ունեցող մեր զրուցակցի գնահատմամբ` վատն այն է, որ վերջին հրդեհները անդառնալի կորուստներ են պատճառել հատկապես արևելյան գիհու դարավոր ծառուտներին, վնասն ուղղակի անգնահատելի է: Եթե նկատի ունենանք, որ գիհին շատ դանդաղ աճող ծառատեսակ է, ապա պարզ կդառնա, որ կորուստն արագ վերականգնել չի ստացվի, տարիներ ու տասնամյակներ են պահանջվում: Արժե հատուկ ընդգծել և արևելյան գիհու կարևորությունն ու գիհուտների նշանակությունը: Անտառագետ-դենդրոլոգը նշեց, որ գիհու մեկ հեկտար անտառը հնարավորություն ունի ֆիլտրել և ֆիտոցիդներով (վնասատու բակտերիաները ոչնչացնող ակտիվ նյութեր) հարստացնել մինչև 150-200 հազար բնակչությամբ ու  քիմիական զարգացած արդյունաբերություն ունեցող քաղաքի օդը:

«Խոսրովի անտառ» արգելոցի հարակից տարածքում հրդեհ է. տեսանյութ

Լավ, ի՞նչ կարելի է անել: «Միայն պետական մակարդակով ձեռնարկվող քայլերի, լրացուցիչ դրամաշնորհների կամ այլ ֆինանսական հատկացումների միջոցով կարելի է մասնակի վերականգնել կորուստը, ինչը երկար տարիներ կպահանջի»,-ասաց Գևորգ Մարգարյանը: Մասնագետի խոսքով` այդ նպատակով անհրաժեշտ է հենց այս տարի աշնանն արդեն ֆինանսավորել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին ու նաև հրդեհներից տուժած մյուս անտառային շրջանների կառույցներին և հանձնարարել հատուկ պահպանվող տարածքների աջակցման ծրագրի ղեկավարությանը, դիմել միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ ֆինանսական, նյութական օժանդակություն ցուցաբերելու համար։

«Այդ նպատակով առաջարկում եմ կազմակերպել տիպիկ տեղական ծառատեսակների սերմերի մթերում և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսել նրանց ստրատիֆիկացիայի, բնական վերաճի օժանդակման, հողի նախապատրաստման աշխատանքները: Իսկ հրդեհից չվնասված, կենսունակ ծառերի պսակների ձևավորման նպատակով մասնակի էտ կատարել»,–խորհուրդ է տալիս մասնագետը:

Մարգարյանը կարծում է, որ տեղերում կամ Զանգեզուր կենսոլորտային համալիրի Սոսիների պուրակի տնկարանում ժամանակն է սկսել նոր տեխնոլոգիաներով, այդ թվում՝ թաղարային եղանակով աճեցվող սերմնաբուսակների և արագաճ տնկանյութի բազմացման գործընթացը:

Երբ զրույցի ընթացքում նկատեցի, թե այնպիսի տպավորություն է, որ պատասխանատու կառույցները ոչ միայն տեխնիկական հագեցվածության խնդիր ունեն, այլև մարդուժի, մասնագետների, Գևորգ Մարգարյանը նշեց. «Տեխնիկական հագեցվածությունը կախված է մեր երկրի կառույցների ղեկավարների մտածելակերպից, ինչպես նաև ֆինանսական վիճակից: Նման սահմանափակ ու սուղ միջոցներով հնարավոր չէ լիարժեք ամեն ինչով ապահովել: Եղածով պետք է բավարարվել: Բայց մարդուժի հարցը հարաբերական է: Ինքս համամիտ եմ այն թեզին, որ կադրերն են որոշում ամեն ինչ»:

Նրա խոսքով` բնապահպանության համակարգում արհեստավարժ մասնագետները շատ քիչ են: Մի մասը լճացել են, մի մասը չեն տիրապետում  վիճակին, կամ ցածր աշխատավարձի պատճառով լավ չեն աշխատում: «Միաժամանակ, տարիների փորձը ցույց է տվել, և սա իմ անձնական տեսակետն է, որ ղեկավար այրերը, լինեն տնօրեն, թե նախարարության ներկայացուցիչ, երբեք չեն սիրել մասնագետներին,  որովհետև մասնագետներն իրենցից լավ են պատկերացնում խնդիրները: Իսկ տարբեր գերատեսչական բաժինները, վարչությունները հաճախ ղեկավարում են պատահական մարդիկ»,–ասում է Մարգարյանը:

Անտառահատների բախտն այլևս չի բերի. Ստեփանավանի անտառում սենսորային սարքեր են դրվել

Մեր զրուցակցի կարծիքով, ժամանակն է հետ կանչել նախկին անտառագետներին, անկախ տարիքից կամ համատեղությամբ այլ տեղ աշխատելու հանգամանքից:

Եվ մի բան էլ, ինչպես նշում է Գևորգ Մարգարյանը, անտառները վերականգնելու և պահպանելու համար նախ՝ սրտացավություն, գաղափարական նվիրվածություն, նպատակասլացություն, ստեղծագործական ձգտումներ են անհրաժեշտ, իսկ պատկան մարմինների աշխատակիցների 80-85 տոկոսը այդ որակները չեն դրսևորում:

Ըստ թեմայի

«Երկար տարիներ անտառը դիտվել է որպես փայտի աղբյուր». Վարդան Մելիքյան
Դիլիջանի անտառների պահպանությամբ զբաղվում են «խելառ» ռենջերները. ովքե՞ր են նրանք
Անտառների գործում նոր պաշտոնյաներ են ներգրավվել. հայտնի են ապագա մեղադրյալների անունները
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Հայաստան, անտառապահ, Անտառ

Գլխավոր թեմաներ