18:40 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Բավրա

Երկրաշարժից հետո Աշոցքի ու Բավրայի դպրոցներում դասեր չեն անցկացվել

© Sputnik / Armine Alexanyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Շիրակի մարզպետը նախարարին է փոխանցել դպրոցներում անցկացված ստուգումների արդյունքը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո այսօր Բավրայում ու Աշոցքում դասեր չեն անցկացվել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյոք կան վնասված շինություններ, թե ոչ: Մարզպետը տեղեկացրեց, որ շենքերն անվտանգ են»,– գրել է նա։

Նախարարը հորդորել է մարդկանց շենք-շինություններում առաջացած խնդիրների դեպքում դիմել համայնքապետարան կամ մարզպետարան:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 20:22-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Սեպտեմբերի 11-ի ժամը 05:00 դրությամբ գրանցվել են 1.0-3.7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցումներ, որոնք համեմատաբար թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:

թեգերը:
Արայիկ Հարությունյան, Բավրա, Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ