11:42 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Արմեն Մանուկյան

Ում ստեղծած դրոշների մոտ կկանգնեն Պուտինն ու Փաշինյանը. գործը յուրացրած հայ ընտանիքը

© Sputnik / Aram Gareginyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Էլեկտրոնային ինժեներ Սուրեն Մանուկյանը սիրում էր տանը տարբեր երկրների դրոշներ պատրաստել: Մի քանի տարի առաջ Մանուկյանները ընտանեկան գործ նախաձեռնեցին և այսօր ամենապատասխանատու պատվերներն են ստանում:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Երևանում հոկտեմբերին կհավաքվեն Եվրասիական միության երկրների ղեկավարները: Փաշինյանը, Պուտինը, Լուկաշենկոն, Տոկաևը և Ժեենբեկովը կկանգնեն իրենց երկրների դրոշների մոտ: Իսկ այդ դրոշները կպատրաստվեն Երևանում գտնվող փոքր ընտանեկան ձեռնարկությունում:

Այդ պատասխանատու աշխատանքն առաջինը չէ նրանց համար։ Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ապրիլյան հանդիպումից առաջ Մանուկյանների ընտանիքը մինչև գիշերվա ժամը երեքն արդուկում էր հինգ դրոշների մետաքսե կտորները:

«Դրանց մոտ կանգնել են և՛ Փաշինյանը, և՛ Մեդվեդևը, և՛ մյուսները: Փոքրագույն ծալքն անգամ մեծ թերություն կլիներ», – ասում է Արմեն Մանուկյանը:

Թե ինչպես է պետք դրոշներ պատրաստել փոքր կարի ճշգրտությամբ, գիտի նրա հայրը` Սուրեն Մանուկյանը` էլեկտրոնային ինժեները: Երիտասարդ տարիներին նա, ինչպես և ցանկացած խորհրդային ինժեներ, սիրում էր աշխատանքից հետո էլ որևէ բանի վրա աշխատել: Տանը նա տարբեր երկրների դրոշներ էր պատրաստում: Եվ խորհրդային փոքր բնակարանը երեխաների աչքի առաջ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի էր նմանվում:

Семейное фото участников Евразийского межправительственного совета началом заседания (30 апреля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցները, 2019 թվականի ապրիլի 30

«Սկզբում նա համեմատաբար հեշտ ու հայտնի դրոշներ էր պատրաստում, օրինակ` ֆրանսիական կամ իտալական: Եվ, իհարկե, խորհրդային։ Թեև խորհրդայինն այդքան էլ պարզ չէ. պետք էր խնամքով կպցնել մուրճն ու մանգաղը: Եվ բազմաթիվ այլ դրոշներ: Եղել է և՛ Բուլղարիան, և՛ Թաիլանդը, և՛ Չիլին, և՛ ինչ մտքներովդ անցնի: Հայրս կարծես ամբողջ աշխարհն էր մեր դեմ բացում», – հիշում է Արմենը:

Արդյո՞ք քաղաքացիները հպարտանում են իրենց երկրի դրոշով: Իհարկե: Բացի այդ, նրանք հպարտանում են նրանով, թե ինչի վրա է խարսխված իրենց երկիրն ու ինչով է այն ուժեղ: Այսօր այդ մասին մոռացել են, սակայն խորհրդային մարդիկ հպարտանում էին իրենց գիտությամբ: Օրինակ` Ուկրաինայում հպարտանում էին, որ ամբողջ Միության էլեկտրաեռակցման խոշորագույն ինստիտուտը Կիևում է գործում (որտեղ ապրում և աշխատում էր հրաշալի գիտնական Եվգենի Պատոնը): Իսկ ամբողջ Հայաստանը (նույնիսկ նրանք, ովքեր իքսն ու իգրեկը չէին տարբերում) հպարտանում էր մաթեմատիկական մեքենաների իր ինստիտուտով (ժողովուրդն այն կոչում էր առաջին տնօրեն, հիանալի մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անունով). այստեղ էին հավաքում Խորհրդային Միության առաջին համակարգիչները: Ահա այս ինստիտուտում էլ աշխատում էր Մանուկյանի հայրը:

Միության փլուզումից հետո ինստիտուտը պահպանվեց, սակայն արդեն նախկինի նման չէր: Իսկ Մանուկյանը, որը մնացել էր այնտեղ աշխատելու, չթողեց նաև իր զբաղմունքը: Դրոշները հավաքում էր տանը կամ նվիրում ընկերներին (օրինակ` ֆուտբոլի երկրպագուներին): Իսկ մի քանի տարի առաջ որոշեց իր զբաղմունքը ընտանեկան բիզնեսի վերածել:

«Հայրս դեռ 80-ականների վերջին ինքնուրույն յուրացրեց գործվածքի ջերմային միացման եղանակը: Այս եղանակը թույլ է տալիս առանց կար դնելու բավականին հարթ ձևով փոքր դրոշներ պատրաստել: Հոսքագծի վրա նման բան ստանալ հնարավոր չէ, այդ ամբողջը ձեռքի աշխատանք է: Ես սովորում եմ և հույս ունեմ, որ տարիներ անց ինձ մոտ էլ կստացվի այնպես, ինչպես հայրիկիս մոտ», – ասում է Արմեն Մանուկյանը:

Այժմ ընտանեկան ձեռնարկությունն աշխատում է և՛ մասնավոր հատվածի (ձեռնարկությունների և հյուրանոցների) հետ, և՛ պետության պատվերով, ընդ որում՝ ամենալուրջ պատվերով:

«Հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք կարել ենք Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքի վրա ծածանվող դրոշը: Մենք այն պարբերաբար փոխում ենք, քանի որ արևից խամրում է, իսկ քամուց կարող է վնասվել: Խորհրդարանի շենքի մոտ տեղադրված դրոշը նույնպես մեր աշխատանքն է, ինչպես նաև ԱԳՆ-ում գտնվող դրոշը և արտերկրում Հայաստանի որոշ դեսպանատների դրոշները», – ասում է Արմենը:

Սարդարապատի ճակատամարտի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին ընդառաջ` անցած տարի մայիսին, Մանուկյանների ընկերությունը` Flagmas–ը, պատրաստեց Հայաստանի ու Սարդարապատի խորհրդանշանով դրոշները: Քաղաքների վարչակազմների, դպրոցների և այլ հաստատությունների հետ աշխատելիս Մանուկյանները միշտ հիշեցնում են նրանց` դրոշի ներքևի գիծը պետք է ոչ թե դեղին, այլ նարնջագույն լինի:

«Պետական մակարդակով նման բան, իհարկե, թույլ չեն տալիս, սակայն առանձին տեղերում, ցավոք, նման սխալ կարելի է նկատել: Յուրաքանչյուր հնարավորության դեպքում մենք հիշեցնում ենք, որ նման բան չպետք է լինի», – ասում է Մանուկյան կրտսերը:

Դրոշները, որոնք տեսնում ենք գլխավոր լուսանկարում, բավականին ներկայացուցչական տեսք ունեն: Սակայն պաշտոնական հանդիպումների համար նույնիսկ սրանք հարմար չեն. այնտեղ մետաքսե կտորի 4 շերտ է հարկավոր, իսկ դրոշը պետք է պատկերված լինի գործվածքի երկու կողմից և ոչ միայն դիմերեսի: Բացի այդ, կտորները կարելու հատուկ տեխնոլոգիա է օգտագործվում, որը գործվածքն ավելի ծավալուն է դարձնում:

Այժմ ընկերությունը, Արդյունաբերողների և գործարարների միության հետ, ուզում է դպրոցում հանդիպումների շարք անցկացնել, որտեղ երեխաներին կպատմեն դրոշի սիմվոլիկայի և դրոշի հանդեպ հարգանքի մասին: Իսկ Մանուկյանի հայրը` խորհրդային ինժեները, ուզում է, որ իր երեխաներն ու թոռները հպարտանալու բան ունենան սեփական երկրում, այնպես, ինչպես ինքն ուներ երիտասարդ տարիքում:

Ըստ թեմայի

Ձեր բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ. Փաշինյանը Սարդարապատում է
«Ծի՜կ». Յանա Եգորյանը «թաքնվել» է Հայաստանի ու Ռուսաստանի դրոշների արանքում. լուսանկարներ
«Նպատակիս հասա՜». հայ լեռնագնացը հասել է Արարատ լեռան գագաթ ու ծածանել ՀՀ դրոշը. տեսանյութ
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, դրոշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ