11:43 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Արագած լեռ. զբոսաշրջիկներ. արխիվային լուսանկար

Ինչը կարող էր Արագածի վրա արջի հարձակման պատճառ դառնալ. մեկնաբանում են մասնագետները

© Sputnik / Janna Poghosyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2882 0 0

Ինչու է արջը հարձակվել լեհ զբոսաշրջիկների վրա, ինչու են արջերը սկսել ավելի հաճախ մոտենալ բնակավայրերին և ինչպես պաշտպանվել նման դեպքերում:  Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են մասնագետները:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի-Sputnik. Արջի հարձակման պատճառները կարող են տարբեր լինել: Օրինակ, եթե նա ձագերի հետ է՝ դա կարող է պաշտպանական ռեակցիա լինել, հնարավոր է՝ արջը հարձակվի, որովհետև վիրավոր է (օրինակ, որսագողերը կրակել են, չեն կարողացել սպանել), կամ էլ՝ սոված է, սնունդ է փնտրում: Անդրադառնալով երեկ Արագած լեռան վրա արջի հարձակման դեպքին՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Արսեն Գասպարյանը: Նրա խոսքով՝ կան նաև արջի առանձնյակներ, որոնք պարզապես կարող են ագրեսիվ լինել:

Արսեն Գասպարյանը նշում է, որ երեկվա դեպքն առանձնացավ նրանով, որ ողբերգական հետևանք ունեցավ, բայց արջերի հետ կապված շատ դեպքեր են լինում հատկապես Վայոց ձորում, երբ կենդանիները բնակավայրեր են իջնում, վնաս տալիս պտղատու այգիներին, ընտանի կենդանիներին: Նա ցավում է, որ նման պայմաններում այս ահազանգը հնչեցվեց, բայց պետք է մարդկանց համակեցության պայմանները համապատասխանեցնել վայրի կենդանիների ապրելակերպին: Եվ դա պետք է անել ոչ թե կենդանիներին սպանելով, այլ նախապաշտպանական միջոցառումներ կատարելով: Օրինակ՝ բնակելի տարածքները պետք է սահմանազատել, որ արջն ու մյուս վայրի կենդանիները չկարողանան մտնել այգիներ և այլն: Դրանից բացի, քայլարշավների պետք է գնալ պաշտպանիչ միջոցներով ու համապատասխան գիտելիքներով զինված:

Պետք է հստակ իմանաս՝ ուր ես գնում, և քեզ ինչ կարող է հանդիպել: Օրինակ, աշխարհի տարբեր երկրներում հատուկ ցուցանակներ են տեղադրված, որոնք զգուշացնում են, որ այդ վայրում արջեր կան: Մեզ մոտ նման ցուցանակներ չկան: Բացի այդ, պետք է գիտելիքներ ունենալ կենդանիների հետքերը ճանաչելու և զգուշանալու համար:

«Օրինակ, արահետի վրա տեսնում ենք թարմ կղանք կամ կենդանու ոտնահետքեր. պիտի հասկանանք, որ մոտակայքում կենդանի կա»,- ասում է Գասպարյանն ու հավելում, որ անտառ գնալիս նվազագույնը պիտի արջերից պաշտպանվելու հատուկ սփրեյ ունենաս:

Բնականաբար, դա 100 տոկոսով պաշտպանություն չի երաշխավորում, բայց հնարավոր է՝ կենդանին վախենա ու փախչի: Եվ վերջապես, կենդանուն հանդիպելիս պետք է նրան չսադրել, ուշադրություն չգրավել.

«Երբ արջը հարձակվում է մարդու վրա, իսկ նա սկսում է պաշտպանվել, կենդանին ավելի է ագրեսիվանում: Եթե մարդը կարողանա ավելի հանգիստ լինել, կարող է ավելի հեշտ պրծնել»,- ասում է բնապահպան Մանուկ Մանուկյանը:

Նա նաև հավելում է, որ այսօր մարդիկ սկսել են ավելի գնալ վայրի բնություն: 10-20 տարի առաջ վայրի կենդանիներն ավելի շատ են եղել, բայց այն ժամանակ ոտքով Արագած կամ Ուխտասար շատ քչերն էին գնում:

«Տուրիզմը լավ բան է: Բայց եթե վայրի բնություն ես գնում, պիտի պատրաստ լինես, որ կարող է և քեզ արջն ուտի: Գոնե մարդիկ պիտի նախապատրաստված լինեն՝ ուր գնան, ինչպես գնան»,- նշում է նա:

Խոսելով լեհ զբոսաշրջիկների վրա արջի հարձակման դեպքի մասին՝ Մանուկյանը նշում է, որ հարձակումը տարօրինակ է:

«Այս դեպքն ինձ համար էլ է անհասկանալի, որ այս սեզոնին արջը հարձակվել է մարդու վրա. կարող է՝ կամ վիրավոր է եղել, կամ մարդու կողմից բաց թողնված: Ընդհանրապես, աշնանը բացառիկ է, որ հարձակվեն: Հարձակումն ավելի հավանական է գարնանը, երբ փոքր քոթոթների հետ են և նաև զուգավորման շրջանն է: Էգը կարող է քոթոթներին պաշտպանել, արուն՝ էգին»:

Այսպիսով, մասնագետները չեն շտապում կարծիք հայտնել Արագածում երեկ տեղի ունեցածի պատճառների մասին. դեպքը պիտի բոլոր մանրամասներով ուսումնասիրվի, հետազոտություններ կատարվեն, միայն դրանից հետո հնարավոր կլինի եզրահանգումներ անել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին:  Ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։

Հայաստանում որպես զբոսաշրջիկ գտնվող ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ բարձրացել է Արագած լեռ։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։ Երիտասարդը սկսել է կռիվ տալ կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։

Արջը, որն ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխը անճանաչելիորեն ջնջխված է եղել։

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի քաղաքացիների վրա. կա վիրավոր

Sputnik Արմենիայի տեղեկություններով` արջի հարձակման զոհ դարձած տղամարդը 33 տարեկան էր և ապրում էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: 31-ամյա նշանածը նույնպես Վարշավայի բնակիչ է:

Ըստ թեմայի

Վայոց Ձորում արջը տների բակեր է մտել
Արփի գյուղ արջ է մտել, ջարդել մեղվի փեթակն ու վնասել ճագարներին
«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը
թեգերը:
Լեհաստան, Մահ, աղջիկ, տղա, Դժբախտ պատահար, արջ, Արագած

Գլխավոր թեմաներ