15:06 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Սրճարան Երևանում, արխիվային լուսանկար

Բրոդսկին վատ օրինակ է, կամ հայերը պատրա՞ստ են սուրճն առանց ծխախոտի խմել

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Հայաստանում հակածխախոտային օրենքն ուժի մեջ կմտնի 15 ամիս անց, բայց սրճարանատերերը համոզված են, որ այդ հանգամանքը չի անդրադառնա հաճախորդների թվի վրա։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Երբ առավոտյան արթնանալուց հետո մի բաժակ սուրճ չես խմում ու մի գլանակ չես ծխում, ինչո՞ւ ես ընդհանրապես արթնանում։ Այս աֆորիզմը վերագրում են Իոսիֆ Բրոդսկուն, մարդ, որին մինչև կյանքի վերջ տանջել է կրծքահեղձուկը (ստենոկարդիա)։ Բայց բանաստեղծն անտեսել է ախտորոշումն ու բժիշկների հորդորները և մի սիգարետը մյուսի հետևից ծխել։ Մինչ օրս պոետի շիրիմին ծաղիկների հետ նաև սիգարետ են դնում։

Թեև Բրոդսկին հայկական արմատներ չի ունեցել, բայց շատ է սիրել սիգարետը վայելել մեկ բաժակ «հայկական» սուրճով։ 1972 թվականին, դեռ այն ժամանակ, երբ նրան չէին վտարանդել ԽՍՀՄ–ից, Բրոդսկին այցելել էր Հայաստան ու առաջին անգամ սև սուրճ համտեսել։ Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներն ու աշխատակիցները, որոնք հյուրընկալել էին նրան Երևանում, ցույց էին տվել «հայկական առօրյան»` սուրճ և սիգարետ` վաղ առավոտյան, սուրճ և սիգարետ` ճաշից հետո, սուրճ և սիգարետ` երեկոյան ընկերների հետ։

Սուրճը սիգարետի հետ համադրելու ավանդույթը Հայաստանում պահպանվել է առ այսօր։ Նույնիսկ ամենահամեղ սուրճը ծխողների համար լիարժեք չէ առանց ծխախոտի։ Նման «միքսի» համար Երևանում բազմաթիվ սրճարաններ կան, որոնք, թվում էր, պետք է բողոքեին Առողջապահության նախարարության նախաձեռնությունից, որի շնորհիվ 2021 թվականի հունվարի 1-ից ծխելը կարգելվի հանրային սննդի վայրերում։ Սակայն հաստատությունների տերերը համոզված են, որ օրենքը որևէ կերպ չի անդրադառնա հաճախորդների թվի վրա։

«Եթե ծխելն արգելեն բացառապես հասարակական բոլոր վայրերում, ապա ժամանակի ընթացքում մարդիկ կընտելանան դրան և ամեն դեպքում կշարունակեն սրճարաններ այցելել։ Պարզապես նոր մշակույթ կձևավորվի, ծխողները ծխելու համար դուրս կգան, հետո կվերադառնան», – կարծում է Segafredo սրճարանների ցանցի ներկայացուցիչ Մելանյա Բաբայանը։

Սրճարաններում առանձին սրահներ կան ծխողների և չծխողների համար։ Բաբայանի կարծիքով` Հայաստանում բավականին հանդուրժողական վերաբերմունք ունեն ծխողների նկատմամբ։ Մարդիկ հաճախ, ազատ տեղ չգտնելով չծխողների սրահում, համարձակորեն անցնում են ծխողների սրահ։

«Ամեն դեպքում մեզ մոտ գալիս են մեր ըմպելիքների համար, կարևորը սուրճն է։ Եթե ինչ–որ մեկն ընդհանրապես տանել չի կարողանում ծուխը, հիանալի գիտի, թե արդեն այսօր որ վայրերում է արգելված ծխելը», – ավելացնում է Բաբայանը։

Նման սրճարաններից մեկը հենց Segafredo–ի դիմացն է` The Green Bean–ը։ Այստեղ ծխելն արգելված է հիմնադրման օրվանից. դրա շնորհիվ սրճարանն իր հաճախորդներին ունի։

«Մեզ մոտ գալիս են երեխաների հետ, գալիս են նաև մարդիկ, որոնք ուզում են վայելել համեմատաբար մաքուր օդը, մարդիկ, որոնք ալերգիա ունեն ծխից կամ պարզապես տանել չեն կարողանում ծուխը։ Հաճախորդներից ոմանք զարմանում են, թե ինչպես կարող է սուրճն առանց ծխախոտի լինել։ Գիտե՞ք` այսպիսի արտահայտություն կա. սուրճն ու սիգարետը գեղեցիկ են հնչում, բայց տախիկարդիան և քաղցկեղը` ոչ այնքան», – ժպտալով ասում է բարմեն Էդուարդ Բարսեղյանը։

Ճանաչված հայերից ովքե՞ր են հրաժարվել սիգարետից, կամ ծխելուց առաջ հիշեք համբուրվելու մասին

Նա ողջունում է հակածխախոտային օրենքը և համոզված ասում, որ հաճախորդները դրանից ո՛չ կպակասեն, ո՛չ էլ կավելանան։

«Որտեղ էլ նրանք լինեն, չծխողները չեն ծխում, իսկ մոլի ծխողները ծխելու հնարը գտնում են։ Օրինակ` մեզ մոտ հաճախորդներ են գալիս, որոնք սուրճը կիսատ են թողնում, դուրս են գալիս դրսում ծխելու, հետո վերադառնում են և վերջացնում իրենց սուրճը», – ավելացնում է բարմենը։

Ծխողներից ոմանք օրենքը խտրականություն են համարում, բայց մեծամասնությունն ամեն դեպքում կողմ է օրենքին։

«Շատ տհաճ է ճաշել ծխի մեջ։ Ես ինքս ծխում եմ, բայց նախընտրում եմ այնպիսի տեղեր գնալ, որտեղ ծխելն արգելված է կամ օդափոխության լավ համակարգ կա», – ասում է սրճարանի մշտական հաճախորդ Գևորգը։

Իսկ չծխողները, բնականաբար, ողջունում են հակածխախոտային օրենքը։ Երևի միակը, որ հաստատ կտուժի հակածխախոտային օրենքից, ծրագրավորմամբ զբաղվող Արթուր Դոլմաջյանն է, որը երեք տարի առաջ ստեղծեց Smoke Free հավելվածը։ Երևանցիները հավելվածի շնորհիվ կարողանում են հեշտությամբ գտնել մոտակայքում գտնվող այն հասարակական վայրերը, որտեղ ծխելն արգելված է։

«Ստացվում է, որ օրենքը «կսպանի» ստեղծածս, – ծիծաղում է Դոլմաջյանը, – սակայն ես համոզված եմ, որ ինձ մոտ նոր գաղափարներ կծնվեն այլ նախագծերի համար։ Շատ ուրախ եմ, որ իմ հենց այս հավելվածն այլևս Հայաստանին պետք չի լինի»։

2021 թվականի հունվարի 1-ից ծխելը կարգելվի ոչ միայն հասարակական սննդի կետերում, այլև թատրոններում, կինոթատրոններում, համերգասրահներում, հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում, ինչպես նաև դրանց շուրջ 10 մետր հեռավորության վրա գտնվող հատվածներում։ Բացի այդ, ծխախոտի տուփերի վրա կսահմանափակվի ապրանքանիշի և տարբերանշանի մակերեսը։

Ըստ թեմայի

«Անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը սկսվել է». Գայանե Ավագյան
Աննայի և Լուսինեի եռապատկված ուրախությունը. Մարգարյան հիվանդանոցում 2 կին եռյակ են ունեցել
Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները
Մայրական մահացությունն ավելացել է. որոնք են բժիշկներին «հետապնդող» դեպքերի պատճառները
թեգերը:
սուրճ, ծխախոտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ