04:19 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Երևանի` Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի տնօրեն

«Բարեգործություն»` փակ դռների հետևում. Նունե Եսայանից հետ վերցրած տարածքը դեռ չի բացվել

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
100920

ՀՀ կառավարությունը Երևանի կենտրոնի դպրոցներից մեկի 500 քմ տարածքը, անհատույց, 10 տարով, տվել էր Նունե Եսայանին։ Պարզվում է` մինչ այդ էլ, նույն տարածքը 10 տարի Վարդան Օսկանյանի կինն է տնօրինել։ Իսկ դպրոցի տնօրինությունն անհամբեր սպասում է բանալիներին։

ԵՐԵՎԱՆ, 2 Նոյեմբեր — Sputnik. Նելլի Դանիելյան. Երևանի` Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում շուրջ 10 օր է` անհամբեր սպասում են դպրոցի շենքում գտնվող տարածքի բանալիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանը` ցույց տալով շենքի ներսից ու բակի կողմից փակված դռները։

Мариам Саркисян директор Ереванской основной школы 53 имени Агаси Ханджяна
© Sputnik / Asatur Yesayants
Մարիամ Սարգսյան, Երևանի` Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի տնօրեն

«Բանալիները դեռ մեզ չեն տվել։  Տարածքը փակ է»,- ասաց նա։

Տնօրենը հավելեց, որ կառավարության որոշման մասին լսել են, պետական գույքի կառավարման կոմիտեից էլ հեռախոսազանգ են ստացել, ինչը հույս է տվել, որ 20 տարի շարունակ դպրոցից խլած տարածքը վերջապես կվերադարձվի իրական տերերին։

«Արդեն որոշել ենք, եթե ամեն ինչ լավ լինի, առաջին հերթին տարածքը կվերանորոգենք։ Դպրոցի բարերարը այդ հարցում խոստացել է օգնել մեզ։ Այստեղ կտեղափոխենք ազգային երգի–պարի, տեխնոլոգիայի դասասենյակները, ինչպես նաև այն առարկաները, որոնք կես խմբերով են պարապում»,– նշեց Սարգսյանը։

Ереванская основная школа 53 имени Агаси Ханджяна
© Sputnik / Asatur Yesayants
Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց

2013թ-ին կառավարության որոշմամբ` դպրոցի առաջին մասնաշենքի երրորդ հարկն ամբողջությամբ 10 տարով, անհատույց հանձնվել է «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին` տարածքում ուսումնական կենտրոն հիմնելու համար։

Թե որքանով է հիմնադրամն այս գործունեությունն իրականացրել, դպրոցի տնօրենը չցանկացավ փակագծեր բացել, բայց չթաքցրեց`  տարածքի «տերերին» այստեղ գրեթե չեն հանդիպել։

Դպրոցի տնօրենը պատմեց, որ 2018–ի փետրվարին, երբ դպրոցի ջրատարը վթարվել էր` հեղեղելով հիմնադրամի գրեթե ամբողջ տարածքն ու դպրոցը, իրենք մեծ դժվարությամբ են կապ հաստատել Նունե Եսայանի աշխատակիցների հետ, որ գան, դուռը բացեն։

Ереванская основная школа 53 имени Агаси Ханджяна
© Sputnik / Asatur Yesayants
Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց

«Մենք զանգահարեցինք, տեղյակ պահեցինք իրենց, որ ջրհորդանը վնասվել է ու հալած ձյան ջուրը տանիքից հոսում է իրենց տարածք, այնտեղից էլ` դպրոցի տարածք»,– ասաց Սարգսյանը` ցույց տալով դպրոցի 2-րդ հարկի առաստաղին մնացած ջրի հետքերը։

Տնօրենի խոսքով` այս միջադեպը իրենց համբերության բաժակի  վերջին կաթիլն էր։

«Մենք փետրվարին մանկավարժական խորհրդի նիստ արեցինք, որոշեցինք ու դիմեցինք քաղաքապետին, ԿԳ նախարարին, պետգույքի կառավարման կոմիտեին, Տարածքային կառավարման նախարարությանը»,– ասաց տնօրենը։

Չնայած դրան, 2019թ–ի հոկտեմբերին 24-ին միայն կառավարությունը որոշեց տարածքը վերադարձնել դպրոցին։

Мариам Саркисян директор Ереванской основной школы 53 имени Агаси Ханджяна
© Sputnik / Asatur Yesayants
Մարիամ Սարգսյան, Երևանի` Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի տնօրեն

Ու, թեև տարածքը մեր այցելության պահին էլ փակ էր, բայց արտաքին տեսքից, խորհրդային ժամանակների փայտե ու կոտրված պատուհաններից,  պարզ էր` բարեգործական ծրագրերն այստեղ, մեղմ ասած, այնքան էլ «ակտիվ» չեն իրականացվել։

507 աշակերտ ունեցող դպրոցի շենքն ի սկզբանե 2 աստիճանավանդակ է ունեցել։ Բայց շուրջ 20 տարի դպրոցի աշխատակիցներն ու դպրոցականները միայն մեկից են օգտվել։  Մյուսը  «բարեգործները» փակել են, դիմացը դուռ դրել, կողպել, որ դպրոցի անցուդարձն իրենց չխանգարի։ Շենքի կողքից էլ նոր մուտք են բացել, որպեսզի իրենց ելումուտը  դպրոցի հետ որևէ կերպ չառնչվի։

Դպրոց այցելելուց ու տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո փորձեցինք կապ հաստատել նաև «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամի ու Նունե Եսայանի հետ։ Երգչուհին օրեր շարունակ չպատասխանեց մեր զանգերին, իսկ հիմնադրամից հակիրճ պատասխան տվեցին։

Ереванская основная школа 53 имени Агаси Ханджяна
© Sputnik / Asatur Yesayants
Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց

Մեր հարցին, թե որտե՞ղ է շարունակելու հիմնադրամն իր գործունեությունը, աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց` հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը։ Իսկ թե ի՞նչ պատճառով`  չնշեց։

Այն, որ հիմնադրամը չի գործում, կամ, առնվազն, չի իրականացնում իր հիմնական գործառույթները, պարզել է  նաև կառավարությունը։ 2019 թվականի ապրիլի 25–ի ՀՀ նոր կառավարության հաստատած փաստաթղթում գործադիրն  արձանագրել է` «հիմնադրամը պայմանագրային պարտավորությունը չի կատարել, պայմանագիրը պետք է լուծարել»։

Հիշեցնենք` խոսքը 2013թ–ի ապրիլի 11-ին կնքած պայմանագրի մասին է`  թիվ 53 դպրոցի 3-րդ հարկն ամբողջությամբ` շուրջ 500 քմ տարածք, 10 տարի ժամկետով, անհատույց տրամադրել  հիմնադրամին։

Կես տարի անց` 2013թ–ի սեպտեմբերի 28-ին կառավարությունը «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին 54. 6 մլն դրամի նվիրատվություն էր հատկացրել` բարեգործական ծրագրեր իրականացնելու և Նունե Եսայանի համերգը Հանրապետության հրապարակում կազմակերպելու համար։

2014թ–ի հունիսի 6-ին էլ կառավարությունը հիմնադրամին 3 730 400 դրամ էր տրամադրել` հիմնադրամի տարածքը  կահավորելու համար, իսկ 2014թ–ի դեկտեմբերին` ևս 20 միլիոն դրամ` որպես դրամաշնորհ:

Թե կոնկրետ ի՞նչ ծրագրերի վրա են ծախսվել այս գումարները, հիմնադրամում հրաժարվեցին պատասխանել։

«Որևէ այլ հարցի չենք պատասխանում»,– ասաց աշխատակցուհին ու անջատեց հեռախոսը։

Այն, որ ներկրման ոլորտում մենաշնորհ ունենք, պարզ էր, բայց դպրոցո՞ւմ. վարչապետը զարմացավ

Ի դեպ, Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մեջ, մեզ հաջողվեց գտնել հիմնադրամի գործունեության մասին հետևյալ հատվածը. «Սոցիալապես անապահով ընտանիքների 22 երեխա` երկարօրյա դասընթացների է մասնակցել հիմնադրամում։ Շաբաթվա մեջ 5 օր, 3-8-րդ դասարանի աշակերտները հիմնադրամի տարածքում երկարօրյա պարապմունքների են այցելել, որի ընթացքում  նրանց ուսուցանվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն, համակարգիչ, երգ, պար, նկարչություն առարկաները, մեկ անգամ տրամադրվել է անվճար սնունդ:

Բացի այդ, «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամի  60 երեխաներ  քաղաքապետարանի աշխատակիցները հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` կամավոր տարածքը ծաղիկներից մաքրելու համար»:

Սա հիմնադրամի գործունեության մասին պաշտոնական (ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի) կայքերում հրապարակված միակ տեղեկությունն է։

Հետաքրքիր մեկ փաստ ևս. ինչպես մեզ հայտնեցին թիվ 53 դպրոցում` «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամը միակ կազմակերպությունը չէ, որը կառավարությունից այդ տարածքը «նվեր» է ստացել։ 2003-2013թթ–ին` մինչև «Նունե Եսայան» հիմնադրամին տրամադրելը նույն տարածքը, 10 տարով, անհատույց, տրամադրվել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդա Օսկանյանի կնոջ` Նանի Օսկանյանի հասարակական կազմակերպությանը։

Իսկ 2013թ–ին, երբ Վարդան Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանք առաջադրվեց, տարածքը հետ վերցվեց նրա կնոջից ու տրամադրվեց Նունե Եսայանին` դարձյալ անհատույց ու դարձյալ 10 տարով։

Բայց 10 տարին չբոլորած իրավիճակը փոխվեց ու դպրոցից «զավթված» տարածքը վերադարձվեց դպրոցին։

Ըստ թեմայի

Հայաստանի բոլոր դպրոցներում ուսումնասիրություններ են անցկացվելու. Դավթյանն է հանձնարարել
Դասագրքերը վատ վիճակում են. ե՞րբ սպասել փոփոխությունների
Ովքե՞ր են սովորում Երևանի հատուկ դպրոցներում. 60 տոկոսը հատուկ պայմանների կարիք չունեն
«Բանավեճը կմտնի փակուղի». «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագիրն անորոշ է
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, ՀՀ կառավարություն, բանալի, դպրոց, Նունե Եսայան, Մարիամ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ