18:32 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Լուիզա Սարգսյան

«Հիշիր` սա միայն մեր պայքարը չէ». ովքե՞ր հաղթեցին «Իմ ընկեր…» շարադրությունների մրցույթում

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
101730

«Փոխիր աշխարհը» իրազեկման արշավի շրջանակում «Իմ ընկեր…» շարադրությունների մրցույթը ցույց տվեց, թե որքան բարի, հոգատար ու հասուն կարող են լինել երեխաները:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. «Մենք բոլորս ծնվել ենք սեփական երազանքներով և այդ երազանքներն իրականություն դարձնելու մեր իրավունքով: Ես ու դու ծնվել ենք առողջական խնդիրներով, որոնց ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք մեզ հոգեպես կոտրել, ընկճել, մեր մեջ արմատացնել այն թյուր և անարդար ըմբռնումը, որ պետք է առանձնացված լինենք հասարակությունից: Հիշիր` սա միայն մեր պայքարը չէ, այլ բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքը: Երբեք չմոռանաս, որ խնդիրները տրվում են նրանց, ովքեր կարող են դրանք հաղթահարել…»:

Սա 9-րդ դասարանի աշակերտուհի Աիդա Ալևորյանի մտքերն են, որը նա հանձնել է թղթին` գուցե չպատկերացնելով անգամ, որ հենց իր շարադրությունն է հուզելու Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և արժանանալու նրա հատուկ մրցանակին:

Омбудсмен Армении Арман Татоян во время церемонии награждения победителей конкурса сочинений по теме Мой друг (18 ноября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Արման Թաթոյան

Ներառական կրթությունը խրախուսելու համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս տարվա հոկտեմբերին #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթ էր հայտարարել, որի արդյունքներն ամփոփվել էին օրերս, իսկ այսօր հայտարարվեցին հաղթողների անունները։ «Փոխիր աշխարհը» իրազեկման արշավը միտված է նրան, որ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները` անկախ իրենց ֆիզիկական ունակություններից, կարողանան գտնել միմյանց հետ երկխոսության թեմա, ապրեն իրարով ու մեկը մյուսին լիարժեք դարձնեն: Արշավի շրջանակում հանրակրթական տարբեր դպրոցների երեխաներ պատմում են իրենց ընկերների առանձնահատկությունների, ներառական կրթության կարևորության և այն մասին, թե ինչպես փոխվեց իրենց կյանքը, երբ ներառական կրթության շրջանակում իրենց դասարան եկավ այս կամ այն երեխան:

Մինչ երեխաներն անհամբեր սպասում էին, որ բեմից հնչի իրենց անունը, լայն ժպիտով բեմ բարձրացավ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մեր պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը: Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա կրթական համակարգից: Մենք պետք է կոտրենք հաստատված կարծրատիպերը և ընդունենք երեխաների առանձնահատկությունները, ընդունենք, որ նրանց ներուժը մեծ է»,- ասաց Թաթոյանը, և նրա խոսքն ընդհատվեց բուռն ծափահարություններով:

Մրցույթի մասնակիցները, որոնց թվում կային նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ, մեծ ոգևորվածությամբ էին լսում Թաթոյանին։ Նրանց ոգևորություն էլ ավելի մեծացավ, երբ անվասայլակով բեմ բարձրացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա վերհիշեց, թե ինչպես էր 20 տարի առաջ իր առաջին քայլերն անում ՀՀ-ում ներառական կրթության համակարգը ներդնելու համար: Նախարարը տեղեկացրեց, որ այդ տարիներին դպրոցներում սեմինարներ էր կարդում ուսուցիչների և աշակերտների համար:

Министр труда и социальных вопросов Заруи Батоян во время церемонии награждения победителей конкурса сочинений по теме Мой друг (18 ноября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Զարուհի Բաթոյան

«Ցավոք սրտի, ինձ բախտ չի վիճակվել սովորել հանրակրթական դպրոցում, ես սովորել եմ տանը: Իմ դասղեկի և ուսուցիչների շնորհիվ ունեցել եմ դասընկերներ, որոնք հաճախակի այցելում էին ինձ»,- փոքր-ինչ հուզված ասաց Բաթոյանը և հավելեց, որ մինչ օրս էլ իրեն օգնում են ընկերները, աշխատակիցները, քանի որ նա շարունակում է միջավայրային արգելքների բախվել:

Նախարարի անկեղծ խոստովանությունից հետո բեմ բարձրացավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ նման միջոցառումները ստիպում են օրվա վազքի մեջ մի պահ կանգ առնել ու մտածել ավելի բարի, ավելի կարեկցող դառնալու մասին:

Депутат Наира Зограбян во время церемонии награждения победителей конкурса сочинений по теме Мой друг (18 ноября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նաիրա Զոհրաբյան

Այս արշավին հենց սկզբից միացել է հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը: Նա բեմում էլ չկարողացավ զսպել արցունքները:

«Ես հանդիպել եմ հաշմանդամություն ունեցող շատ անձանց, ու նրանք մեզնից ավելի լավն են, ավելի բարի, ներողամիտ ու ամենակարևորը շնորհակալ լինել գիտեն: Տարիների ընթացքում հասկացել եմ, որ չկան ֆիզիկական թերություններ, կան մտքի, սրտի, հոգու հաշմանդամություններ: Այսպիսի երեխաները ուղարկվել են մեզ երկնքից, որպեսզի մենք հասկանանք, թե ով ենք մենք ու ձգտենք դառնալ բարի»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել էր ավելի քան 700 շարադրություն Երևանից և մարզերից: Առանձնացվել էին երեսունը: Խրախուսական մրցանակի արժանացան քսան աշակերտ, հատուկ մրցանակի` հինգը:

5–րդ հորիզոնականը զբաղեցրեց 11 տարեկան Տիգրանը Մելքոնյանը, որը գրել էր իր ընկեր Սամվելի մասին:

«Երբ սեպտեմբերի մեկին մեր սիրելի կրթօջախն իր դռները բացեց մեր առջև, իմ ուշադրությունը գրավեց մուտքի թեքահարթակը. նոր էր, նախկինում չկար: Ուրախությամբ մտածեցի, որ ձմռանը կսահենք: Անսովոր վիճակ էր, բայց դա կարճ տևեց : Մեկ-երկու դասամիջոց, ու շատ արագ մտերմացանք: Գտանք այն խաղը, որը հարմար կլիներ նաև Սամվելին: Կորցրինք դասարանում վազվզելու մեր սովորությունը...»:

Тигран Мелконян (5 место) и Кристине Сафарян (4 место) на церемонии награждения победителей конкурса сочинений по теме Мой друг (18 ноября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Մելքոնյանն ու Քրիստինե Սաֆարյանը

4-րդ հորիզոնականում Քրիստինե Սաֆարյանն էր իր դասընկերոջ պատմությամբ. «Հանկարծ բեմում լսվեց մի հրաշալի ձայն. սև ակնոցով մի տղա մոր մասին տխուր, բայց գեղեցիկ երգ էր երգում: Բոլորը շունչները պահած վայելում էին նրա կատարումը: Տղայի ձայնը հուզմունքից դողում էր, ձեռքում բռնած բարձրախոսը՝ նույնպես: Երբ երգը լռեց, ամբողջ դահլիճը թնդաց ծափահարություններից, ու բոլորը սկսեցին վանկարկել Ռո-միկ, Ռո-միկ…»:

3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Զարուհի Ոսկանյանն իր հուզիչ շարադրությամբ. «Ես առաջին դասարան հաճախել եմ 9 տարեկանում: Անկեղծ ասած, մտավախություն ունեի, որ ինձ լավ չեն ընդունի: Մայրս էլ չէր արտահայտվում, բայց զգում էի, որ նա ևս անհանգիստ է: Մենք ուժ ու հավատ գտանք մեր մեջ, հասկացանք, որ պետք է առաջ նայենք ու հավատը չկորցնենք: Ես հաճախեցի դպրոց: Ինձ ընդունեցին հոգատարությամբ, ուշադրությամբ, ասես ես իմ տանն էի: Դասընկերներս ինձ դարձան հարազատ քույր և եղբայր, ուսուցիչներս՝ հոգատար ծնող: Երբեք չպետք է հույսը կորցնել, պայքարել է պետք...»:

Заруи Восканян (3 место) на церемонии награждения победителей конкурса сочинений по теме Мой друг (18 ноября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Զարուհի Ոսկանյան

2-դ հորիզոնականում կենսուրախ ու աշխույժ Սոնա Հակոբյանն էր իր խենթ պատմությամբ ու անսահման բարությամբ:

«Սկզբում Լիզը նեղվում էր լսողական սարքի համար: Մի երեկո տանը շոկոլադի պլաստիկե տուփից նմանատիպ հարմարանք պատրաստեցի և առավոտյան ներկայացա Լիզին: Դասարանը ծիծաղից ուշքի չէր գալիս, իսկ Լիզը ավելի բարձր էր ծիծաղում: Նա համարձակ է, ուժեղ, խելացի, երբեք չի հոգնում, իսկ իմ փնթփնթոցից բարկանում է, միշտ ոգևորում է ինձ: Լիզն իմ հերոսը դարձավ, խորհրդատուն, լավագույն ընկերը...»:

Сона Акопян (2 место) на церемонии награждения победителей конкурса сочинений по теме Мой друг (18 ноября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Սոնա Հակոբյան

Երբ աղջնակին բեմ հրավիրեցին` մրցանակները ստանալու, նա համարձակ մոտեցավ բարձրախոսին ու հայտարարեց, որ ասելիք ունի:

«Ես ցանկանում եմ մեջբերել Ռաքել Պալասիոյի «Հրաշքը» վեպից. «Ճակատագիրը միշտ ժպտում է խիզախներին»: Ցանկանում եմ իմ ընկերներին մաղթել, որ լինեն խիզախ ու երբեք չհանձնվեն»,-ասաց Սոնան ու ժպիտով իջավ բեմից` հավանաբար իր արդեն անփոխարինելի ընկերուհու՝ Լիզի մոտ:

Աշխարհը «տեսնել» առանց տեսնելու, կամ ինչպես են կույրերը «բացում» տեսնողների աչքերը

1-ին հորիզոնականում հայտնվեց Լուիզա Սարգսյանն իր անչափ հուզիչ, սովորեցնող ու կյանք տվող շարադրությամբ. «Ու քանի որ ազատ էր իմ նստարանը, նա նստեց կողքիս: Մեզնից ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչքան արագ մտերմացանք ու ընկերացանք: Մենք միասին նկարում էինք թղթե նավակներ, ինքնաթիռներ պատրաստում և ուրախանում նրանց թռիչքով: Նրա ինքնաթիռներն ավելի գեղեցիկ էին ստացվում ու ավելի երկար էին մնում օդում: Ճիշտ է` Դանին ամեն ինչ դանդաղ է անում, բայց նա առանձնահատուկ է. կարծես ունենա հրաշագործ մատներ»:

Луиза Саркисян (1 место) на церемонии награждения победителей конкурса сочинений по теме Мой друг (18 ноября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Լուիզա Սարգսյան

Փոքրիկ Լուիզա իր ընկերոջ մասին ավելի մանրամասն պատմեց Sputnik Արմենիային։

«Ես գրել եմ իմ դասընկերոջ` Դանիի մասին, որը շարժվում է հենակներով: Նա շատ խելացի է, բարի սիրտ ունի: Ընդամենը շաբաթներ անց մենք հասկացանք, որ չպետք է նրան առանձնացնենք մեզնից և պետք է իր հետ ընկերություն անենք: Մեր դասարանում բոլորն էլ օգնում են Դանիին` հատկապես աստիճաններից օգտվելու համար, չէ՞ որ նա մեր ընկերն է, իսկ ընկերներին նեղության մեջ օգնում են»,- ասաց Լուիզան:

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

Նշենք, որ 2018 թվականի տվյալներով` Հայաստանում առկա 1464 դպրոցներից միայն 291-ն են պաշտոնապես համարվում ներառական կրթություն իրականացնող: Սա կազմում է առկա դպրոցների մոտ 20 տոկոսը: Այս դպրոցների մեծ մասը Երևանում են։ Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) համաձայն` 2016թ․ դրությամբ Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան 8016 մարդ: 2012թ. ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտարարել էր, որ այլևս գոյություն չեն ունենալու ներառական կրթություն իրականացնող և չիրականացնող դպրոցներ: Այսինքն` Հայաստանում գործող բոլոր հանրակրթական դպրոցները մինչև 2025թ. պետք է դառնան ներառական, հասանելի և մատչելի բոլոր երեխաների համար։

Ըստ թեմայի

Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից
«Դուք եք ինձ ուժ տվողը». առանց աջ ձեռքի հայ սպան կրկին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն
Հաշմանդամություն ունեցող հայուհու ձեռքբերումը պետք է վարակիչ լինի բոլորի համար. Թաթոյան
թեգերը:
շարադրություն, ՀՀ ՄԻՊ, Հայաստան

Գլխավոր թեմաներ