06:56 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Սիրիայի հայկական եկեղեցին

Սիրիայի հայկական եկեղեցին Թուրքիայի և քրդերի համար տեղեկատվական պատերազմի հարթակ է դարձել

© AFP 2018 / GEORGE OURFALIAN
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
95 0 0

Թուրքիայի իշխանությունն ու ԶԼՄ–ները հայտարարել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում հայկական եկեղեցու բացման մասին, իսկ քրդերը վանդալիզմի և ապատեղեկատվության մեղադրանքներ են հնչեցնում։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Սիրիայի Թել Աբյադ քաղաքում գտնվող հայկական եկեղեցին կրկին հայտնվել է Թուրքիայի և Սիրիայի քրդերի տեղեկատվական դիմակայության կենտրոնում։

Հոկտեմբերի երկրորդ կեսին Թուրքիայի պետական և կառավարամետ ԶԼՄ–ները փորձել էին Թել Աբյադի հայկական եկեղեցու միջոցով ցույց տալ քրդերի «իրական դեմքը», դրա համար նրանք սկսել էին նպատակաուղղված ապատեղեկատվություն տարածել (Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր այս մասին)։ 

Եվ ահա այդ նույն եկեղեցին լրատվական դիմակայության նոր ալիքի թեմա է դարձել։

Թուրքիայի ՊՆ–ն նոյեմբերի 9-ին ցույց է տվել, թե ինչպես է վերանորոգվում «YPG/PKK ահաբեկչական խմբավորումների վնասած» հայկական եկեղեցին։

​Թուրքական Anadolu գործակալությունը, բնականաբար, շարունակել է պնդել, որ ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG/SDF) հայկական եկեղեցին ռազմական շտաբի էին վերածել։

Anadolu–ն գրել է նաև, որ նոյեմբերի 10-ին եկեղեցին դռներն է բացել պատարագի համար, և Թել Աբյադում ապրող հայերը եկեղեցի են գնացել, մոմեր վառել ու աղոթել։ Մեջբերել է նաև հայկական համայնքից ոմն «Ումա Իլյասի» խոսքերը, թե «Թուրքիայի շնորհիվ իրենք կրկին կարող են եկեղեցի գալ»։

Այս ամենն արդեն տեսաձայնագրության տարբերակով և գրեթե նույն տեքստով ցուցադրել է թուրքական TRT հեռուստաընկերությունը։

​Այդ ֆոնին հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ հայկական եկեղեցին թալանվել է` այնտեղ թուրքամետ զինյալների և Թուրքիայի ԶՈւ–ի մուտք գործելուց հետո։

Al AaN TV լրատվական հեռուստաընկերության լրագրող Ջենան Մուսան էլ հայկական եկեղեցուց բացառիկ լուսանկարներ է հրապարակել` գրելով, որ եկեղեցին վերջերս թալանել են Թուրքիայի աջակցությունը ստացող սիրիական խմբերը։

​Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ թալանն ու վանդալիզմի ակտերը տեղի են ունեցել հոկտեմբերի 31-ին։

Լուսանկարներն ու հաղորդագրությունները տարածել են քրդերն ու նրանց աջակցող օգտատերերը։ Նրանք պնդում են, որ հայկական եկեղեցու վերանորոգման և բացման մասին թուրքական իշխանության հայտարարությունները հերթական ապատեղեկատվություն են. ինչպես դա արդեն եղել է նախկինում (ընթերցեք մեր առաջին նյութն այս թեմայի վերաբերյալ)։

Նշենք, որ հայերը Թել Աբյադը լքել են Թուրքիայի ներխուժումից առաջ։ Ավելի ուշ հաղորդագրություններ տարածվեցին, որ նրանց թույլ չեն տալիս դարձյալ մուտք գործել քաղաք։

Կամիշլիի հայկական եկեղեցու մամուլի քարտուղար Հակոբ սարկավագ Պարսումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայերին թույլ չէին տալիս մտնել Թել Աբյադ։

«Շուրջ 10 օր առաջ նրանց թույլ տվեցին քաղաք վերադառնալ։ Այն անձանց տվյալներով` աղբյուրներով, լուրերով և հաղորդագրություններով, որոնք եղել են այնտեղ և վերադարձել եկեղեցին պահպանում է իր տեսքը (նստարաններն ու այլ կահույքը) այնպես, ինչպես եղել է մինչ ներխուժումը։ Գուցե պատռած լինեն մի քանի կտավ, բայց դա ոչինչ», – ասաց Պարսումյանը։

Քաղաքն ավելի վաղ լքած որոշ հայեր, նրա խոսքով, իրենց տներ ու տարածքներ են վերադարձել ստուգելու։

Ինչ վերաբերում է թուրքական կադրերում հայկական եկեղեցում աղոթող մարդկանց, ապա Պարսումյանի խոսքով` մյուս քրիստոնյաներն այնտեղ չեն գնում։

«Նրանք իրենց եկեղեցիներն ունեն և կարող էին այնտեղ գնալ։ Համոզված եմ, որ մյուս քրիստոնյաները մոմ չեն վառի հայկական եկեղեցում», – նշեց Պարսումյանը։

Նրա կարծիքով` տեսաձայնագրությունները դժվար թե բեմադրված լինեն։

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1923 թվականին` Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիա տեղափոխված հայերի կողմից։

Գործողություն Սիրիայում. ռուսական դեսանտն իջել է նախկին ամերիկյան բազա. տեսանյութ

Ըստ թեմայի

Ռազմաբազաների զինում. ԱՄՆ–ն բեռնատարներ է ուղարկել Սիրիա
Փաշինյանն ու Կոնտեն անդրադարձել են Լիբանանի, Սիրիայի ու Ղարաբաղի խնդիրներին
Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ–ն Սիրիայում. Լավրովը հայտարարություն է արել
թեգերը:
քուրդ, Եկեղեցի, Թուրքիա, Սիրիա

Գլխավոր թեմաներ