13:55 07 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (46)
517660

Գյումրեցիներից շատերի նման Ասատրյանների համար 88 թվականը վերածնվելու, մահվան դեմ պայքարելու ու փորձությունների տարի դարձավ։ Այսօր էլ նրանք չեն կարողանում առանց արցունքների հիշել այդ օրերը։ Ներկայացնում ենք մի պատմություն, որը շատերի համար կարող է անհավանական թվալ։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Դուխիկն ու Հրանտը մեկ տարվա ամուսիններ էին, բոլոր երիտասարդների նման երազում էին երջանիկ ու ամուր ընտանիք ունենալ: 1988 թվականի նոյեմբերի 15-ին ծնվեց առաջնեկը՝ Աշոտը, և երիտասարդների` ամուր ընտանիք ունենալու երազանքն ավելի ամրապնդվեց, բայց վրա հասավ դեկտեմբերի 7–ը։

Родители Ашота: Грант и Духик Асатряны в день свадьбы
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հրանտ և Դուխիկ Ասատրյանները

Տանը երկուսով էին՝ մայրն ու որդին։ Փոքրիկն ընդամենը 22 օրական էր: Երբ գրանցվեց առաջին ցնցումը, 21–ամյա կինը բնազդաբար գրկեց որդուն ու փորձեց փախչել: Թե ինչ տեղի ունեցավ հետո, ինչպես փլվեց Անտառավան թաղամասում գտնվող իրենց 5–հարկանի շենքը, ու իրենք էլ հայտնվեցին փլատակների տակ, կինն աղոտ է հիշում:

Ինչպես Սպիտակի երկրաշարժը փոխեց ռուս լուսանկարչի կյանքը

«Մութ էր, երեխան լացում էր, ոտքերս սաստիկ ցավում էին, խեղդվում էի փոշուց: Որդիս ծածկոցով էր փաթաթված: Ծածկոցն այնպես արեցի, որ շատ փոշի չշնչի։ Ձեռքով պահեցի, որ վրան քար չընկնի: 21 տարեկան էի, չէի հասկանում` ինչ է կատարվում»,- պատմում է կինը և ավելացնում, որ մինչ այդ դեպքը կոմպոտներ շատ էր սիրում, հատկապես`դեղձի ու բալի։ Բայց փլատակների տակ, երբ աչքերը փակում էր, և խեղդող ծարավի պատճառով աչքի առաջ էին գալիս կոմպոտները, ինքն ընտանիքի անդամներից կոմպոտ էր ուզում, ու ոչ մեկը չէր տալիս։ Դրանից հետո մինչ օրս կինը կոմպոտ չի սիրում: Հենց այդպես առանց հաց ու ջրի մայրն ու որդի մնացին 4 օր:

«Ուզում էի որդուս կերակրել, բայց հետո մտածեցի՝ մեկ անգամ կերակրեմ, բա հետո՞…»,– հիշում է կինը:

Որդին անընդհատ լացում էր, ու երիտասարդ մայրը ոտքի վնասվածքի պատճառով չէր կարողանում որևէ բան անել: Ցավից երբեմն ուշագնաց էր լինում, հետո կրկին գիտակցության գալիս ու փորձում էր օրորելով հանգստացնել տղային:

Ашот Асатрян в возрасте 9 месяцев
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աշոտ Ասատրյանը

Այդ ընթացքում փլատակների տակ ձայներ էին հասնում, իսկ որդին շարունակ լացում էր: Կինը բղավում ու օգնություն էր խնդրում. «Օգնե՛ք, բայց զգուշ եղեք. այստեղ երեխա կա»: Իրենց հարազատներին փնտրող ու դեռ գտնելու հույսը չկորցրած ընտանիքի անդամները այդ ամբողջ ընթացքում հերթապահում էին փլատակների մոտ:

«Օգնության էին եկել Արտաշատի Դվին գյուղից։ Թաթոս անունով երիտասարդ էր օգնողը»,– հիշում է Դուխիկի ամուսինը՝ Հրանտը:

Աշոտի լացի ձայնով գտան փլատակի տակ հայտնված հարազատներին, փոքրիկ անցքից հաջողվեց դուրս բերել որդուն, իսկ մորը հանեցին մոտ 8 ժամ անց:

Родители Ашота: Грант и Духик Асатряны
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հրանտ և Դուխիկ Ասատրյանները

Բայց աղետից փրկված ընտանիքին մեկ այլ փորձություն էր սպասում: Բոլոր հարազատներին խորհուրդ տվեցին հանկարծ չխոսել ու հարցեր չտալ կնոջը, և մորն ու որդուն տեղափոխեցին Գյումրու թիվ 1 հիվանդանոց: Այնտեղ որոշվեց բաժանել նրանց և տեղափոխել տարբեր հիվանդանոցներ: Տեղափոխելուց առաջ երիտասարդ կինը մտածեց, որ որդուն կարող են տեղափոխել ավելի անվտանգ տեղ ու իր հայրական տան հասցեն և իր հոր անուն–ազգանունը գրել տվեց՝ Սարոյան Ֆրունզ, բայց հիվանդանոցում շփոթեցին ու տղայի իրական անվան՝ Ասատրյան Աշոտի փոխարեն գրեցին Սարոյան Ֆրունզ:

Դրանից հետո կնոջ վիճակն ավելի վատացավ, նրան տեղափոխեցին Երևան, անդամահատեցին ոտքը: Այդ ընթացքում տղային թոքաբորբի պատճառով մեկ այլ հիվանդանոց տարան: Ամուսինը 10 օր շարունակ փորձեց փոքրիկին գտնել Երևանի հիվանդանոցներում: Եղավ բոլոր հիվանդանոցներում, այդ թվում նաև` Արաբկիրի մանկական հիվանդանոցում: Ոչ մի տեղ Ասատրյան Աշոտ անունով երեխա չգտավ: Հուսահատված որոշեց կրկին նայել կնոջ փաստաթղթերը և այդ ժամանակ հասկացավ, որ Դուխիկի անվան տակ նրա հարազատների հասցեն է գրված, իսկ որդու անուն–ազգանվան փոխարեն՝ աներոջ անուն–ազգանունը:

Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին

10 օր անց Արաբկիրի մանկական հիվանդանոցում Հրանտին հաջողվեց տեղեկանալ, որ Սարոյան Ֆրունզ անունով տղան այնտեղ է: Հիվանդանոցում բուժանձնակազմը հորը մեկ այլ փորձության ենթարկեց՝ առաջարկելով հիվանդանոց տեղափոխված երեխաների մեջ գտնել իր որդուն: Հրանտն անմիջապես՝ առանց երեխայի անվանական պիտակը տեսնելու, դիմագծերին նայելով, կանգնեց դեռ քառասուն օրականը չբոլորած որդու գլխավերևում:

Ընտանիքը շատ դժվարությունների միջով անցավ, բայց երկրաշարժից 6 տարի անց, ոտքից զրկված ու դժվարությամբ տեղաշարժվող երիտասարդ կինն իր մեջ ուժ գտավ ու լույս աշխարհ բերեց դստերը՝ Մարիամին:

Աշոտն արդեն 30 տարեկան է, սեփական ընտանիքն ունի՝ դուստր ու որդի: Մասնագիտությամբ խառատ է: Մայրն ասում է` ոսկե «բիլազուկ» ունի: «Աստված տղայիս պահեց, հիմա էլ ինքը մեզ է պահում»,- ասում է Դուխիկը:

Ашот Асатрян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աշոտ Ասատրյան

Ասատրյանների ընտանիքի պատմությունը շատերի համար կարող է անհավանական թվալ, բայց սա իրական պատմություն է երկրաշարժից փրկված մի ընտանիքի մասին, որն Աշոտի մորական պապի անուն–ազգանունով պիտակը սրբությամբ պահում է ընտանեկան ալբոմում:

Бирки
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աշոտի մորական պապի անուն–ազգանունով պիտակը
թեմա:
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (46)

Ըստ թեմայի

30 վայրկյանում ավերված քաղաք։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը
1988, դեկտեմբեր. բացառիկ կադրեր երկրաշարժի գոտուց
Դեկտեմբերի 7–ին նա դարձել էր 7 տարեկան. անավարտ ծննդյան օր Սպիտակում
թեգերը:
Սպիտակի երկրաշարժ 1988, Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ