07:29 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
37620

Հայաստանը մտադիր է շարժական և լավ հագեցած բանակ ստեղծել։ Այդ ճանապարհն անհնար է պատկերացնել առանց ռազմաօդային (ՌՕՈՒ) զարգացման։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանի` բազմաֆունկցիոնալ Սու-30 կործանիչներ գնելու փաստը ռազմական ոլորտի ամենաաղմկահարույց իրադարձություններից է։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչ են դրանք իրենցից ներկայացնում։

Այն, որ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները արդեն Հայաստանում են, 2019թ–ի դեկտեմբերի 27–ին հայտնեց և նույնիսկ ցուցադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առայժմ դրանք չորսն են, բայց պաշտպանության նախարարությունը վստահեցնում է`  մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։

Կործանիչներ ձեռք բերելը բավական թեժ (և դեռևս չդադարող) վեճեր է առաջացրել նպատակահարմարության առումով։ Քննադատներն կարծում են, որ այդ գումարով (ոչ պաշտոնապես` մոտ 25 միլիոն դոլար) կարելի էր այլ «բարիք» գնել, երկրորդ՝ կարելի էր ավելի «թեթև» ինքնաթիռներ գնել ինչպես կշռով, այնպես էլ գնով։ Դե իսկ կողմնակիցները ղեկավարում են ՊՆ–ն։

Դեռ ապրիլին ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական  գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում և A կետում, հանդիպելով սադրանքի, հարված հասցնել ոչ միայն B կետում, այլ նաև C, D, E կետերում։

Ամենայն հավանականությամբ, ինքնաթիռներ գնելն այդ պնդումը գործնականում հաստատելն էր։

Փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ, եթե ՊՆ–ն ռազմական դոկտրինը փոխելու ընթացք է որդեգրել, ապա Սու-30–ի գնումը լավագույն տարբերակն է։

«Շարժական և լավ սպառազինված բանակի մոդելին անցնելն անհնար է առանց ռազմաօդային ուժերի։ Եթե շեշտը դնենք տեխնիկայի վրա, ապա տվյալ պահին հակառակորդին խոցելու և շատ հարցեր լուծելու ամենաարդյունավետ, ճկուն միջոցը ՌՕՈՒ–ն է։ Բավական է հետևել աշխարհում ընթացող վերջին հակամարտություններին», – ասաց Հարությունովը։

Նրա խոսքով` եթե չորս Սու-30 գնելը դառնա ՌՕՈՒ զարգացմանը նպաստող և ռազմական դոկտրինը փոխող առաջին քայլը, ապա այդ գործընթացը (բավական երկարատև) կարող է հանգեցնել բավական «հետաքրքիր» արդյունքների։

Վերջերս Հայաստանը գնել է նաև «Տոր» զենիթահրթիռային համակարգեր։ Դրանց փոխգործակցությունը Սու-30–ի հետ մշակվել է Սիրիայում մարտական պայմաններում։

Մյուս կողմից, Հարությունովի խոսքով, այս քաղաքականության արդյունավետությունը կախված է նրանից, թե որքան կբավականացնեն փոփոխություններն առաջ տանելու կամքը և միջոցները։

«Մենք անցում ենք կատարում բանակի, որը համապատասխանում է ժամանակակից օպերատիվ և մարտավարական պայմաններին։ Պետք է հաշվի առնել, որ նման անցում իրականացնող երկրները տնտեսապես ուժեղ և հաջողակ պետություններն են», – նշեց փորձագետը։

Այնպես որ Հայաստանի առջև միանշանակ կդրվի ռեսուրսների հարցը։ Մյուս կողմից դա չի նշանակում, որ պետք չէ գնալ նման ճանապարհով։ Այդ պայմաններում պետք է զարգացնել տնտեսությունը։

Ինչ վերաբերում է հենց Սու-30–ին, ապա, նրա խոսքով, հնչել են առաջարկներ, որ Հայաստանի համար ավելի թեթև կործանիչի տարբերակը կարող է ավելի նախընտրելի լինել ` հաշվի առնելով փոքր չափերը։ Սու-30–ն ավելի ծանր և թանկ տարբերակ է, բայց այստեղ կան մի քանի այլ պահեր։

«Ենթադրվել է, որ մենք ինքնաթիռներ կգնենք Ռուսաստանից, որտեղ վերջին տարիներին զարգանում է ծանր կործանիչների հատվածը։ Եվ քանի որ Սու–30–ը հիմա ռուսական ՌՕՈՒ-ի հիմնական կործանիչն է, ապա զանգվածային արտադրության հաշվին դրա գինը փոխվել է։ Կա դրանց սպասարկման փորձ, ուստի դա ազդում է նաև սպասարկման ծախսերը նվազեցնելու վրա։ Նման պայմաններում այն լավագույնն է», – ասաց Հարությունովը։

Ինչ վերաբերում է մարտական հնարավորություններին, ապա դրանք, ըստ Հարությունովի, բավական մեծ են։ Դա ծանր կործանիչ է, ինչն ավելի շատ սպառազինություն կրելու, ավելի երկար թռչելու, հակառակորդի տարածքում ցանկացած թիրախ խոցելու հնարավորություն է տալիս։

Մեր կողմից նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` Ռուսաստանը ծրագրում է Էրեբունու բազայի ՄԻԳ-29–երը փոխարինել Սու–30ՍՄ–ով։ Համենայնդեպս, բազայում դեմ չեն։

Հայաստանում ռուսական Սու–30–ի առկայությունը և դրանց սպասարկման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը մեխանիկորեն նվազեցնում են սպասարկման արժեքը նաև հայկական ինքնաթիռների համար։

Այսպիսով սպասարկումը ծանր բեռ չի դառնա հայկական պաշտպանական բյուջեի համար։ Փոխարենը Հայաստանը կստանա ինքնաթիռներ, որոնք կարող են Ադրբեջանի տարածքում խոցել ցանկացած կետ։

Ի դեպ, վարչապետի՝ Սու-30–ի առաքման մասին «պրեմիերայից» առաջ Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՊՆ՝ առաքումների ժամկետների և հայկական ՌՕՈՒ ապագայի մասին։

Գերատեսչությունից պատասխանել էին, որ աշխատելու են հրթիռային, հրետանային խոցման զինանոցն ավելացնելու, ՀՕՊ–ը և բազմաֆունկցիոնալ ավիացիան զարգացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք նաև, որ կործանիչներ առաքելու պայմանագիրը ստորագրելու մասին առաջինը հայտնել էր Sputnik Արմենիա գործակալությունը։

Ըստ թեմայի

Հայաստանը կշարունակի զինվել գերճշգրիտ հրթիռներով և բազմաֆունկցիոնալ ավիացիայով
Ինքնաթիռներ, սնունդ, աշխատավարձ և ոչ միայն․ ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար
Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը
Ադրբեջանական ԶՈւ–ն մասամբ Վրաստանի տարածք է անցել. Արտակ Դավթյան
թեգերը:
Զենք, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ