14:22 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը շուրջ երկու ժամ քննարկում էր ՀՀ քաղաքացիների ու բիզնեսի չմարված վարկերը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է մարել բանկերում ու վարկային կազմակերպություններում կուտակված, «անհուսալի» ճանաչված վարկերը։ Սրանք այն վարկերն են, որոնք վարկառուն ի վիճակի չէ մարել ու որոնց մայր գումարի վրա շարունակում են տոկոսներ ու տույժեր կուտակվել։

«Բանկերն ու վարկային կազմակերպությունները կկարողանան որոշակի մարման պարագայում ներում իրականացնել։ Անձի համար սա մոտիվացիա է գոնե որոշակի մարում կատարելու։ Մյուս կողմից բանկերն ու վարկային կազմակերպություններն էլ որպես հարկային մուտք գոնե որոշակի գումար կապահովեն»,– այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխությունների առաջարկը ներկայացնելիս, ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Օրինագծի հեղինակների դիտարկմամբ`  ներված վարկի, տոկոսագումարների ու տույժերի համար այսօր վարկառուն վճարվում է շահութահարկ ու եկամտահարկ, քանի որ ներկա օրենսդրությամբ ներված վարկը համարվում է եկամուտ ֆիզիկական անձի համար։

«Արդյունքում շատ հարկերի գումարը գերազանցում է փաստացի մարված վարկի գումարը, և պարտավորությունները շարունակում են մնալ չկատարված: Այս պարագայում տուժում են երեք կողմերն էլ՝ բանկն էլ, վարկառուն էլ, պետությունն էլ»,– ասաց Թանդիլյանը։

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է վարկի մայր գումարի մարման դեպքում ներել կուտակված բոլոր պարտավորությունները։

Թե՛ Շվեյցարիայում, թե՛ Հայաստանում բանկերը կատարում են հասարակության պահանջը. Գրիգորյան

Հաշվի առնելով, որ ստեղծված հնարավորությունը կարող է չարաշահվել` օրինագծի հեղինակներն առաջարկում են նման հնարավորություն տալ մինչև 2019թ.–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված վարկերի նկատմամբ։

Իսկ 300 մլն դրամից ավելի վարկերի նկատմամբ այս օրենքը կիրառել միայն Կենտրոնական բանկի համաձայնությամբ։

«Լուսավոր Հայաստանի» հաշվարկով` առաջարկվող կարգավորումը կվերաբերի շուրջ 100 000 վարկառուի:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հիմնականում քննադատեցին նախագիծը` չբացառելով, որ այն չարաշահումների դուռ կարող է բացել անարդար վարկառուների համար ու նաև անարդար կարգավորում է բոլոր բարեխիղճ վարկառուների նկատմամբ։

«Բարգավաճ Հայաստանը» ողջունեց ընդդիմադիր գործընկերոջ առաջարկը։

Վերջին խոսքը բանավեճում հնչեցրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նա նախ հիշեցրեց, որ ի սկզբանե նպատակ էր դրված ներման մեխանիզմը կիրառել միայն գյուղատնտեսական վարկերի նկատմամբ, որոնք սոցիալական տեսանկյունից առավել խոցելի են։ Սակայն քննարկումների արդյունքում որոշվեց ներել նաև մուծման առումով անհնարին դարձած սպառողական վարկերը։ Բայց բիզնես վարկերի մասին, ըստ նրա, խոսք չի եղել։

«Հիմա նախագծով առաջարկվում է կարգավորումը տարածել նաև կազմակերպությունների վրա, որին կառավարությունը սկզբունքորեն դեմ է»,– ասաց փոխնախարարը։

Պողոսյանը նաև նշեց, որ պետության այս քաղաքականությունը տեսնելով` մարդիկ կարող են օգտվել առիթից ու չկատարել իրենց վարկային պարտավորությունները։

Բանկի գործը ռիսկի դիմելն է. հաճախորդները վարկի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու

Այս վարկածը հաստատեց նաև նիստին ներկա ՀՀ ԿԲ ներկայացուցիչը, որը հայտնեց, որ մեկ անգամ ներում ստացած վարկառուներն, ըստ վիճակագրության, հետո շատ ավելի անպարտաճանաչ վարկային վարքագիծ են դրսևորում։

Այսպիսով` ՀՀ կառավարության ներկայացուցիչն առաջարկեց չընդունել «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած նախագիծը։ ԱԺ տնտեսական հանձնաժողովն էլ, անսալով գործադիր մարմնի առաջարկին, մերժեց գործընկերների հեղինակած նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ներառելու նախաձեռնությունը։

Ըստ թեմայի

Հայաստանի իշխանությունը տեղի ընկերություններին կօգնի դուրս գալ բորսա
Ճզմաչյան. Հայաստանին տրամադրվող վարկերի տոկոսները կարող են նվազել
«Բյուջեի կապիտալ ծախսերն աննախադեպ թերակատարվել են». Ավետիսյան
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Իմ քայլը» խմբակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, վարկ, Բանկ, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ